Ինչու էր Փաշինյանն այցելել Վրաստան

Ինչու էր Փաշինյանն այցելել Վրաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, անցյալ շաբաթավերջին աշխատանքային այցով եղավ Վրաստանում։ Այցն իր ֆորմատով կարելի է համարել բլից-ուղեւորություն, որի առիթը հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստն էր, բայց նաեւ ռազմավարական համագործակցության ինչ-որ փաստաթղթեր կնքվեցին` հուշագրեր։

Այցի հաջորդ օրը հրաժարական տված Վրաստանի վարչապետ Իրակի Ղարիբաշվիլու հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանձնարարականներ են տրվել, որպեսզի ավարտին հասցվեն հայ-վրացական պետական սահմանի ճշգրտման ու սահմանագծման աշխատանքները։ Սահմանային հարցերը, որպես խորհրդային ժառանգություն, բավական ցավոտ եւ դժվար են լուծվում մեր տարածաշրջանում։ Սահմանազատման աշխատանքներ են իրականացվել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, սակայն ավարտին դեռ չեն հասել:

Սահմանային հարցերը լուծված չեն նաեւ Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ։ Հայ-վրացական սահմանը, ի դեպ, այնքան էլ երկար չէ՝ 224 կմ։ Փաշինյանը, ով իր «խաղաղության դարաշրջանով», ըստ էության, փորձում է ձեւակերպել ու իրականացնել Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան, թերեւս հաշվարկել է, որ հայ-վրացական հարաբերություններում որոշակի առաջընթացը, ներառյալ նաեւ սահմանային ճշգրտումների հարցում, կարող է խթան հանդիսանալ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման համար։ Մյուս կողմից էլ, Երեւան-Թբիլիսի երկխոսության սերտացումը կարող էր արժանանալ Արեւմուտքի առաջնորդների ուշադրությանը։ Դժվար է ասել, թե ամեն բան եղավ այնպես, ինչպես Հայաստանի գործող ղեկավարն է պլանավորել, սակայն կարեւորն այս դեպքում այն արդյունքներն են, որոնք կհետեւեն այս այցին։ Թեեւ ոմանք կասկածներ ունեն, որ Վրաստանի հետ հարաբերություններում էլ է Նիկոլ Փաշինյանը նույն զիջողական քաղաքականությունը վարելու, եւ սահմանային վիճելի հարցերում նորից Վրաստանն է շահելու:

Հայաստանի ներսում Վրաստան այցը գնահատվեց բավականին ոչ միանշանակ կերպով։ Ոչ իշխանական ճամբարում կան դժգոհություններ, որ Նիկոլ Փաշինյանը հայ-վրացական հարաբերությունների համալիրից հեռացրել է բավականին կարեւոր հարց՝ հայ-վրացական միջեկեղեցական խնդիրների կարգավորումը, նկատի ունենալով Հայ առաքելական եւ Վրաց ուղղափառ եկեղեցիներին։ Իշխանական ճամբարում էլ համարում են, որ չափազանց կարեւոր է, որ հայ-վրացական հարաբերությունները հասցվեն ռազմավարական գործընկերության, քանի որ դրանով ապահովագրվում է այն «պատուհանն արտաքին աշխարհի հետ», որպիսին Վրաստանն է հանդիսանում Հայաստանի համար։

Վրաստանում էլ, որտեղ մոտենում են պառլամենտական ընտրությունները, Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը եւ ջերմ հարաբերությունների ցուցադրումը կարեւորվեցին ներվրացական-ներքաղաքական մակարդակում։
Բացի այդ, ինչն արդեն զուտ ներվրացական մակարդակում է կարեւոր, Փաշինյանի այցով ընդգծվում է, որ վրացական իշխող քաղաքական ուժն ամեն կերպ փորձում է անտեսել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն։ Վրացական մամուլում եղած տեղեկությունների համաձայն, վրացական կառավարությունը նախագահ Զուրաբիշվիլուն, ով ֆորմալ առումով վրացական պետության առաջին դեմքն է, պարզապես չէր էլ իրազեկել Հայաստանի վարչապետի այցի մասին։ Վրաստանում նախագահի եւ իշխող քաղաքական ուժի միջեւ եղած հակամարտության լույսի ներքո սա կարելի է բացատրել որպես նախագահ Զուրաբիշվիլու նսեմացման կամ կարգավիճակն իջեցնելու դրսեւորում կամ, ինչպես  նկատել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, վրացական քաղաքական օրակարգից նախագահ Զուրաբիշվիլու բացառում։