Սա Արցախից տեղահանման ծրագի՞ր է, թե մի այլ բան․․․

Սա Արցախից տեղահանման ծրագի՞ր է, թե մի այլ բան․․․

Հայաստանը լուռ է, չի խառնվում։ Ինքը արդեն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և հետ քաշվել։ Մնացածն իրենք գիտեն, իրենց գործն է, ինչ ուզում են՝ թող անեն։ Ասես խոսքը մեր հայերի մասին չէ։ Ասես խոսքը ինչ որ անծանոթ ազգի մասին է, որին սովի մատնելով, տանում են թշնամու բերան։ Սա արդեն գաղտնիք չէ, բաց- բաց երևում է, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները գործում են համատեղ՝ Ադրբեջանի ուղղորդմամբ։

Արցախից տեղեկացա, որ ամսի 5-ին Վերածննդի հրապարակում իրենց սպասում է 25 ավտոբուս, որոնք նրանց կտանեն ու կիջեցնեն Հակարի կամրջի մոտ։ Իշխանությունը, եթե համաձայն չլինի, օրհասական այս վիճակում 25 ավտոբուս չէր տրամադրի կազմակերպիչներին։ Ո՞վ է վերցրել այդ պատասխանատվության առաջնորդությունը, ինչու՞ են տանում ժողովրդին սահմանային գիծ, հնարավոր չէ հասկանալ։ Ասում են, որ խաղաղ, անզեն երթ ենք անում։ Ո՞րն է այդ երթի նպատակը։ Խաղաղություն բառն արդեն ինքնին հուշում է, թե ովքեր են այդ ծրագրի հետևում կանգնած և ինչպես են ապահովում «խխաղաղությունը»։

Առաջին հայացքից թվում է, թե այն արկածախնդրական ծրագիր է, բայց դա այդպես չէ։ Դա թշնամու ծրագիրն է, որն ուղղորդված կատարում են՝ մարդկանց կյանքի ու ճակատագրերի վրա թքած ունենալով։ Իսկ գուցե դա վերջին անգա՞մը լինի, որ Արցախը տեսնում եք, գուցե արդեն տեղահանման կամ մի այլ ծրագի՞ր է աշխատում․․․ Այդ 25 ավտոբուսը թող Արցախի նախագահն իր պաշտոնյաներով, նազիր- վեզիրներով լցվի ու գնա։ Թող պատասխանատուները գնան և սոված ժողովրդին նոր փորձությունների մեջ չներքաշեն․․․