«Ես Թոնի Մոնթանան եմ․ Սաշիկ»․ «գարաժների» գլուխգործոցներից 

«Ես Թոնի Մոնթանան եմ․ Սաշիկ»․ «գարաժների» գլուխգործոցներից 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան կեղծ օգտատերերին և այպես կոչված՝ Դիաննա Հարությունյանին։  Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը ո´չ այդպիսի գործառույթ ունի, ո´չ լիազորություն, ո՛չ պարտականություն  հայտնաբերելու այդ անձին, և բացի այդ՝ Քրեական օրենսգիրքն այդպիսի նորմ չունի:

«226-րդ հոդվածն է առաջադրված, սակայն նրա ցուցմունքից պարզ դարձավ, որ նրա նպատակներն ընդդիմադիր էին: Կարծում եմ, որ ի վերջո այդ գործով ունենալու ենք արդարացման դատավճիռ, քանի որ չունենք նորմ, որ կարգավորի այդ հարաբերությունները: Իմ կարծիքով՝ փաստ է, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է»,-ասաց նա: Փաստաբանը, սակայն, կողմնակից է ակնհայտ սուտ լուրերի համար պատասխանատվության սահմանմանը։

«Հրապարակը» պարբերաբար անդրադառնում է նրան, որ ՝ Youtube գործարանային հոսքագծի պարբերականությամբ անհայտ ծագման պրոիշխանական տեսանյութեր են նետվում։ Վերջերս նաև՝ հակաիշխանական։ Պլինտուսից էլ  ցածր արտադրանքը , տպավորություն է, որ թողարկվում է ինչ-որ «գարաժներում»։ Վերջերս օրինակ՝ հանդիպեցի նման վերնագրի՝  «Ես Թոնի Մոնթանան եմ․ Սաշիկ»։ Կամ՝«ՎԵՐՋ ! Պուտինը Այլևս Դեր Չունի․ Հների Խայտառակ Խուճապը», «Պուտինը Խոնարhվեց Նիկոլի առջև...Այն ինչ արեց մեր հզոր Նիկոլը պիտի տեսնեն բոլորը. Nikol & Putin», ինչպես՝ բնագրում՝ տառասխալներով՝ «Քարդաշյանն ասաց՝ կողքդ եմ, Նիկոլ»,․«Նիկոլ գալիս եմ հայաստան կողքտ կանգնեմ...»։՝«Մարիամ Փաշինյանի սարսափելի ապտակը Վանեցյանին․ համացանցը ցնցված է»։

Մարտիրոսյանից  «Հրապարակը» փորձեց պարզել՝ ինչ կարծիքի է՝ Youtube-ը հեղեղած և տասնյակ հազարավոր դիտումներ ապահովող օրական մինչև մի քանի տասնյակ քարոզչական տեսանյութերը, որոնցում ակնհայտ կեղծ լուրեր կան, հնարավո՞ր է քրեականացնել։ Սամվել Մարտիրորոսյանն ասում է, որ նախ, շատ դժվար է ապատեղեկատվությունը զանազանել հումորից , սխալից և այլ բաներից։ Մեդիափորձագետն ի պատասխան ասաց, որ  Youtube -ը,առհասարակ, չի կարգավորվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է դիտվել քրեական հանցագործություն ԱՄՆ տեսանկյունից․ ռասսայական ատելության, բռնության, ահաբեկչության կոչերի և այլ հայտնի սահմանափակումներ։

«Եթե սա քննադատություն է, թեկուզ ակնհայտորեն սխալ, սա դիտվում է որպես խոսքի ազատություն»,-ասում է փորձագետը։