Յուրօրինակ «ինտրիգային խաղ»՝ Մոսկվա-Բրյուսել-Երեւան-Բաքու «սիրային քառանկյունում» 

Յուրօրինակ «ինտրիգային խաղ»՝ Մոսկվա-Բրյուսել-Երեւան-Բաքու «սիրային քառանկյունում» 

ՀԱՊԿ Երեւանյան գագաթնաժողովը, ի հեճուկս որոշ կանխատեսումների, սենսացիոն որոշումներով աչքի չընկավ, որոնք կուղենշեին Անդրկովկասում դաշինքի քաղաքականության ուրվագծերը, որտեղ որ պետք է ձեւակերպվեին նոր աշխարհաքաղաքական իրողությունները։ Այն նաեւ «սկանդալային» անվանել չի կարելի, ինչպես որոշ փորձագետներ են փորձում ներկայացնել այն, մատնանշելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացված 17 փաստաթղթերից երկուսը չստորագրեց, որքան էլ, որ ՀԱՊԿ պատմության մեջ Փաշինյանի արածն աննախադեպ էր։ 

Հայաստանի վարչապետն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ եւ ֆորմալ առումով՝ նա ճիշտ է, ինչպես գրում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնումում» հրապարակած իր հոդվածում։ Վերլուծելով ընդհանուր իրադրությունն ու հայ-ադրբեջանական սեպտեմբերյան սրացումը, ռուս վերլուծաբանը կարծում է, որ Մոսկվան, ըստ էության, կորցնում է իր վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ, չնայած որ ակտիվ ջանքեր է ներդնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ հարակից մյուս հայտարարությունների ամբողջական եւ լիարժեք կենսագործման համար։ Բաքուն կարծես թե անցում է կատարում խնդրի ուժային կարգավորմանը, ինչը Երեւանի համար անակնկալ չէ, սակայն զարմանալի է, որ Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը լռում է։ 

Իհարկե, Մոսկվան կարողանում է դեռ սրացումները կանխել, սակայն ակնհայտ է, որ թե Երեւանը եւ թե Բաքուն դադարել են վերջինիս դիտարկել որպես միակ բանակցային հարթակ, քանի որ հակամարտության պարույրը նկատելիորեն ակտիվացրել է ռեգիոնում Արեւմուտքի քաղաքականությունը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Արեւմտյան կամ Բրյուսելյան հարթակի առկայությունը մի կողմից, մյուս կողմից եվրոպացի դիտորդների առկայությունը Հայաստանում, ՀԱՊԿ-ի մոտ առաջացրել է զգացողություն, որ ինչ-որ «մեծ խաղի» պարտիա է ընթանում, որի նպատակներն էլ դաշինքին շփոթմունքի մեջ են գցել։

Ռուս վերլուծաբանը կարծում է, որ ՀԱՊԿ Երեւանյան գագաթնաժողովը բավականին ինտրիգային աշխարհաքաղաքական խաղի հերթական հանգրվանի յուրօրինակ կուլմինացիան էր։ Վերջինս շարունակում է մնալ այն վարկածի կողմնակիցը, որ Փաշինյանն ու Ալիեւն իրար հետ համաձայնեցնում են իրենց գործողությունները, ներառյալ նաեւ Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին անհարմար վիճակի մեջ դնելը։ Տարասովը կարծում է, որ Մոսկվայում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցերն այլեւս զուտ լոկալ մակարդակով չեն դիտարկվում, կապակցում են գլոբալ աշխարհաքաղաքական պրոցեսների հետ, ուստիեւ եթե տեսականորեն ընդունենք, որ Երեւանն անցում է կատարում դեպի Արեւմուտք, ապա հասկանալի է, թե ինչու ամրագրվեց ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ Սակայն հարցն այն է, թե Արեւմուտքն արդյոք պատրաստ է ընդունել Երեւանին։ Եթե հանկարծ պարզվի, որ ոչ, ապա Երեւանը դեռ պետք է կարողանա «նվաճել Մոսկվայի սիրտը»։