Հայաստանում քաղցկեղի բուժումը միանգամից պետպատվերով կազմակերպելը կարող է հանդիպել լուրջ դժվարությունների 

Հայաստանում քաղցկեղի բուժումը միանգամից պետպատվերով կազմակերպելը կարող է հանդիպել լուրջ դժվարությունների 
Խաչատուր Բադալյան

Տարեսկզբին հաճելի անակնկալ մատուցեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հայտարելով, որ այսուհետ ինսուլտն ու քաղցկեղը բուժվելու են պետպատվերի շրջանակներում։ 
«Չարորակ նորագոյացությունների վիրահատությունները մինչեւ հիմա եւս եղել են պետպատվերի շրջանակում, բայց համավճարով։ Այսինքն՝ շատ փոքր մասն է պետությունը վճարել, մնացածը վճարել են պացիենտները։

Այս տարվա բյուջեով նախատեսել ենք մոտ 700 մլն դրամի աճ ուռուցքաբանության համար, որի մեծ մասն ուղղվելու է հենց այդ համավճարը հանելուն։ Պացիենտները չեն վճարելու համավճար, բայց վիրահատությունները կատարվելու են միայն այն բուժհաստատություններում, որոնք բավարարելու են մեր դրած պահանջները, այսինքն՝ ունենալու են ուռուցքաբանության լիցենզիա։ Մյուս տարի կմտածենք նաեւ քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի վրայից հանելու համավճարը»,- հունվարի 24-ին, կառավարության նիստում,  հայտարարեց Արսեն Թորոսյանը։ 

Որքանո՞վ է իրատեսական այդ ծրագիրը մեր երկրում, որտեղ առկա է քաղցկեղով հիվանդության աճ։ Ի վիճակի՞ է պետպատվերով բուժման բեռն իր վրա վերցնել պետությունը, հերթագրման դեպքում բոլոր հիվանդները կարո՞ղ են ստանալ ցանկալի բուժումը մինչեւ իրենց հերթ հասնելը։ 
Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի բժշկական տնօրեն Խաչատուր Բադալյանը պրոբլեմատիկ հարց է համարում պետպատվերով քաղցկեղի բուժումը։ 

«Ոչ բոլոր հիվանդանոցներում է հնարավոր լիարժեք  կազմակերպել քաղցկեղի բուժումը։ Վիրահատությունը կարելի է կազմակերպել այն հիվանդանոցներում, որոնք ունեն համապատասխան մասնագետներ։ Որքան տեղյակ եմ՝ ոչ բոլոր հիվանդանոցներն ունեն պայմանագիր պետության հետ՝ այդ գործունեությունն իրականացնելու համար։ Ես աշխատանքի փորձ ունեմ ՌԴ-ում եւ կարող եմ ասել, որ կազմակերպչական տեսանկյունից ծանրակշիռ մաս է կազմում օնկոլոգիայի բուժումը։ Այդ հիվանդությունը չի դանդաղում, չի կանգնում, եւ նրա բուժումը պրոբլեմատիկ է։ Շատ հիվանդներ են դիմում մեզ պետպատվերի համար, բայց մենք չունենք վերջնական պայմանագիր պետության հետ։ Ես որքան տեղյակ եմ՝ դեռ ընթացքի մեջ է, թե որ հիմնարկում ինչպես է ընթանալու այդ գործունեությունը։ Մի բան է ցանկությունը, որ քաղցկեղի բուժումը կազմակերպվի պետական պատվերի շրջանակներում, մեկ այլ բան, որ  հիվանդների քանակը գնալով շատանում է։ Որոշակի  կասկածներ ունեմ, թե որքանով հնարավոր կլինի նրանց բոլորին ժամանակին ցույց տալու օգնություն, քանի որ դա կապված է լուրջ կազմակերպչական հարցերի հետ։ Հերթագրումը կարող է տեւել շաբաթներ, ամիսներ, ինչը կարող է անցանկալի հետեւանքների հասցնել օնկոլոգիայի բուժման հարցում»,- ասաց մեր զրուցակիցը։

Խաչատուր Բադալյանը նշեց, որ ինքը չի տիրապետում համապատասխան տեղեկատվության, թե որքանով է պետությունն ի վիճակի քաղցկեղի բուժումը պետպատվերի շրջանակներում կազմակերպելու։ Նրա կարծիքով՝ տնտեսական ծանր պայմաններում գտնվող Հայաստանում քաղցկեղի բուժումը միանգամից պետպատվերով կազմակերպելը կարող է հանդիպել լուրջ դժվարությունների։
Խաչատուր Բադալյանը նշեց, որ քաղցկեղով հիվանդները դիմում են տարբեր բուժհիմնարկներ՝ բուժում ստանալու նպատակով, եւ միշտ չէ, որ գրագետ ու մասնագիտական բուժօգնություն է ցուցաբերվում նրանց։ 

«Տարբեր հիվանդանոցներում ստանալով բուժում՝ հիվանդները չեն կարողանում ճշտել, թե որքանով է որակյալ այդ բուժումը։ Շատ կարեւոր է իմանալ  օնկոլոգիայի բուժման ստանդարտները։  Եթե բոլորը համապատասխանեն այդ ստանդարտներին, ապա ավելի ծանր բեռ կլինի թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական տեսանկյունից։ Իսկ ստանդարտներին չհամապատասխանելը միայն բարձիթողի վիճակ է ստեղծում»,- ասաց Խաչատուր Բադալյանը։