Միշտ էլ հետաքրքրությունը եղել է ոչ թե բուհի, այլ բուհական շենքերի հանդեպ

Միշտ էլ հետաքրքրությունը եղել է ոչ թե բուհի, այլ բուհական շենքերի հանդեպ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում դեռ անցած տարվանից մթնոլորտը շիկացած է, նախ՝ առաջ քաշվեց Բրյուսովի անվան համալսարանը, ֆիզկուլտինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու նախագիծը, որն արժանացավ բուհի կոշտ դիրքորոշմանը՝ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսական կազմի եւ թե՛ ռեկտոր Կարինե Հարությունյանի կողմից։ Ապա դրան հաջորդեցին դեկտեմբերին կայացած ռեկտորի ընտրությունները, որում թեպետ 12/8 ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Կարինե Հարությունյանը, բայց չհրամանագրվեց ռեկտորի պաշտոնում, քանի որ ընտրությունների արդյունքների մասով հարուցվեցին մի քանի քրեական վարույթներ, ապա՝ դատական հայցեր, ի վերջո՝ լուծարված հոգաբարձուների խորհուրդ եւ կառավարման ճգնաժամ, որը փոքրիշատե հարթելու համար ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարությունը բուհի կանոնադրության մեջ որոշակի կարգավորումներ արեց, բայց իրավիճակն այդպես էլ չհանգուցալուծվեց։

Արդեն օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ձեւավորվեց ժամանակավոր՝ 3 հոգանոց խորհուրդ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթեւոսյանի մասնակցությամբ։ Պարզվում է՝ 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդը նախօրեին՝ արագ կարգով, իր առաջին նիստն է գումարել՝ նախ, Ժաննա Անդրեասյանին ընտրելով խորհրդի նախագահ, ապա՝ Դավիթ Գյուրջինյանին նշանակելով ռեկտորի պաշտոնակատար, որին նախօրեին, մի քանի տասնյակ ոստիկաններով շրջապատված, բերեցին եւ ներկայացրին բրյուսովցիներին՝ հավանաբար, մտավախություն ունենալով, որ կարժանանան դիմադրության՝ բառի ամենաուղիղ իմաստով։  

Այս օրերին շատերն են հիշում եւ զուգահեռներ տանում նախկին ռեկտորների հետ՝ նշելով, որ «Բրյուսով»-իշխանություններ առճակատում եղել է նաեւ անցյալում։ 2012-ին ընտրված, բայց չնշանակված ռեկտոր Սուրեն Զոլյանը եւս հեռացվեց համալսարանից՝ այն ժամանակվա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով։ Սուրեն Զոլյանը 1997-2012 թվականներին՝ շուրջ 15 տարի, եղել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը։ Այն ժամանակ էլ ռեկտորի ազատումը մեծ աղմուկի եւ ուսանողական պայքարի տեղիք տվեց․ օրեր շարունակ բուհի ուսանողությունը չէր հանդարտվում՝ ակցիաներ, երթեր էին անում, բայց հաջողության չհասան։ Իսկ դատարանները կատարեցին իշխանության հրահանգը եւ Զոլյանի հայցը բոլոր ատյաններում մերժեցին։ Տարիներ անց այդ որոշումը կայացրած դատավորներից մեկը նեղ միջավայրում խոստովանել է, որ իր ամենամեծ մեղքը Զոլյանի հայցը մերժելն էր, որն արել էր իշխանությունների հրահանգով։

Մենք Սուրեն Զոլյանին հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատում այն իրավիճակը, որը վերջին ամիսներին ստեղծվել է «Բրյուսովի» շուրջ եւ պարբերաբար ուղեկցվում է դասադուլներով, գործադուլներով։

«2012-ից հետո ես չեմ առնչվել համալսարանի հետ, ո՛չ շփում է եղել, ո՛չ էլ տեղեկություն ունեմ, դրա համար ես ավելի շուտ ձեռնպահ կմնամ»,- ասաց Զոլյանը։ Ինչ վերաբերում է ռեկտորի պաշտոնի շուրջ տեղի ունեցող այս խմորումներին, ապա նախկին ռեկտորը չցանկացավ այդ հարցերին պատասխանել՝ խուսափելով որեւէ գնահատական տալուց։
Ս․ Զոլյանը միայն հպանցիկ անդրադարձավ բուհերի միավորման թեմային՝ նկատելով, որ դեռ 10 տարի առաջ էլ, հենց իր պաշտոնավարման ժամանակ, քննարկվում էր «Բրյուսովը» մանկավարժականի հետ միավորելու հարցը․ «Դեռ 90-ական թվականներից էլ այդպիսի գայթակղություն կար շենքի հանդեպ, նաեւ՝ այլ շինությունների։ Այս առումով՝ նոր բան չէ, իմ ժամանակ բազմաթիվ վեճեր են եղել, մենք կարողացանք բազմաթիվ նոր շինություններ կառուցել թե՛ Երեւանում, թե՛ Ծաղկաձորում։ Դրանով գաղթակղությունը՝ այդ ամեն ինչին տիրանալու, միայն ավելացել է։ Արդյունքում միշտ էլ մեծ հետաքրքրություն կա ոչ թե բուհի հանդեպ, այլ՝ բուհական շենքերի։ Այդ մասին դեռ Հ․

Թումանյանն է գրել, որ դպրոց ասելով՝ պատկերացնում են դպրոցի շենք․․․»։
Սուրեն Զոլյանին 2012 թվականին փոխարինել է նախապես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Գայանե Գասպարյանը, իսկ 2017 թվականին ընտրվել է Կարինե Հարությունյանը, ով մինչ այդ ԿԳ փոխնախարարն էր։