Ռուսաստանը պետք է երկխոսի հայ ժողովրդի հետ

Ռուսաստանը պետք է երկխոսի հայ ժողովրդի հետ

Սորոսը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և արևմտյան լրատվամիջոցները կապ չունեն: Ոչ ոք չի կարող այնքան հետևողականորեն փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, որքան` Կրեմլի վերահսկողության տակ գտնվող լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագետները, հրապարակախոսներն ու հայկական ծագում ունեցող կայսերականները: Փսևդո ինտելեկտուալ այս խմբակը ընդհանրապես որևէ պատկերացում չունի ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ռուսաստանի մասին: Նրանք գաղափար անգամ չունեն միջպետական փոխհարաբերությունների առանձնահատկություններից, ավելի շուտ` գաղափարները սահմանափակվում են հնացած և մաշված հայացքով, որը բնորոշ է 19-րդ դարին: 

Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունները չափազանց կարևոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ ժողովրդի համար: Դա Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի, մշակույթի և աշխարհաքաղաքական կողմնորոշման անբաժելի պոստուլատն է: Բայց պետք է հաշվի առնել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում արդեն տևական ժամանակ է, ինչ կյանքի են կոչվում լրջագույն փոփոխություններ: Ձևավորվում են նոր իրողություններ, որոնց հետ Մոսկվան պետք է հաշվի նստի: 

Արդեն վաղուց անցել են այն ժամանակները, երբ կայսրությունները ազգային պետությունների հետ խոսում էին երկաթի և արյան լեզվով: Սա ամենից լավ հասկանում են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, որոնք արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում լուսավորական քաղաքականություն են իրականացնում: Սա մի կողմից չափազանց մեծ օգուտ է հայ երիտասարդության համար, իսկ մյուս կողմից արևմուտքի քաղաքակրթական էքսպանսիան ուղղակի կամ անուղղակի կերպով սաղմնավորում և ձևավորում է հակառուսական տրամադրություններ, որոնք ինչ-որ մի օր կարող են հանգեցնել անխուսափելի պառակտման: Իհարկե, հեռանկարն այս ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ: 

Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանն այս իրավիճակում: Նույնիսկ ոչ այնքան կրթված մեկը կարող է ենթադրել, որ Ռուսաստանի լուսավորական քաղաքականությունը պետք է իր ազդեցությամբ և ընդգրկվածությամբ երեք անգամ գերազանցեր արևմտյան էքսպանսիային: Եթե ԱՄՆ-ը տասը ուսանողի է կրթաթոշակ տրամադրում, ապա Ռուսաստանը պետք է ֆինասնավորեր երեսուն ուսանողի կրթությունը: ԵՄ-ն և արևմտյան հիմնադրամները դրամաշնորհներ են տրամադրում հայ հանրության տարբեր շերտերին: Արդյունքում իրականացվում և կյանքի են կոչվում բավականին հետաքրքիր և օգտակար ծրագրեր ու միջոցառումներ: Իսկ ի՞նչու ռուսական հիմնադրամները դրամաշնորհներ չեն տրամադրում: Ի՞նչն է խնդիրը: 

Իրականում հարցը փողի մեջ չէ, պարզապես Արևմուտքը ուղղակի կերպով երկխոսության մեջ է գտնվում հայ հասարակության հետ, կոպիտ ձևակերպմամբ նրանք արդեն իսկ գնել են հայ երիտասարդության մի զգալի մասին: 

Կրկնենք հարցը. իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը: Մոսկվայում հին մոլորության համաձայն, ինչպես միշտ, շարունակում են պետությունը նույնականացնել իշխանության հետ, որին կարելի է գազի սակագներով և անվտանգային խնդիրներով վախեցնել ու վերահսկել: Իսկ հանրության վրա թքած ունեն, այն նույն հանրության, որին հետևողականորեն կուլ են տալիս Ռուսաստանի հակառակորդները: 

Արևմուտքի զորեղ քաղաքակրթական մոտեցմանն ի պատասխան  Ռուսաստանը փաստացի առաջին պլան է մղել անտաղանդ պրոպագանդիստներին, որոնք են` Վ. Սոլովյովը, Մ. Սիմոնյանը, Դ. Կիսելյովը և այլն: Միգուցե այս մարդիկ օգտակար են ներքին տեղեկատվական պատերազմում, բայց դաշնակից պետության հետ անկեղծ երկխոսության տեսանկյունից անպետք են ու ժամանակավրեպ: Հայաստանը Ռուսաստանի համար թշնամական պետություն չէ, ինչպես` Ուկրաինան և սրանից հետևում է, որ չի կարելի մեզ հետ խոսել պրոպագանդիստների միջնորդությամբ: Սիմոնյանն ու Սոլովյովն ամեն ինչ անում են, որ Հայաստանը դառնա երկրորդ Ուկրաինա, նրանք փաստացի մեծագույն ծառայություն են մատուցում արևմտյան էքսպանսիային: 

Իմ համոզմամբ, Հայաստանի և Ռուսաստանի դիսկուրսը պետք է կազմակերպվի լուսավորականության և ընդհանուր քաղաքակրթական մոտեցման հիմքի վրա: Չէ՞ որ Ռուսաստանն ինչ-որ ասիական, բարբարոսական հորդա չէ, ընդհակառակը` այն հայրենիքն է Դոստոևսկու, Բերդյաևի և Դանիլևսկու: Ռուսաստանն այն ուժն է, որը պատմականորեն լուսավորականություն է տարածել ինչպես Այսրկովկասում, այնպես էլ Միջին Ասիայում: 

Ասվածից ենթադրվում է, որ Մոսկվան պետք է ուղղակի կերպով երկխոսության մեջ մտնի հայ ժողովրդի և հայաստանցիների հետ, բայց ոչ թե պրոպագանդիստների լեզվով, այլ` ռուս հեգելական փիլիսոփաների և իր զորեղ մշակույթի միջնորդությամբ: 

Սիրելի ընկերներ, ես հավատում եմ Հայաստանի և Ռուսաստանի բանականությանը, ես հավատում եմ այն մեծ ընկերությանը, որը կա երկու ժողովուրդների միջև: