Գյուլնազ տատի հեքիաթների շարքից

Գյուլնազ տատի հեքիաթների շարքից

Հուլիսի 29-ին Արմեն և Սերգեյ Սմբատյանները ձերբակալվել, իսկ հաջորդ օրն էլ կալանավորվել էին առանձնապես խոշոր չափերի խարդախություն կազմակերպելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի՝ հափշտակվել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը։ Այնուհետև կալանավորվել է այդ գործում նրանց հետ փոխկապակցված գործարար Արման Պետրոսյանը: Ով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո, ով նաև հայտնի կառուցապատող է) փեսան է։ Ըստ գլխավոր դատախազության՝ կալանավորված եռյակի գործողությունների հետևանքով պետությանը հասցվել է շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս: Մադաթյանին և նրա փեսային փաստացի պատկանում է Պուշկինի 25 հասցեում (նշված երաժշտական դպրոցի հարևանությամբ) կառուցված բարձրահարկ բնակելի շենքը, որում առկա են նաև ռեստորանային համալիր, սրճարան և այլն: Այդ շենքի վերջին հարկում էլ բնակվում է գործարար Պետրոսյանը:

Ենթադրում եմ, որ Արմեն և Սերգեյ Սմբատյանների անունները 2012 թվականին ընդամենը օգտագործվել է այդ տարածքի օրինական կամ ապօրինի օտարման նպատակով: Չեմ կասկածում, որ հայր և որդի Սմբատյանները նաև շահ են ունեցել այդ գործարքում: Բայց նախ դիտարկենք, թե ովքեր են նրանք: Արմեն Սմբատյան՝ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, Ռուսաստանում և Իսրայելում նախկին արտակարգ և լիազոր դեսպան: Նրա որդին՝ Սերգեյ Սմբատյան, ջութակահար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, 2019 թվականից նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: Հիշենք նաև գործարքի տարեթիվը, որը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների օրոք կառուցապատման նպատակով երևանյան տարածքների օրինական կամ ապօրինի օտարման ժամանակաշրջանի մեջ է մտնում: Ընդ որում, դա այն տարածքն է, որտեղ Նիկոլն առանց ամաչելու շրջում էր այս կամ այն պետությունը ներկայացնող, օտարերկրյա իր հյուրերի հետ: Այսինքն, Սմբատյանների մասնակցությունն այդ գործարքում և նրանց նկատմամբ ընտրված պատիժը, իսկ նախքան դատը կալանավորումը հենց պատիժ է, որ կա, բացարձակ չեն համապատասախանում միմյանց:

Լավ, ենթադրենք, թե 44-օրյա խայտառակ պարտությունից հետո պաշտոնից կառչած Նիկոլի համար կարևորն օրինականության հաստատումն է երկրում՝ առանց անուններին ու վաստակին նայելու: Ըստ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումների՝ երկու թե երեք անգամ Հայաստանից իրականացվել է մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանում Ռուսաստան: Իսկ մաքսանենգությամբ զբաղվելուն օժանդակելը համարվում է կոռուպցիոն գործարք: Նիկոլն էլ, վերհիշենք, իբրև թե պատերազմ է հայտարարել կոռուպցիային: Սակայն ծխախոտի գործով բացահայտումներին չհետևեց որևէ իրավական գործընթաց՝ էլ չասած ձերբակալությունների մասին: Ի դեպ, այդ հարցով Ռուսաստանում քրեական գործեր էին հարուցվել, բայց մենք չիմացանք նաև դրանց հետագա ճակատագիրը: Ինչ-որ ժամանակ անց ընդամենը պաշտոնից ազատվեց մաքսայինի ղեկավարի տեղակալը, որն, ըստ մամուլի հրապարակումների, Նիկոլի կնոջ ընկերուհին էր: Արդեն չեմ հիշում, թե որքան վնաս էր հասցվել պետությանը, բայց կարծում եմ, որ մեկ միլիարդ դրամից պակաս չէր լինի, քանի որ երկու թե երեք անգամ ողջ ինքնաթիռը լցվել էր ծխախոտի տուփերով:

Հիշենք նաև Նիկոլի կողմից ասֆալտապատմամբ անընդհատ ինքն իրեն փիառելը: Մեկ-երկու տարի առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել 8 մետր լայնությամբ ճանապարհի ասֆալտապատման դեպքում լայնքի 10 տոկոսի հաշվին ապօրինի «խնայողություն անելու» երևույթի մասին: Բնականաբար, դրան իրավական որևէ գործողություն չհետևեց, քանի որ այդ թեմայի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չհետևեց: Օրերս էլ երևանցիներից մեկը տեսանյութ էր հրապարակել, թե ինչ աստիճանի անորակ ասֆալտ է փռվում: Չեմ կարծում, թե իրավապահները կհետարքրվեն ասֆալտ փռող ընկերության և այդ աշխատանքն ընդունած գործադիր մարմնի ղեկավարությամբ: Իսկ չհետաքրքրվելը նշանակում է, որ մեկ-երկու տարի անց պետական միջոցների հաշվին նորից ասֆալտ է փռվելու. ահա քեզ պետությանը հասցված վնաս: Այս երկու օրինակները բավարար են, որպեսզի հասկանանք, որ Սմբատյանների գործում կարևորը ոչ թե պետությանը հասցված վնասն է, այլ փիառ նպատակով նրանց հայտնիությունը շահագործելը: Եվ, դրանից բացի մեկ այլ գործոն. այն, այսպես կոչված, ապօրինի անշարժ գույքը նախկինների ձեռքից խլելու գործընթացն է:

Այո, անշարժ գույքն այն մրցանակն է, որի համար իշխանության կողմից հսկայական գործընթաց նախաձեռնվեց խայտառակ պարտությունից հետո: Որովհետև, նախ, դրանով պարտությունից հետո Նիկոլը շարունակաբար զբաղեցնում է անգրագետ ու միամիտ զանգվածին: Անգրագետ ու միամիտ, քանի որ այդ զանգվածը դեռևս սպասում է, որ նախկիններին կուլակաթափ անելով՝ Նիկոլը գումարը բաժանելու է իրենց: Նրանց համար նույնիսկ դաս չեղավ այն հանգամանքը, որ իր իշխանության պահպանման առումով անհրաժեշտ պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկելով՝ Նիկոլն ընդամենը 3 հազար դրամով բարձրացրեց թոշակները: Դա՝ մեկ, և երկրորդ՝ այդ գույքը պետականացնելուց հետո, բնականաբար, բաժանվելու իր շրջապատին: Այդ երևույթը կոչվում է հարստության և ունեցվածքի վերաբաշխում, և այն սովորաբար տեղի է ունենում փողոցի ուժով իշխանափոխությունից հետո: Ու Նիկոլի իշխանությունն էլ բացառություն չէ այդ առումով: Իսկ անգրագետ ու միամիտ ժողովրդին էլ կմնա Գյուլնազ տատի հեքիաթներին ապավինելը: Այդպես էր, չէ՞, Նիկոլի ընտանեկան թերթը ժամանակին ձեռ առնում նմանատիպ երևույթները նախկինների օրոք: