Ոնց որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Սովետը Հիտլերի տվյալներն օգտագործեր

Ոնց որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Սովետը Հիտլերի տվյալներն օգտագործեր

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի տարօրինակ հայտարարությունը 11 հազար դասալիքների վերաբերյալ այդպես էլ մնաց չհիմնավորված։

Պաշտոնյաները խուսափեցին այն մեկնաբանել, աղբյուրը մնաց անհայտ, եթե, իհարկե, այն Իլհամ Ալիևը չէր, որը Աննա Հակոբյանից օրեր առաջ նույն թիվն էր հրապարակել։ 

Իսկ իշխանական իրավաբանները, պարզվում է, այս ողջ ընթացքում մեծ ջանքեր են գործադրել Աննա Հակոբյանի ասած թիվը հիմնավորելու համար, սակայն էշին նստելու ու էշից իջնելու պատմության նման մի բան է ստացվել։ Անգամ եթե հիմնավորեն, որ 11 հազար դասալիք է եղել, ինչպե՞ս պետք է սրանց պատասխանատվության կանչեն, եթե ՀՀ քրեակատարողական հիմնարկները կարող են ընդամենը 5000 մարդ տեղավորել, ու ներկայում այդ 5000 տեղերից 4000-ից ավելին զբաղված է։ Բացի այդ՝ պատերազմից 3 տարի անց այդքան մարդ բռնել-պատժելը խնդրահարույց կարող է լինել։

Եւ ահա այդ պատճառով նաեւ իշխանական իրավաբանները մոգոնել են գործուն զղջալու վերաբերյալ օրինագիծը, որը ներկայացրել է Քննչական կոմիտեն՝ Արգիշտի Քյարամյանը։ Օրենքն այս գրվել է զինվորական գործերով անցնող անձանց համար, որոնց վերաբերյալ առաջիկայում պետք է գործեր հարուցեն, եւ զղջալու հիմքով կարճեն։ Սա էշից իջնելու Արգիշտի Քյարամյանի ճանապարհն  է։ Իսկ էշին նստելն ավելի թանկ է նստելու մեր ազգի վրա։ Հեշտ բան չէ 11 հազար դասալիքի գոյությունը հիմնավորելը։ Դատախազությունը ապրիլին հայտարարեց, որ պատերազմից հետո անցած 5 ամիսների ընթացքում 1786 քրեական վարույթ կա՝ 10 687 անձի վերաբերյալ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ:

Հենց այս թիվն էր Աննա Հակոբյանի և Իլհամ Ալիևի  հայտարարությունների հիմքում։ Բայց նախաքննության ընթացքում այս գործերով անցնող անձինք «մաղվել» են, և արդյունքում դատարան է հասել ընդամենը 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ։ Ուր մնացին մնացած 10 500-ից ավելի դասալիքները, այդպես էլ անհայտ մնաց։ Փոխարենը, Աննա Հակոբյանի հնչեցրած թիվը նպաստեց արտագաղթի նոր ալիքին։ Դասալիքության և այլ նմանատիպ հոդվածներով մեղադրվողների, վարույթներով անցնող անձանց մեծ մասն արտագաղթել է երկրից, քաջ գիտակցելով, որ իրենց պատասխանատվության են ենթարկելու։ 

Մեր տեղեկություններով, դրանցից մոտ 5 տասնյակի վերաբերյալ դատարաններում կան որոշումներ։ Մեծ մասին պայմանական ազատազրկման են դատապարտել, մյուսներին արդարացրել են, մի  մասով էլ վարույթները կարճել են։ Մի նրբություն  էլ կա դասալիքների մասով, և դա ՄՈԲ-ն է, կամավորական հիմունքներով ռազմաճակատ մեկնած անձինք։

Արդյո՞ք նրանց կարելի է դասալիք անվանել։ Այս և թեմային առնչվող մյուս հարցերն ուղղեցինք իրավաբան, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին։ 

- Եթե մարդն ընդգրկված չի զորամասի հաստիքակազմում, կարո՞ղ է համարվել զինվորական։ 

- Եթե մարդը զորամասի հաստիքային կազմում ընդգրկված չի, դու իրավունք չունես նրանից պահանջել զորամասի կարգացուցակին ու հրամաններին ենթարկվել, իսկ արդյունքում էլ զորամասը լքելու համար, որը դասալիքության մի տարր է, իրավունք չունես նրան ենթարկել քրեական պատասխանատվության։ Իրեն հարգող պետություններն այն մարդկանց, որոնք ընդգրկված չեն զորամասերի կազմում, գոնե զանգվածաբար չեն կանչի ռազմաճակատ։ Դա նշանակում է ռազմաճակատում ունենալ անկազմակերպ զանգված, որում կարող են լինել թշնամու լրտեսներ, դիվերսանտներ, որոնց դու պետք է կերակրես, զինես, դրանց համար պետք է նյութական հաշվետվություններ տաս։ 

- Նիկոլական իրավաբանները, Անդրանիկ Քոչարյանը պնդում են, որ այո, 11 հազար դասալիք է եղել։ Սա որքանո՞վ է իրավաբանորեն հիմնավորված։ 

- Դասալքության հանցակազմի առկայության համար մարդը պետք է լքի զորամասը՝ ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով կամ մտադրությամ։ Սա շատ կարևոր նրբություն է։ Այսինքն, եթե զինվորը փախավ, գնաց օրինակ մոր հետ և մի երեկո անցկացրեց, կամ փախավ, գնաց ջուր խմեց, հաց կերավ, եկավ, դա դասալքություն չէ, դա զորամասն ինքնակամ լքելն է, որը մոտիվացիոն առանձնահատկություն ունի, իսկ դասալքությունը վատ բան է, ամոթալի բան է։ Այս իմաստով մենք չեն ունեցել մասսայական դասալքություն պատերազմի ժամանակ։

Եղել են զորամասը լքածներ, վախեցածներ, որոնց եթե բերեիր նորից զորամաս, նրանք կծառայեին։ Մեր ազգի ամոթը մեր դեմ են հանում, դնում, արհեստական ամոթ են ստեղծում, որ իրենց մեղքը թաքցնեն։ Եթե մարդը վախեցել է, զորամասը լքել է, բայց եթե դու նրա հետ նորմալ վարվես, նա կգա, կծառայի, դու իմ ազգի վրա դասալքության խարան մի կախի քո քաղաքական ռեժիմը փրկելու համար։ Չէ, որ ազգը մեծ հոգեբանական հարված է ստանում, մենք առջևում մեծ պատերազմ ունենք։ Ոնց որ երեխան վախեցած գա տուն, դու նրան թեյ տալու փոխարեն ասես՝ մի հատ էլ այնտեղ «բոբո» կա։  

- 11 հազարի մասին ի՞նչ կասեք, որից դատարան է հասել, մեր տվյալներով, 100-ից քիչ ավելի գործ։ Ստացվում է, դրանք ռազմական ոստիկանության խիստ նախնական օպերատիվ տվյալնե՞ր էին։ 

- Դրանք օդից վերցրած, թշնամու տեղեկատվական տվյալներ էին, ոնց որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունը Հիտլերի տվյալներն օգտագործեր։