ՆԱՏՕ-ն թան չի, ամեն կապիտուլյանտի բան չի

ՆԱՏՕ-ն թան չի, ամեն կապիտուլյանտի բան չի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հունիսի 26-ին Վիլնյուսում հայտարարել է, որ Բրյուսելը ծրագրում է վերանայել Հյուսիսատլանտյան դաշինքի՝ բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանության առաքելության մանդատը եւ այն ոստիկանականից փոխել մարտականի։ «Մենք կուժեղացնենք ցամաքային, ռազմածովային եւ օդային ուժերը։ Անդամ երկրների ռազմաօդային ուժերի կողմից տրված մանդատը կվերանայվի, եւ օդային ոստիկանության կարգավիճակը կփոխվի մարտականի: Օդային ոստիկանությունը վերահսկում է բալթյան երկրների տարածքը, դա արդեն իսկ համարվում է ռազմական առաքելություն։ Մարտական մանդատով դաշինքի մարտիկները նոր լիազորություններ կստանան։ Ճգնաժամի դեպքում մարտիկները կկարողանան մասնակցել ռազմական գործողություններին, նրանք ինտեգրվելու են Լիտվայի պաշտպանական պլաններին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Սթոլթենբերգի այս հայտարարությունն ամենաքիչը խայտառակություն է, եթե նկատի ունենանք, որ նա խոսում է՝ ոչ ավել, ոչ պակաս, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության մասին: Ի՞նչ է նշանակում՝ ՆԱՏՕ-ի մարտիկները պետք է ինտեգրվեն ՆԱՏՕ-ի անդամ Լիտվայի պաշտպանական պլաններին: Իսկ մինչեւ հիմա ինչո՞վ էր զբաղված ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, որ դաշինքը նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրի պաշտպանությանը չի ինտեգրվել: Վրաստանի պարագան հասկացանք, դեռ չէին ինտեգրվել ու չկարողացան պաշտպանել, Ուկրաինայում էլ նույն վիճակն է… Եվ ի՞նչ, հերթը հիմա մերձբալթյան երկրների՞նն է, հիմա էլ այստե՞ղ է ՆԱՏՕ-ն պատրաստվում ինքնանպատակ ճգնաժամ հրահրել եւ պաշտպանել այդ երկրների անվտանգությունը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան շատ խաղաղ անկախացան եւ առանց ավելորդ հակառուսական ցուցանքների՝ մաս կազմեցին Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Կարող ենք նաեւ ասել, որ հետանկախական 30 տարիներին Ռուսաստանը ոչ մի առիթ չի տվել այդ երկրներին՝ անհանգստանալու սեփական սահմանների անվտանգության համար: Եվ, ուրեմն, ի՞նչ զգացին, դիցուք, Լիտվայի քաղաքացիները, երբ Սթոլթենբերգն իրենց մայրաքաղաքում խոսեց այդ երկրի անվտանգությունն ուժեղացնելու մասին: Իրավիճա՞կ է փոխվում, Ռուսաստանի համար նոր խնդիրների դա՞շտ է փնտրում ՆԱՏՕ-ն, իսկ գուցե ուկրաինական երկրորդ ֆրո՞նտ են ուզում բացել Մերձբալթիկայում: Կներեք, իսկ լիտվացիները, լատվիացիները եւ էստոնացիները համաձա՞յն են: Հատկապես այս վերջին հարցը Սթոլթենբերգին չի էլ հուզում: Նրա գերնպատակը հետխորհրդային այդ հանրապետություններում ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր տեղակայելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրենց վրա կենտրոնացնեն ռուսական զինված ուժերի մի մասը՝ նրանց ուշադրությունը շեղելով Ուկրաինայից:

Դե իսկ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գործերն իսկապես լավ չեն: Լիքը փող են ծախսել ու չգիտեն ինչպես հաշվետու լինել իրենց հարկատուների առաջ: Ուկրաինայում ահավոր չափերի հասնող կոռուպցիան հաշված օրերի ընթացքում կլանում է եվրոպական ծաղկուն երկրների հատկացրած դրամաշնորհներն ու ծրագրերը, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն էլ իրենց հերթին են քանդում այդ երկրները՝ պահանջելով ավելացնել ռազմական ծախսերն ու զինել ուկրաինական բանակը՝ հանուն Ռուսաստանի դեմ հաղթանակի: Իսկ հաղթանակ չկա: Այս ամենի արդյունքում անորոշ պատերազմը ոչ թե կանգնեցվում է, այլ շարունակվում զանազան դրսեւորումներով՝ ուկրաինական զորքերի, այսպես կոչված, հակահարձակում, Պուտինի ձերբակալության սանկցիա, նորանոր պատժամիջոցներ Մոսկվայի համար: Արդյունքը՝ զրո:
Սթոլթենբերգն արդեն վերջնագրերով է խոսում Ուկրաինայի հետ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ եթե Ուկրաինան չհաղթի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ապա նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է։ Ավելին, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել էր, որ Ուկրաինայի մուտքը դաշինք չի քննարկվի մինչեւ նրա հաղթանակը։ Նույն վիճակն է տիրում նաեւ ԵՄ-ում, որտեղ անընդհատ խոսակցություններ են ծավալվում այն մասին, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին անհնար է, քանի դեռ այդ երկիրը չի կատարել ԵՄ անդամակցության հետ կապված պահանջները: Մինչդեռ Ուկրաինան արդեն 10 տարի է՝ պատերազմների մեջ է եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ նույնասեռականների հարցերով զբաղվելու ժամանակ չէր կարող ունենալ:

Ինչեւէ, կարելի է ասել ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն աստիճանաբար ձեռ են քաշում Ուկրաինայից: Հավանաբար, այնտեղ շուտով կսկսի գործադրվել ռուս-լեհական հայտնի պլանը, ինչի մասին հատուկ գործողության սկզբում հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատմական շանս տալով լեհերին՝ վերատիրանալու Ուկրաինայի արեւմտյան մասին: Հարցի այս հանկարծահաս լուծումից է, որ վախենում են ՆԱՏՕ-ում եւ իրենց համար խառնակչության նոր հարթակ են որոնում: Այս անգամ՝ բալթյան երկրներում:

ՀԳ. Սթոլթենբերգի վերջին հայտարարությունները կմտնե՞ն արդյոք մեր առանձին արեւմտամետ գործիչների տաք գլուխները, որոնք քնում ու արթնանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքերով: ՆԱՏՕ-ին կապիտուլյանտներ պետք չեն, հաղթողներ են պետք ու նաեւ այնպիսի երկրներ, որտեղ դեռ քանդելու բան կա եւ փողեր լվանալու մեծ հնարավորություններ: Կապիտուլյանտներն առանց փող ծախսելու էլ կընկնեն ՆԱՏՕ-ի պարկի մեջ: