Իսկ ո՞վ է Սամվել Բաբայանը պաշտոնական Մոսկվայի համար

Իսկ ո՞վ է Սամվել Բաբայանը պաշտոնական Մոսկվայի համար

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանն անդրադարձել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Պետդումայի՝ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների, Եվրասիական ինտեգրացման կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելմանը եւ հայտարարել, որ իր մուտքն էլ դեպի Ռուսաստան 2020 թվականից արգելափակված է, ու Մոսկվան ոչ մի բացատրություն չի տալիս, իսկ հիմա մտածում են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մասին։ Նախ նկատենք, որ երբ 2020 թվականին «Հրապարակը» գրել էր այն մասին, որ Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքն արգելվել է Ռուսաստան, երկուսն էլ մեղադրում էին «Հրապարակին» իրենց զրպարտելու մեջ եւ հերքումներ էին տարածում։
Հիմա զուտ մարդկայնորեն նայենք այս հարցին, այսինքն՝ վիրավորվածության տեսակետից։

Բաբայանի այս հայտարարությունը կարելի է հասկանալ։ Եթե շարքային միջին վիճակագրական քաղաքացին էլ նման բան հայտարարեր՝ կհասկանայինք։ Ի վերջո, քաղաքական շատ նրբություններ, միջազգային կամ միջպետական հարաբերությունների շատ նյուանսներ միջին վիճակագրական գիտակցության շարքային քաղաքացուն կարող են եւ հասանելի չլինել, եւ պարտադիր էլ չէ, որ հասանելի լինեն։ Սակայն երբ նման բան ասողը քաղաքական գործիչ է, այն էլ՝ պետական համակարգին ու շատ նրբությունների քաջածանոթ մեկը, այս ամենը, ինչ խոսք, տարակուսելի է՝ թե՛ զուտ մարդկային, թե՛ պրոֆեսիոնալիզմի տեսակետից դիտարկելու պարագայում։ Զուտ մարդկայնորեն՝ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչն իրավունք չունի անձնական վիրավորվածությանը տեղիք տալու եւ գոնե հանրային հարթակներում այնպիսի հայտարարություններ հնչեցնելու, որոնք կարող են տարբեր մեկնաբանությունների համար պարարտ հող հանդիսանալ։ Իսկ պրոֆեսիոնալիզմի տեսակետից շատ պարզ հարց կա, որը երբեք պետք չէ մոռանալ․ Մոսկվայի համար Սամվել Բաբայանն ո՞վ է, որ Ռուսաստանը որեւէ մակարդակում մեկնաբանություն տա, կամ՝ որքանո՞վ է, ըստ կալիբրի, համադրելի Ռուսաստանի դաշնային օրենսդիր մարմնի պատգամավորի, դաշնային օրենսդիր մարմնի ոլորտային կոմիտեի նախագահի տեղակալի կարգավիճակն ունեցող անձը չճանաչված պետության քաղաքական համակարգի մաս հանդիսացող քաղաքական ուժի ղեկավարի կամ նույն չճանաչված պետության փաստացի իշխանության նախկին ներկայացուցչի հետ։

Ի վերջո, ԼՂՀ-ն, որքան էլ թանկ է ցանկացած հայի համար, սակայն Ռուսաստանի եւ նաեւ ողջ աշխարհի համար նույնիսկ Աբխազիա կամ Հարավային Օսիա չէ։ Այն սոսկ հակամարտության գոտի է, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահներ՝ տեղի կոմպակտ բնակվող հայ բնակչության կյանքի անձեռնմխելիության իրավունքն ապահովելու համար։ Եվ միայն այդքանը։ Սամվել Բաբայանը նույնիսկ Հայաստանի պաշտոնյա չի եղել, որ իրավունք ունենար ինչ-որ պրետենզիաներ ներկայացնել Մոսկվային։ Սամվել Բաբայանի հետ կապված զուտ ներղարաբաղյան քաղաքական հարցերը դնում ենք մի կողմ։ Իհարկե, նա կարող էր «Ռեգնում»-ում պրոռուսական հարցազրույցներ տալ կամ վայելել ռուսական էլիտայի որոշ շրջանակների բարեհաճությունը, սակայն դա պաշտոնական Մոսկվայի համար լեգիտիմացման հիմք չէր, որպեսզի Ռուսաստանը որեւէ պաշտոնական մակարդակում հարկ համարեր բացատրություններ տալու։

Եվ, վերջապես, հիշեցնենք, որ ժամանակին, երբ դեռ Բակո Սահակյանն էր ԼՂՀ նախագահը եւ այցելել էր եվրոպական մի երկրի հայ համայնք, Բաքուն մեծ աղմուկ էր բարձրացրել, որովհետեւ նրան դիվանագիտական անձնագիր տվել էր Հայաստանը, եւ դեռ այն ժամանակ Ադրբեջանն այդ երկրի ԱԳ նախարարությանը հղած նոտայում Բակո Սահակյանին անվանել էր ոչ այլ կերպ, քան «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ղեկավար»։ Դա այն ժամանակ էր, իսկ հիմա նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն է դուրս եկել ադրբեջանական կողմի քաղաքական-հանրային կիրառվող բառապաշարից եւ եզրաբանությունից։ Ռուսաստանում էլ, կարծես թե, առանձնապես հակված չեն Հարավային Կովկասում իրենց երկրորդ ռազմավարական դաշնակցին «նեղացնելու»։ Այնպես որ, հարկ է, որ Սամվել Բաբայանն այս բոլոր նրբությունները հաշվի առնի, նախքան Մոսկվայի ուղղությամբ պարսատիկով քար նետելը։