Հայ-չինական հարաբերությունների «փոշիացվող» ներուժը․ պատմական զուգահեռներ

Հայ-չինական հարաբերությունների «փոշիացվող» ներուժը․ պատմական զուգահեռներ

Չինաստանը՝ իբրեւ գերտերություն, հետզհետե դառնում է ոչ միայն աշխարհի ուժային հզոր կենտրոններից մեկը, այլեւ, թերեւս, հավակնում է վիճարկել նոր աշխարհակարգի գլխավոր բեւեռի տիտղոսը։ Վերջին շրջանում Պեկինի համաշխարհային դիրքի, կշռի ու դիրքորոշման մասին են վկայում Չինաստան միջազգային տարբեր առաջնորդների այցերը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լեյեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, շուտով՝ նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոք եւ այլք։ Ընդունված է ասել, որ սովորաբար ուժեղի մոտ են գնում, նրան հաշվի են առնում ու նրա կարծիքը կարեւորում։

Իսկ ՉԺՀ-ի տեսակետն ու դիրքորոշումն աստիճանաբար դոմինանտ է դառնում նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում․ Պեկինը հանդես է եկել Կիեւի եւ Մոսկվայի միջեւ խաղաղ բանակցությունների եւ խաղաղության հաստատման իր առաջարկներով։ Ավելորդ չէ նշել, որ վերջերս ՌԴ այցելեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, հանդիպեց Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, ում, ի դեպ, ձերբակալելու որոշում էր կայացրել Միջազգային քրեական դատարանը։ Մոսկվայում երկու գերտերությունների առաջնորդները հայտարարեցին դաշնակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու եւ խորացնելու մասին։ 

Ժամեր առաջ էլ հայտնի դարձավ, որ ՌԴ է մեկնում Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն։ Մամուլում հրապարակումներ կան, որ Պեկինը համաձայնել է ռազմական աջակցություն ցուցաբերել Մոսկվային, եւ հավանական է, որ Չինաստանի ՊՆ ղեկավարի այցը հենց դրանով է պայմանավորված։ Փաստորեն, Արեւմուտքին լուրջ հակակշիռ է դառնում Ռուսաստան-Չինաստան դաշինքը, հատկապես՝ ռազմական-ռազմավարական հենքով։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ ներկայիս իշխանությունը՝ հայ-չինական համագործակցության ներուժն օգտագործելու եւ նոր աշխարհակարգում թեկուզ փոքրիկ, բայց կայուն տեղ զբաղեցնելու համար։ Անում է այնքան, որքան մյուս երկրների, անգամ բնական դաշնակիցների դեպքում է անում, այդ թվում՝ Իրանի, Հունաստանի, Հնդկաստանի եւ այլոց հետ՝ փոշիացնելով ահռելի ներուժն ու հնարավորությունները։ 

Պատմականորեն, նորանկախ Հայաստանի տարեգրության մեջ հիշատակելի իրադարձություններ կան․ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 27-ին։ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 6-ին՝ համապատասխան իրավական ակտով։ 1992 թվականից Երեւանում գործում է Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանություն, իսկ 1996 թվականի օգոստոսի 10-ից Հայաստանի դեսպանություն է գործում նաեւ Պեկինում։ Տարբեր տարիներին Պեկին են այցելել Հայաստանի բոլոր ղեկավարները՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ինչը վկայում է մեր երկրի կողմից Չինաստանի հետ հարաբերությունների կարեւորման մասին։ Հիշարժան է նաեւ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանի՝ 1998 թ․ Չինաստան կատարած այցը, որը բավականին լայնորեն լուսաբանվեց, հայտարարվեց Չինաստանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու մասին։ Նշենք նաեւ, որ Սեյրան Օհանյանի եւ Դավիթ Տոնոյանի՝ ՀՀ ՊՆ ղեկավար աշխատելու տարիներին Հայաստան են ժամանել ՉԺՀ ՊՆ պատվիրակությունները՝ ռազմական համագործակցությունը զարգացնելու հեռանկարով։

Այս իշխանությունների օրոք, անցյալ տարվա նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին: Հանդիպման ընթացքում, ըստ ՊՆ հաղորդագրության, քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները: Գեղեցիկ եւ նույնիսկ հավակնոտ է հնչում, բայց միայն աչք շոյելու եւ ինչ-որ հերթապահ տեքստ արտաբերելու համար գրված տողեր։ Արդյունքներն ակնհայտորեն չկան, շոշափելի եւ չափելի չեն, որեւէ կերպ չեն արտացոլվում մեր կյանքի եւ փոխհարաբերությունների վրա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, նույնպես Չինաստան այցելել է, բայց դա 4 տարի առաջ էր՝ 2019-ին։ Այդ ժամանակ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպեց ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: ՉԺՀ նախագահը նշել էր, որ իր երկիրը կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: «Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել էր Սի Ծինփինը: Նրա խոսքով, Չինաստանը հետագայում եւս աջակցություն  կցուցաբերի այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Պեկին այցից, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի հիշողության մեջ չինական բադ ճաշակելու հուշն է մնացել, իսկ Պեկինի մեկնած բարեկամական ձեռքը դեռ օդում է․․․

Հիշենք նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցում Պեկինի դիրքորոշման մասին։ Չինաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով եւ դրա հումանիտար հետեւանքներով։ Այդ մասին դեկտեմբերին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հայտարարության հիման վրա հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։ Իսկ Չինաստանը, չմոռանանք, որ ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից մեկն է։ Կրկին դրական ազդակ Պեկինից՝ առանց ՀՀ-ի կողմից նյութականացվող, գործնական արդյունքների։

Չէ՜, ի՞նչ Չինաստան, ի՜նչ Ռուսաստան, Իրան ու Հնդկաստան, կարեւորը մենք ենք ու Ամերիկան, հա՜, մեկ էլ՝ Ավստրիան, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը։ Այսօր, երբ աշխարհը կառուցում է իր անվտանգային ամրոցը, մենք շարունակում ենք խարխափել ԵՄ դիտորդների, ՀԱՊԿ առաքելության եւ արեւմտյան խոստումների հորձանուտում, իսկ սա կարող է ոչ թե լուրջ հետեւանքներ ունենալ, այլ՝ ճակատագրական ու անդառնալի լինել մի ողջ ազգի համար․․․

Արա Ալոյան