Ինչո՞ւ է գնալով բարդանում ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան երկրներ
Շենգենյան վիզա ստանալու գործընթացը գնալով ավելի ու ավելի է բարդանում։ Անգամ Ֆրանսիայի դեսպանատունը, որը դեռ մի քանի ամիս առաջ ամենալավն ու արագն էր աշխատում, վերջին երկու ամիսը համարյա դիմումներ չի ընդունում։ Իսկ Իտալիա, Հունաստան գնալու համար 5-6 ամիս առաջ հերթ ես կանգնում։ Հունաստանի դեսպանատունը, ըստ դիմողների, մերժումների առաջատարն է։ Ընդ որում՝ որեւէ պատճառաբանություն, որպես կանոն, չի բերվում։ «Ընկերներիս շրջանում գործարար մարդիկ կան, բժիշկներ, բլոգերներ։ Բոլորին մերժում են` անհասկանալի պատճառներով։ Ամեն քայլը փող է։ Կրկին սկսվել է 90-ականների պրոցեսը, որ մարդիկ տները ծախում էին շենգենի համար»,- ասում է մեր զրուցակիցը, որը մայիսին դիմել է՝ օգոստոսին Իտալիա մեկնելու համար, սակայն հուսահատված հրաժարվել է այդ մտքից, քանի որ նրան տուրիստական գործակալությունից ասել են․ «Հնարավոր չէ, եթե հոկտեմբերի համար կարողանաք ստանաք, լավ է»։
Երեւանի բնակիչ Ն․ Ա․-ն, որը երեք անգամ եղել է Իսպանիայում եւ վերադարձել է՝ պահպանելով բոլոր սահմանված ընթացակարգերը, այս անգամ մերժվել է ծիծաղելի պատճառաբանությամբ։ «Քույրիկիս հրավերով դիմել եմ BLS վիզա կենտրոն, ինձ պատասխանել են, որ նպատակն անհասկանալի է, մերժել են: Այսինքն, քրոջս տեսնելու ցանկությունն անհասկանալի է իրենց»,- ասում է երիտասարդ կինը։ Նա ամուսնու եւ մեկ ամսական երեխայի հետ, որի համար տարիքով պայմանավորված զեղչեր են գործում, վճարել է 150 հազար դրամ, որի մեջ մտել են արտաժամյա ընդունումն ու վիզա կենտրոնի վճարները։ Տուրօպերատորի, ապահովագրության եւ այլ ծախսերի համար էլ վճարել է 100 հազար դրամ։ «Քույրիկս ցույց էր տվել տուն, որտեղ մենք պետք է ապրեինք, եկամուտ, ես նույնպես ցույց էի տվել եկամուտ, որն ինձ բավարարում է՝ օրական 70-90 եվրո ծախսել այնտեղ, թղթերի հետ կապված ամեն ինչ կարգին էր։ Ես այստեղ ունեմ լավ աշխատանք, երեք անգամ գնացել եմ եւ հետ եմ եկել, եւ ինձ անհեթեթ պատճառաբանությամբ մերժել են, ինչի իրավունքը չունեին՝ չհիմնավորված են համարել քրոջս տեսնելու իմ ցանկությունը, իսկ մենք ընտանիքի անդամներ ենք։ Մերժեցին նաեւ այդ օրն ինձ հետ դեսպանատուն մտած բոլորին»,- ասում է Ն․ Ա․-ն։
Երեւանի բնակիչ Գ․ Պ․-ն էլ վստահեցնում է՝ եթե ցանկանում ես շենգեն վիզա ստանալ՝ առանց խոչընդոտների, պետք է վճարես 4-5 հազար եվրո։ «Սա կոռուպցիա է, այն էլ ինչ կարգի»,- ասում է նա։
«Ընկերուհիս հերթագրվել է, 2024 թվի ապրիլին նոր ստանալու է։ Ինձ մերժել են անիմաստ ձեւով եւ նույնիսկ բացատրություն չեն տվել»,- ասում է Ա․ Յ․-ն՝ Երեւանից։
Մուտքի վիզայի համար դիմողներն իրենց վարկածն ունեն, որի համաձայն՝ բարդությունները կապված են Ռուսաստանի մեծահարուստ հայերի՝ Եվրոպա մեկնելու ցանկության հետ։ «Նրանք ունեն երկքաղաքացիություն, բայց ռուսական անձնագրերով չեն կարող մեկնել Եվրոպա։ 4-5 հազար եվրո տալը նրանց համար խնդիր չէ»,- ասում է մեր մերժված զրուցակիցների մեկը։
Իհարկե, հայաստանցիներն այսպիսի գումարներ չեն վճարում, բայց, օրինակ, 60-80 հազար դրամ լրացուցիչ վճարում են՝ հերթն առաջ գցելու համար, սակայն դրանից հետո էլ հայտնի չէ՝ մերժո՞ւմ կստանան, թե՞ շենգեն վիզա։
Փորձեցինք խոսել տուրօպերատորների հետ։ «Վարդան թրեւլ» տուրիստականն ասաց․ «Կա միայն Հունաստան, այն էլ՝ ամռանը»։ «Դա կապ չունի վիզաների տրամադրման հետ, պարզապես մեր զբաղվածությունն է մեծ»,- պատասխանեցին մեր հարցին։
«Գո թրեւլ» գործակալությունից էլ ասացին, որ կարող են կազմակերպել, որպեսզի մեկուկես ամսից մուտքի վիզա ստանանք։
- Իսպանիան կարողանում ենք մեկ ամսում կազմակերպել՝ ամիս, ամիսուկես։
- Բայց դրա համար լրացուցիչ գումարներ հարկավո՞ր է վճարել։
- Այո, 60 հազար դրամ եք վճարում՝ մուտքի վիզա ստանալու համար։
- Որպեսզի մեր ուզած ժամանա՞կ գնանք։
- Այո։
- Բայց կարող են նաեւ մերժել, չէ՞։
- Այո, դա ձեր տված թղթերից է կախված։
ՀԳ․ Ի դեպ, մերժելու դեպքում գումարները չեն վերադարձվում։ Հիմա հարց՝ եթե մեր քաղաքական վեկտորը փոխվում է դեպի Եվրոպա, եթե փոխում ենք մեր ռազմավարական գործընկերներին եւ ընտրում ենք եվրոպական ուղղությունը, ինչո՞ւ է ավելի ու ավելի դժվարանում հայերի մուտքը Եվրոպա, ինչո՞ւ է վիզա ստանալը դառնում բիզնեսի առարկա, եւ Եվրոպա մեկնող հայերին ինչո՞ւ են վերաբերվում այնպես, ինչպես աֆրիկյան մի երկրից ժամանողներին են վերաբերվում։
Կարծիքներ