Իսկ ինչո՞ւ չի խոսում, որ 1200 ք/կմ տարածք Ադրբեջանին է տրվել` 30-ականներին

Իսկ ինչո՞ւ չի խոսում, որ 1200 ք/կմ տարածք Ադրբեջանին է տրվել` 30-ականներին

Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ Ադրբեջանը 4 հայկական գյուղ է պահանջում եւ հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական տարածքներ։  «Այսինքն, այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի եւ գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը եւ երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծից»,- նշեց նա։ Ըստ Փաշինյանի՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն։ «Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձեւակերպել այնպես, որ իր զորքերն այս 31 գյուղերից հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, ընդամենը մեկ ամիս առաջ` հունվարի 13-ին, Գավառում` «Քաղպայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Փաշինյանը խոսել է այն մասին, որ Ադրբեջանը գրավել է մեր 32 գյուղի «կենսական նշանակություն ունեցող տարածք»։ Մեկ ամսում 32-ը 31 է դարձել: 

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը մեզ հետ զրույցում ասում է, որ եթե հայկական կողմը կատարի Ադրբեջանի ցանկությունները, Ադրբեջանն այլ ցանկություններ է առաջ քաշելու: Նրա կարծիքով` եթե թշնամի պետությունը պահանջում է 4 գյուղ, ապա մենք ավելի շատ պահանջներ պետք է ունենանք: Գալչյանի պնդմամբ` հանձնելով Տավուշի 4 սահմանամերձ գյուղերը, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ «Նիկոլ Փաշինյանը հստակ չի ասում, թե որ 4 գյուղի մասին է, սակայն, հավանաբար, դրանք Տավուշի 4 սահմանամերձ գյուղերն են: Իսկ ինչո՞ւ չի խոսվում, որ Հայաստանից 1200 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանին է տրվել` 30-ականներին: Եթե Ադրբեջանը նման պահանջներ է ներկայացնում, ապա Հայաստանը պետք է հստակ պահանջի մեր 1200 քառակուսի կիլոմետր տարածքը: Խնդիրն այն է, որ երբ Ադրբեջանը 1991-ին պայմանագիր ստորագրեց այն մասին, որ ադմինիստրատիվ սահմանները փոխվում են միջազգային սահմանների, հիմա էլ ասում է, որ դրանք չի ճանաչում` ո՛չ 75 թվականինը, որ նույն սահմաններն էին, առաջարկում եմ հետ գնալ` 18 թվականի սահմաններ: Այդ ժամանակ սահմանները գծված չէին: Բայց կա 1926 թվականի գծված քարտեզը, որն ի նպաստ Հայաստանի է: Թե՛ 1200 քառակուսի կիլոմետրը եւ թե՛ անկլավներն այդ քարտեզում ՀՀ տարածքում էին: Այդ մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում», - ասում է Գալչյանը: 

Նրա խոսքով` ավելի քան 32 գյուղ Ադրբեջանը գրավել է, գրավել է նաեւ կարեւոր նշանակության բարձունքներ, որոնց մասին ոչինչ չի ասվում: Այսօր շատ գյուղացիներ չեն կարողանում անգամ իրենց արոտավայրերից օգտվել: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե թշնամուն հանձնվեն Տավուշի 4 գյուղերը։ «Տեղի կունենա այն, որ Ադրբեջանը կասի՝ մերն է նաեւ Սյունիքը, մերն է նաեւ Գեղարքունիքը` Սեւանը, Վայոց Ձորը, եւ այդպես շարունակ: Ես հիմա հստակ չեմ կարող ասել, թե որ գյուղերն են, սակայն, հավանաբար, դրանք այն գյուղերն են, որոնց միջով հատում են ՀՀ սահմանը: Եթե 4 գյուղերը հանձնվեն Ադրբեջանին, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Իջեւանից դեպի Վրաստան գնացող ճանապարհը կփակվի»: