Այսօր «Վայլդբերիզն» է` վաղը կարող են լինել Չինաստանից, ԱՄՆ-ից էժան ապրանք առաջարկողներ

Այսօր «Վայլդբերիզն» է` վաղը կարող են լինել Չինաստանից, ԱՄՆ-ից էժան ապրանք առաջարկողներ

Այսօր առեւտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության մոտ` «Վայլդբերրիզ» ընկերության դեմ, որն ավելի էժան է վաճառում ապրանքները` խփելով «Փեթակի» եւ մյուս մոլերի գործին: Մենք զրուցել ենք սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանի հետ։ 

-Երեկվանից մի խումբ մարդիկ պահանջում են փակել, դադարեցնել «Վայլդբերիզի» գործունեությունը։ Ինչքանո՞վ է արդարացի նրանց պահանջը։

-Ունենք հետևյալ  պատկերը․ կա փոքր և միջին բիզնես, որի համար պետությունը, բացի խոստումներից, իրական կուրս չի վարում, որպեսզի գնահատի ռիսկերը։ Եւ փոքր ու միջին բիզնեսը զիջում է իր դիրքերը խոշոր բիզնեսին։ Ընդհանուր տնտեսական կուրսը, հարկային քաղաքականությունը, պետական քաղաքականությունը թուլացնում է փոքր և միջին բիզնեսի դիրքերը։ Դրան զուգահեռ խոշոր բիզնեսը միշտ ունենում է մեծ ախորժակ և իր գնային քաղաքականությամբ, իր հնարավորություններով գերշահույթ ստանալու հնարավորություն։ Գոյություն ունի առաջարկ և պահանջարկ, և այս բողոքը, որ այս պահին առաջացել է, գալիս է սպառողական դաշտից։ Կան էժան ապրանքներ, կան շատ գնողներ։ Այսօր «Վայլդբերիզն» է` վաղը կարող են լինել Չինաստանից, ԱՄՆ-ից էժան ապրանքներ առաջարկողներ և միշտ կգտնվեն էժան ապանքը գնողներ` ինչքան էլ պետությունը ասի, որ կյանքը մեր երկրում լավացել է։   

-Ի՞նչ պետք է անեն տնտեսվարողները, ի՞նչ պետք է անի պետությունը։ 

-Մեր տնտեսվարողներն ունեն երկու տարբերակ․ տարբերակ համար մեկ` կառավարությունից խնդրեն հնարավորություն, որ իրենք ձեռնարկեն միջոցներ էժան ապրանքներ ներկրելու, տարբերակ համար երկու` փակեն պահանջարկի հնարավորությունները։ Իրենք փորձեցին երկրորդ տարբերակը, որը սպառողակենտրոն չի։

-Տնտեսվարողները գուցե մտավախություններ ունեն, որ «Վայլդբերիզը»  ցանկանում է  մոնոպոլ դիրքեր ստանալ և սկզբում առաջարկում է էժան ապանք, որ մյուսներին դաշտից դուրս մղի։ Մարդիկ հիշում են ժամանակին «Յանդեքս»  տաքսին այս քաղաքականությամբ մուտք գործեց շուկա, մյուս տաքսի ծառայությունները փակվեցին, և «Յանդեքս»-ը բարձրացրեց գները։ Չե՞ք տեսնում  նման մտադրություն «Վայլդբերրիզի» կողմից։

- Ոչ, «Յանդեքս» տաքսին երբ մտնում էր շուկա, ես պետությանն ասում էի` զգուշ եղեք, որովհետև հարկային դաշտում չեն գործում, ինքնարժեքից ցածր գնային քաղաքականություն էր վարում և ինչ-որ պահից սկսած` երբ ունեցավ գերիշխող դիրք, կարողանալու է գնային քաղաքականություն թելադրել։ Այստեղ ապրանքը առնում ես այնքան, ինչքան Ռուսաստանում է։ Երբ Ռուսաստանը՝ Չինաստանից ապրանք է ներկրում  մաքսային է վճարում, հետո տեղափոխվում է Հայաստան, նույնպես ծախս է արվում։ 

-«Վայլդբերրիզը» այսօր 50 խոշոր հարկատուներից է դարձել Հայաստանում։

-Պետության կողմից տնտեսական քաղաքականություն չի վարվում, որ նման իրավիճակներում չհայտնվեն։ Երբ սահմանափակվեց Թուրքիայից Հայաստան ապրանքների մուտքը, ես այն ժամանակ ասում էի` մենք կարող ենք խնդիր ունենալ, եթե կուրս չվարվի։ Այսօր, ով 2 հազար դոլլար ունի, կարող են գնալ Թուրքիա և էժան հագուստ բերել և դրան հակառակ` մենք պետք է հասկանանք Թուրքիային համարժեք ո՞ր երկիրը կարող ենք գտնել։ 

-Մեր հասարակության զգալի հատվածը, մոտ 30 տոկոսը, օգտվում է օնլյայն վաճառքի հարթակներից։ Եթե կառավարությունը տեղիք տա տնտեսվարողների պահանջին և սահմանափակի կամ արգելի նման ցանցերով գնումներ իրականացնելը, արդյո՞ք դա չի վնասի սպառողին և ազատ շուկայական տնտեսության սկզբունքին։ 

-30% դա հարաբերական է։ Երբ սպառողը տեղեկանում է, որ կա էժան ապրանք` օնլայն գնելու համար, բայց չի կարողանում օգտվել այդ էջերից, ինքը դիմում է իր բարեկամներին։ Փոխանցում է գումարը և բարեկամի գրանցված էջով գնում է իրեն ցանկալի ապրանքը։ Եթե «Վայլդբերրիզը»  փոխի իր ռուսական էջը, և լինի հայկական, նրան ոչ ոք չի կարող ստիպել սահմանափակել իր գործունեությունը, բայց լինելու է գների բարձրացում, քանի-որ ռուսականով ավելի էժան է, քան հայկականով: Բայց ևս մեկ խնդիր կա, ռուսական հավելվածով կան ապրանքներ, որ հայկական հավելվածում չկան։  

Կարեն Քերիմյան