Շառլ Ազնավուրի անվան այգի՝ Պետախ Տիկվայում

Շառլ Ազնավուրի անվան այգի՝ Պետախ Տիկվայում

«Ապրիլի 2-ն իսկական պատմական օր է Պետախ Տիկվայի հայ համայնքի, ինչու չէ նաև քաղաքի մշակութային և պատմական տարեգրության համար։ Ուրախ էինք և պատիվ ունեինք ողջունել ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը կրող այգու բացման արարողությանը»։ 
Այս մասին տեղեկացանք «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանից․ 

«Ողջունեցինք Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգին, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին, Իսրայելում ՀՀ դեսպանության հյուպատոս Նարեկ Ղազարյանին, Իսրայելում Ֆրանսիայի դեսպանատան կրթական և լեզվական հարցերի բաժնի տնօրեն Թիերի Պելտրոյին՝ իր ընտանիքի հետ, Պետախ Տիկվայի քաղաքապետարանի վարչությունների ու ավագանու անդամներին և Իսրայելի հայ համայնքների ներկայացուցիչներին, հատկապես Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան աբեղա Գոչյանին, Սուրբ Նիկողայոս և Սուրբ Գևորգի հայկական եկեղեցիների ու համայնքային դպրոցների ղեկավար տեր Տիրան աբեղա Հակոբյանին, Հայֆայի և Գալիլեայի շրջանների  հոգևոր հովիվ Տէր Տիրայր քահանա Հովակիմյանին և այլ պատվավոր հյուրերի։ 

Մեկ տարի առաջ Պետախ Տիկվայի, «Նաիրի» և «Նոյան Տապան» հայկական կազմակերպությունները պաշտոնապես նամակ էին հղել քաղաքապետ Գրինբերգին և քաղաքային խորհրդի անդամներին՝ խնդրանքով հանրային այգին անվանակոչել՝ ի պատիվ ֆրանսահայ հայտնի երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի անունով։ Այս ժեստը խորհրդանշում է անխզելի կապը հայ և հրեա ժողովուրդների միջև, երկու երկրներ, որոնք վերապրել են անասելի ողբերգություն, ներառյալ՝ ցեղասպանությունը և Հոլոքոստը: 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ազնավուրյանների ընտանիքը ոչ միայն օգնություն է ցուցաբերել Փարիզում Միսակ Մանուշյանի պարտիզանական խմբին, այլեւ փրկել է բազմաթիվ հրեաների կյանքեր։ 2017 թվականից նրանք մեզ համար դարձան անմահ նվիրումի և մարդկային արիության խորհրդանիշ։ Այսօր մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային և մեր ֆրանսիացի հյուրերին 2020-ին հաջորդած դժվարին ժամանակներում և արցախյան 44-օրյա պատերազմի օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար։ Շառլ Ազնավուրը և Ազնավուրյանները միշտ կմնան հայ և ֆրանսիացի ժողովուրդների հարատև բարեկամության խորհրդանիշը, որը սկիզբ է առել միջնադարից։ Ուզում եմ ևս մեկ անգամ սրտանց երախտագիտություն հայտնել քաղաքապետ Գրինբերգին, Պետախ Տիկվայի հայ համայնքին և մեր բոլոր հյուրերին այս նշանակալի իրադարձության շրջանակում մեզ միանալու համար»։