Մենք չգիտեինք, որ նրանք ոչխարի մորթու տակ թաքնված գայլեր են, որոնք իշխանափոխություն են ծրագրում

Մենք չգիտեինք, որ նրանք ոչխարի մորթու տակ թաքնված գայլեր են, որոնք իշխանափոխություն են ծրագրում

«Քաղհասարակության ֆունկցիան իշխանություններին իր պոզիտիվ պարտականությունների կատարման պահանջ ներկայացնելն է, թեպետ Հայաստանի իշխանությունները լեգիտիմ չեն: Քաղհասարակությունը պետք է բոլոր տեսակի իրավախախտումների դեմ պայքարի, օրինակ, պետք է զբաղվի քաղբանտարկյալների հարցերով, պետք է խոսի Արցախի հարցի մասին, սակայն այդ ամենը պետք է արվի այն դիրքերից, որ այս իշխանությունները սխալ են, այս իշխանությունները դավաճան են....

2018 թվականից հետո Հայաստանում քաղհասարակությունը փոխվել է: Այն քաղհասարակությունը, որին բոլորս գիտենք և որը նախքան 2018 թվականը բավականին ակտիվ հայտարարություններով էր հանդես գալիս, այսօր որևէ աղերս չունի քաղհասարակություն, իրավապաշտպան կոչվելու հետ: Նրանք գառան դիմակով գայլեր են», - «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով երկրում տեղի ունեցող պրոցեսներին, մասնավորապես` Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթմանը, ասում է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը: 

Նա նշում է, որ մեզանում առկա արատավոր բարքերի մասին աղաղակող նախկինում գերակտիվ քաղհասարակությունն այսօր բոլորովին չի հետաքրքրվում երկրում տեղի ունեցող պրոցեսներով, քանզի նույն այդ հայտնի ՀԿ-ներն այս կամ այն կերպ դարձել են ՔՊ-ական իշխանության մաս.

«Նախորդ տարիներին նրանք զբաղվում էին իրավապաշտպան գործունեությամբ, որպեսզի պարզապես օգնեն ՀՀ-ում ծրագրված իշխանափոխությանը: Մեկ օրինակ բերեմ` Լարա Ահարոնյանը, որն իրավապաշպան է, ՀԿ-ի նախագահ, ՔՊ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Հիմա նա ինչպե՞ս կարող է իշխանություններին դեմ արտահայտվել: Նա իշխանության մաս է: Մեզանում 2018-ից հետո քաղհասարակության առաջին ակտը կատարեցին փաստաբանները: Երբ դատավորների դեմ ապօրինություններ էին տեղի ունենում, նույն փաստաբանական հանրույթը ներկայացրեց առաջին հայտը: Նրանք իրենց գործունեությամբ լրացրին քաղհասարակության դերը, դրանից հետո նոր միայն նոր խմբեր ձևավորվեցին և 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ գործ ունենք դավաճան իշխանությունների հետ,  ձևավորվեց նոր քաղհասարակություն, որի մեջ ներառված են տարբեր ՀԿ-ներ, հիմնադրամներ, նախաձեռնություններ ու շարժումներ: Այսօր, օրինակ, Ցոլակ Ակոպյանի մասով հայտարարություն տարածվեց, 10 ՀԿ Ցոլակ Ակոպյանին սատարում է: Այսօրվա քաղհասարակությունն այդ ՀԿ-ներն են: Դրանից առաջ էլ հայտարարություն արվեց, որ «Հայաքվե» նախաձեռնությունը պետք է ԱԺ-ն կյանքի կոչի: Խաչատուրովի, Գալեյանի և այլոց համար ևս հայտարարություններ, միջոցառումներ են արվում: Հայաստանում այսօր նոր քաղհասարակություն կա, սակայն չկա իշխանություն: Ինչ վերաբերում է մեզ հայտնի քաղհասարակությանը, մենք ոչ մեկս չգիտեինք, որ նրանք ոչխարի մորթու տակ թաքնված գայլեր են, որոնք իշխանափոխություն են ծրագրում․․․ քաղհասարակության անվան տակ ինչե՜ր ասես, որ չեն արվել: Ամենաակտիվ դավաճան Մարիա Կարապետյանը ևս քաղհասարակության անդամ էր: Սարգիս Խանդանյանն էլ ակտիվիստ լրագրող էր, ակցիաներ էր անում.... Լենա Նազարյանն էլ մի շրջան բնապահպան էր իբր: Ի դեպ բոլորով միասին տրանսպորտի 150 դրամ թանկացման համար էին պայքարում, Էլեկտրիկ Երևանի ժամանակ էին շատ ակտիվ պայքարում: Այնպես որ այս մարդիկ այլևս երբեք չեն կարող համարվել քաղհասարակություն», - ասում է Իշխանյանը: 

Իսկ ի՞նչ գնահատական կտաք Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթմանը, մեր զրուցակիցն ասում է.

«Հայաստանում ցանկացած նման պրոցես ինձ համար սպասելի է: Արցախի հանձնումից հետո ոչ ոք իշխանության գալու մասին չպետք է երազի, այլ պետք է Արցախը պահելու մասին մտածել, բայց մեկ բան հստակ է` Արցախի հանձնումից հետո սկսվել է ավելի մեծ բռնաճնշումների ալիք, քանի որ կա վախ: Դավաճաններն իրենց հիմնական նպատակը կատարելուց հետո, հիմա ինչ ցանկանան, անելու են: Կարող է վաղն էլ փողոցներում դիակներ գտնենք.... Ալավերդու դեպքից զատ, նույն բանն էլ Վանաձորում է տեղի ունեցել, ի դեպ, Ասլանյանը մինչ օրս բանտարկված է: Գորիսում հաղթած ու սիրված քաղաքապետը ևս բանտարկվել էր: Բոլորին նստացնում էին: Այսինքն` մենք գործ ունենք մի բռնապետական ռեժիմի հետ, որն, ի տարբերություն աշխարհի բոլոր բռանպետությունների` դավաճան է: Օրինակ` Հյուսիսային Կորեան բռնապետություն է միայն, իսկ մեզանում, ես չգիտեմ ում ենք վատություն արել, բայց գործ ունենք և բռնապետերի և դավաճանների հետ միասին: Օրինակ` «Հայաքվեի» համար տասնյակ հազարավոր մարդիկ էին ստորագրել, բայց սրանց վեջը չէ: Մարդկանց ունեզրկում են, ճնշում են, գերիներին չեն վերադարձնում, դրան էլ գումարած` բռնապետ են, որովհետև, երբ իշխանությունը դավաճանության է գնում, բռնապետական մեթոդներն ավելի է զարգացնում, մարդկանց ավելի շատ է սկսում ճնշել, որպեսզի ավելի շատ մնա իշխանության ղեկին: Ինչքան շատ են տեղի ունենում դավաճանություններ, այնքան շատանում են դժգոհությունները, իսկ որքան շատանում են դժգոհություններն, այնքան մեծանում են բռնաճնշումները», - եզրափակում է Իշխանյանը:

ՀԳ Հանուն արդարության նշենք, որ հարցազրույցն արվել է կեսօրից հետո, իսկ ուշ երեկոյան մի խումբ ՀԿ-ներ հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով Ալավերդու դեպքերը։