Նիկոլ Փաշինյանը ոչ թե «զեկուցել է», այլ՝ քննարկել

Նիկոլ Փաշինյանը ոչ թե «զեկուցել է», այլ՝ քննարկել

Կառավարության լրատվականն այսօր հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդագրությունը մեկ ժամ անց, սակայն, խմբագրվեց՝ տեքստում փոխելով մի շատ կարևոր նախադասություն․ «ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին»։ Մեկ ժամ անց կառավարությւոնը նոր հաղորդագրություն ուղարկեց նույն թեմայով, որտեղ նշված է․ «Տրվում է նոր խմբագրմամբ, խնդրում ենք օգտագործել այս տարբերակը»։

Իսկ այդ տարբեակը հետևյալն է․ «Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները»։  Առաջին հաղորդագրությունը մեզ ուղարկվել է 14։12 րոպեին, իսկ երկրորոդը՝ 15։22-ին։ Այսինքն՝ կառավարության լրատվականից հանկարծ գլխի են ընկել, որ Փաշինյանը Պուտինին ոչ թե տեղեկատվություն է ներկայացրել, այլ ավելի շատ քննարկել է Պուտինի հետ իր և Ալիևի հանդիպման արդյունքները։

Նշենք, որ առաջին տարբերակի հրապարակումից հետո համացանցում քննադատությունների ալիք սկսվեց, որ Հայաստանի վարչապետը ստորադասի կարգավիճակով զեկուցում է ՌԴ նախագահին իր ամեն քայլը։ Ըստ երևույթին՝ վարչապետի լրատվական ծառայությունը այս քննադատություններից ազդված՝ որոշեց մեկ ժամ անց փոխել հաղորդագրության այդ հատվածը։