Մակրոնի «ասպետական» այցը Մոսկվա եւ Պուտինի պահանջները

Մակրոնի «ասպետական» այցը Մոսկվա եւ Պուտինի պահանջները

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի զրույցը սկսվեց երկուշաբթի, ավարտվեց՝ երեքշաբթի։ Ֆրանսիայում, ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամենաեռուն շրջանն է, եւ այս փուլում Փարիզի կողմից եվրոպական լոկոմոտիվի դերի ստանձնումն իրապես բավական հետաքրքիր է։ Հատկապես, որ որոշ առաջարկներ Կրեմլում գնահատել են «լիովին հավանական»։ Նախքան Մոսկվա գալը, Ֆրանսիայի նախագահը Journal du Dimanche-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Ուկրաինայի շուրջ իրավիճակի վատացման պատճառներին։

Մակրոնը նկատել էր, որ միայն անձնական հանդիպումներով է հնարավոր խուսափել ռազմական բախումից, քանի որ Ռուսաստանի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ կանոնների հստակեցումը։ Հանուն արդարության պետք է նշել, որ Մակրոնը նախկինում էլ առաջարկել է վերաֆորմատավորել եվրոպական անվտանգության համակարգը՝ այնտեղ Մոսկվային նաեւ ներառելու համար։ Սակայն դա մնաց անպատասխան։ Այս անգամ էլ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ առանց Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր չէ միջազգային իրավիճակը նորմալացնել։

Մակրոնն առաջարկում է․ 
• պաշտպանել եվրոպացի եղբայրներին՝ առաջարկելով նոր բալանս
• այդ նոր բալանսում պետք է պահպանվեն խաղաղությունն ու ինքնիշխանությունը
• այս ամենը պետք է անել Ռուսաստանի հանդեպ հարգանք ունենալով եւ հասկանալով Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի ներկայիս տրավմաները։ 

Մակրոնը Մոսկվա ժամանել էր քառասուն րոպե ուշացումով, արդեն երեկոյան ժամը 5-ին։ Նրա օդանավը կես ժամ էլ կանգնել էր Վնուկովոյի օդանավակայանի թռիչքուղում։ Մի քանի անգամ բարձրացան եւ իջան օդանավից, սակայն բարձրաստիճան հյուրը չիջավ ուղիղ 33 րոպե։ Նախքան Մոսկվա մեկնելը նա հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ վերահաստատելով ուկրաինական ինքնիշխանությանն աջակցությունը։ 

Ուշագրավ էր, որ արդեն Կրեմլում Պուտինն ու Մակրոնը միմյանց հետ խոսում էին «դու»-ով։ Հանդիպումը տեղի էր ունենում չափազանց մեծ սեղանով սրահում, որտեղ Պուտինն ընդունում է կրեմլյան բոլոր հյուրերին։ Ու չնայած «դու»-ով իրար հետ շփվելուն, այն փաստը, որ 6 ժամ բանակցել էին ու արդեն կեսգիշերին մոտ դուրս եկել լրագրողների մոտ, խոսում է այն մասին, որ բանակցություններն այնքան էլ դյուրին չեն եղել։ Պուտինը հասկացրեց, որ իր համար առաջնահերթը ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ ստանալն է, իսկ Ուկրաինայի իրադրությունը նրա համար երկրորդական նշանակություն ունի։

Մակրոնի հաջորդ կանգառը Կիեւում է լինելու, եւ նա թվարկել է, թե ինչ է պարզելու կիեւյան ներկայիս ղեկավարությունից՝ ստանձնած հանձնառությունների չկատարումից մինչեւ ռուս բնակչության հանդեպ խտրական վերաբերմունք եւ քաղաքական մրցակիցների հետապնդում։ Ուշագրավ հաջորդ պահն այն է, որ Պուտինը Մակրոնին մի քանի անգամ երախտագիտություն է հայտնել այցի համար՝ ընդգծելով, որ Մակրոնը մեծահոգի առաքելություն է իրականացնում, եւ շեշտել է, թե որոշ առաջարկներ լիովին հնարավոր է, որ դրվեն Ուկրաինայի հարցում հետագա քայլերի հիմքում։ Առաջիկա օրերին դրանք ավելի մանրամասն են քննարկվելու։ Այդուհանդերձ, Մոսկվան շարունակում է իր թիվ 1 մտահոգության բարձրաձայնումը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ռուսաստանի համար կենսական կարեւորության հարց է։ Ու եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին եւ փորձի ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը, ապա եվրոպական երկրներն ավտոմատ կերպով կներքաշվեն ռազմական հակամարտության մեջ։ Մակրոնի տեսակետն էլ էր հստակ։ Ռուսաստանի եւ Եվրոպայի տեսակետները չափազանց տարբեր են, սակայն պետք է պայմանավորվել եւ կառուցել նոր անվտանգության եւ կայունության համակարգ եվրոպական ցամաքում։ Նա նաեւ ասել է, որ մինսկյան համաձայնություններն այլընտրանք չունեն։ 

Ֆրանսիան հիմա նախագահում է ԵՄ-ում եւ ավանդաբար հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության օգտին։ Գերմանիայում էլ նոր կանցլերի իշխանության գալուց հետո Փարիզը ձգտում է լիդերության հասնել Մոսկվա-Արեւմուտք անվտանգության բանակցություններում։ Այս ամենում, իհարկե, նաեւ գալիք ընտրություններն են դեր խաղում, եւ դիվանագիտական քայլերը կապիտալիզացվելու են, որպեսզի ապահովեն Մակրոնի վերընտրությունը երկրորդ ժամկետի համար։ Ի դեպ, Մակրոնը պաշտոնապես դեռ չի առաջադրվել, սոցհարցումների համաձայն, սակայն, նա առաջատարն է։