Դա անելու ոչ միայն կամք չունեին, այլեւ՝ ցանկություն

Դա անելու ոչ միայն կամք չունեին, այլեւ՝ ցանկություն

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Թեմայի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։

- Պարոն Հարությունյան, երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ինչպիսի՞ իրավիճակ է, իշխանությունները հետաքրքրվա՞ծ են այս հարցով։

-  Ես որքան հասկանում եմ, գործող իշխանություններն այդ թեմային չեն էլ անդրադառնում։ Ըստ էության, իրենք իշխանության գալով՝ իրենցով փոխարինեցին քաղհասարակությունը, այս տարիների ընթացքում երկխոսություն քաղհասարակության հետ, որպես այդպիսին, չեմ տեսել, իսկ պատճառը, ինչպես ասացի, այն է, որ իրենք քաղհասարակություն են, մինչդեռ հնարավոր չէ միեւնույն ժամանակ լինել ե՛ւ քաղհասարակություն, ե՛ւ իշխանություն։ Բնականաբար, պետք է հաշվի առնենք նախկին խնդիրները, որ ունեցել ենք, եւ նաեւ պետք է հաշվի առնվի, որ 2018-ից հետո ձեւավորված իշխանությունները խնդիրները լուծելու լուրջ եւ ծանրակշիռ քայլեր չեն նախաձեռնել։ Ճիշտ է՝ այս իշխանության օրոք մենք չենք ունեցել քաղբանտարկյալներ, չենք ունեցել այն ամենը, ինչ եղել է նախկինում, բայց նաեւ այս իշխանությունների օրոք մենք չենք տեսել նախկինում արված սխալների ուղղում, չենք տեսել քաղաքական գնահատական, չենք տեսել մի այնպիսի սահմանի գծում, որից հետո Հայաստանում չպետք է հնարավոր լինեն բռնություններ։ Դա է պատճառը, որ այսօր մենք փողոցում տեսնում ենք ցուցարարների եւ ցուցարարների դեմ դուրս եկած ոստիկանների, դա է պատճառը, որ մենք այսօր կրկին փողոցում տեսնում ենք ցուցարարների եւ ոստիկանների բախում, որովհետեւ այն խոստումները եւ այն խնդիրները, որոնք բարձրացվել էին, մնացին խոստումների մակարդակում եւ չդարձան կյանք, չկենսագործվեցին, եւ դրանք իրականացնելու ուղղությամբ որեւէ քայլ չարվեց։

- Ինչո՞ւ չարվեց։

- Չարվեց, որովհետեւ ոչ միայն քաղաքական կամք չունեին անելու, այլեւ ես հիմա սկսում եմ մտածել, որ անելու ցանկություն նույնպես չունեին։

- Ասացիք՝ նոր իշխանության օրոք քաղբանտարկյալներ չեն եղել, իսկ քաղաքական հետապնդումներ կա՞ն։

- Բանը բանտարկյալներին չի հասել, փառք Աստծո, եւ ցանկացած հետապնդում, որ սկսում է իշխանությունը որեւէ մեկի նկատմամբ, հատկապես եթե այդ «որեւէ մեկը» քաղաքական գործիչ է, ուրեմն պետք է լինել չափազանց զգույշ եւ չափազանց ուշադիր, որպեսզի այնտեղ չլինեն որեւէ բացեր, որոնք կարող են մեզ՝ քաղհասարակությանը, լրագրողներին, իրավապաշտպաններին,  իրավունք տալ, որ ասենք՝ քաղաքական հետապնդում է։ Երբ քաղաքական գործիչները կամ մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, տարբեր քրեական գործերով անընդհատ հրավիրվում են կա՛մ դատարան, կա՛մ քննչական մարմիններ, դա արդեն, իհարկե, կասկածի տեղիք է տալիս, բայց, փառք Աստծո, բանը չի հասել քաղբանտարկյալներին, եւ հուսամ, որ չի էլ հասնի։

- Մանվել Գրիգորյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, որոնք բավականին երկար ժամանակ մնացին կալանքի տակ, եւ նրանց մեղքը չապացուցվեց, քաղբանտարկյալներ չէի՞ն համարվում։

- Մանվել Գրիգորյանի հետ կապված, ցավոք սրտի, նա մահացել է, ես նրա ձերբակալման եւ կալանավորման օրերից սկսած՝ քանիցս ե՛ւ գրառումներ եմ արել, ե՛ւ հրապարակային արտահայտվել եմ, որ խափանման միջոցը կարող էր եւ ազատազրկման հետ կապ չունենալ, սա շատ կարեւոր է։ Նույն համատեքստում կարող ենք դիտարկել ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ ցանկացած մեկին, որովհետեւ անուններ շեշտելն այստեղ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ կալանավորումը, որպես խափանման միջոց, պետք է կիրառվի ծայրագույն դեպքում, երբ կա 100 տոկոսանոց համոզմունք նախաքննական մարմնի կամ դատարանի մոտ, որ այդ մարդը կարող է ազդել նախաքննության կամ դատաքննության ընթացքի վրա։ Եթե նման համոզմունք չկա, ապա ես միշտ կողմ եմ արտահայտվել, որ խափանման միջոց կալանավորումը ծայրահեղ դեպքերում կիրառվի։ Կան բազմաթիվ այլ միջոցներ, որոնցով կարելի է մարդու ազատությունները սահմանափակել՝ չտանելով նրան բանտ։ Այլ հարց է, թե դատարանն ինչպիսի վճիռ կկայացնի ներկայացված մեղադրանքի շրջանակներում։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ապա հիվանդությունը շատ կարեւոր հանգամանք է կալանավորումը հաշվի առնելու դեպքում։

- Ի՞նչ դիտարկումներ ունեք բողոքի ակցիաների հետ կապված, արդյոք չե՞ն խախտվում ցուցարարների իրավունքները։

- Միշտ էլ ոստիկան-ցուցարար հարաբերությունների մեջ կարելի է դիտարկել որոշակի խախտումներ երկու կողմերից էլ, եւ խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում․ Ֆրանսիայից, եվրոպական երկրներից սկսած՝ ամենուր ոստիկաններն ու ցուցարարները բախվում են։ Նման դեպքեր, ցավոք, շատ են լինում, բայց ինձ համար այստեղ ամենակարեւորն այդ բախումները չեն, այլ՝ որ Հայաստանում նման իրավիճակ է արձանագրվում։ Ես ինձ դասել եմ եւ շարունակում եմ դասել այն մարդկանց թվին, որոնք կարծել են, որ 2018 թվականից հետո մենք սահման ենք գծում եւ այլեւս չենք տեսնելու այն, ինչ եղել է մինչեւ այդ, բայց, ցավոք, այս անգամ էլ ես հիասթափվեցի, եւ այսօր մենք մեր փողոցներում տեսնում ենք այն, ինչ տեսնում էինք 2018-ից առաջ։ Դա նշանակում է, որ այն ուժերը, որոնք 2018-ին եկան իշխանության, չկարողացան կամ չցանկացան կենսագործել 2018-ի պահանջները։