Ջուլիան Ասանժ. ՎիքիԼիքս. «Գաղտնի թղթապանակներ»

Ջուլիան Ասանժ. ՎիքիԼիքս. «Գաղտնի թղթապանակներ»

Մի շարք անվանի մարդիկ, ականավոր լրագրողներ, որոնց թվում, անշուշտ, խիզախներն այդքան էլ շատ չեն, Ջուլիան Ասանժի ձերբակալությունն ու հանձնումը համարեցին լրագրության պատմության ամենախավար ակնթարթներից մեկը: Ջուլիան Ասանժը, կարելի է ասել, վաղուց հայրենիք չունի՝ Ավստրալիան հրաժարվել է նրանից, Բրիտանիան՝ կալանել, Շվեդիան աղերսում է իրեն հանձնել «բռնաբարության» համար կասկածվող ՎիքիԼիքսի ղեկավարին, ԱՄՆ-ն հարկադրում է Էկվադորին ուղղակիորեն վաճառել լրագրողին, եւ, ինչ խոսք, չի բացառվում, որ էքստրադիցիա պահանջելով՝ կհարկադրի նաեւ Բրիտանիային:

Այդուհանդերձ, Ջուլիան Ասանժն անհայրենիք մեկը չէ: Նրա միակ եւ անվերապահ հայրենիքն ազատ խոսքն է, լրագրությունը: Մեր ժամանակների մեծագույն լրագրողներից մեկին դատավարական ծանրագույն ուղի է սպասվում: Իր հարցազրույցներում Ասանժը քանիցս խոստովանել է, որ ԱՄՆ-ի «անվտանգության» ծառայությունների ձեռքն ընկնելուց վախենում է, եւ դա գրեթե համազոր է մահվան վախին: Իսկապես՝ հնարավոր չէ կանխատեսել, թե մոտ ապագայում ինչպիսի ընթացք կստանա Ասանժի եւ ՎիքիԼիքսի գործը, արդյոք Բրիտանիան կարտահանձնի՞ նրան, ինչպիսի՞ պատիժ կսահմանի ԱՄՆ-ն տարիներով հանրությունից կոծկած սարսափեցնող ճշմարտությունները վեր հանողի նկատմամբ: Իսկ արդեն խոսում են ցմահ բանտարկության, նույնիսկ մահապատժի կիրառման իրական հնարավորություններից:

Օրեր առաջ բրիտանացի ռոք երաժիշտ, «Փինք Ֆլոյդի» հիմնադիրներից Ռոջեր Ուոթերսը դատապարտեց Ասանժի ձերբակալությունը եւ հայտարարեց, որ իր բրիտանացի լինելուց արդեն իսկ ամաչում է, նաեւ մի շարք ակտիվիստներ, որոնց թվում է հայտնի գրող, ձախ գաղափարական, հասարակական գործիչ եւ հրապարակախոս Արունդատի Ռոյը, նաեւ ուրիշներ հայտարարություն տարածեցին, որում իրենց լիարժեք զորակցությունն են հայտնում Ջուլիան Ասանժին՝ բրիտանական արդարադատության մարմիններին հորդորելով գործարքի չգնալ ԱՄՆ-ի հետ եւ անհապաղ ազատ արձակել լրագրողին:

Ջուլիան Ասանժը մի քանի ուշագրավ գրքերի հեղինակ է, որոնց թվում է «ՎիքիԼիքս. գաղտնի թղթապանակներ» հատորը, ուր ծավալուն ներկայացված են ԱՄՆ-ի արտաքին, ներքին քաղաքականության՝ հանրությանն անհայտ կողմերը, ՎիքիԼիքսի գործունեությունն ու դերակատարությունը այդ ամբողջ պարտակած տեղեկատվությունը ստանալու եւ լույս աշխարհ հանելու գործընթացում: Գրքում Ասանժը փաստարկված խորհում է նաեւ կայսրական իշխանության, քաղաքական, ավտորիտար կառույցների, ազդեցիկ կորպորացիաների ձեռքին տեխնոլոգիական գործիքների օգտագործման աղետալի հետեւանքների շուրջ: Եղելություններ, որոնք պարզապես յուրաքանչյուրին են առնչվում: