Իշխանություններին սպավում են լուրջ փորձություններ

Իշխանություններին սպավում են լուրջ փորձություններ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ այսօրվա խորհրդարանն ապաքաղաքական մարմին է, չկա ընդդիմություն, եւ այնտեղ չեն կարող լինել քաղաքական քննարկումներ։ Այս մասին նա նշեց Hraparak.am-ի հետ զրույցում։ «Այս պայմաններում ընդդիմությունն ուզի թե չուզի՝ հայտնվել է փողոցում։ Կարծում եմ, որ ԱԺ-ից դուրս մնացածների մեջ կան լուրջ քաղաքական գործիչներ, եւ նրանք որոշակի քայլեր կանեն, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն։ Կրկնում եմ՝ ԱԺ-ն, որը հիմնական պլատֆորմն է քաղաքական մտքեր, հանրային դժգոհություններ արտահայտելու համար, հիմա չի կարող կատարել այդ դերը»,- կարծում է Աղասի Ենոքյանը։

Հետաքրքրվեցինք, թե, օրինակ, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի լուրջ քաղաքական գործիչները կարո՞ղ են կարճ ժամանակում վերականգնել հանրային կորսված դժգոհությունը։ «Ես չեմ ենթադրում, որ դա կարող է կարճ ժամանակում լինել։ Որոշ ժամանակ անց, համոզված եմ, որ խորհրդարանի նկատմամբ հանրային վստահությունը կխախտվի, եւ այդ առումով այլ քաղաքական ուժերն իրենց վստահությամբ համադրելի կլինեն խորհրդարանական ուժերի հետ։ Շատերը կհամոզվեն, որ խորհրդարանական գործիչները նույնպես վստահություն չեն ներշնչում։ Եվ նրանք, ովքեր իրենց համարում են քաղաքական գործիչ, անկախ այն բանից՝ եղե՞լ են իշխանության մեջ, թե՞ ոչ, իրենց ձայնը լսելի կդարձնեն։ Հիմա դեռեւս շոկային իրավիճակում են հայտնվել նրանք խորհրդարան մուտք չգործելու պատճառով, եւ երկրորդ՝ շատերը պնդում են, որ մոտակա ժամանակներում իշխանություններին սպասվում են լուրջ փորձություններ»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու մեր ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահ Վլ․ Պուտինը չի շնորհավորել ԱԺ արտահերթ եւ լեգիտիմ ընտրությունների առթիվ այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարը, Գերմանիայի կանցլերը, այլք շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին, Աղասի Ենոքյանն արձագանքեց․ «Ենթադրում եմ՝ կշնորհավորի։ Իսկ մինչ այժմ չշնորհավորելը նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների լարված մակարդակ։ Նիկոլ Փաշինյանին միշտ էլ հաջողվել է Պուտինից ստանալ ինչ-ինչ զիջումներ՝ Հայաստանի կողմից ավելի շատ զիջումների գնով։ Ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց Պուտինը կշնորհավորի Փաշինյանին»։