Պարոն Բալասանյանի տեսակետը Արցախի նախագահի խոսնակը որակում է «պոպուլիստական հայտարարություն»

Պարոն Բալասանյանի տեսակետը Արցախի նախագահի խոսնակը որակում է «պոպուլիստական հայտարարություն»

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը։ Նախորդ ռազմավարությունը հաստատվել էր 13 տարի առաջ՝ 2007 թ. փետրվարին: 40 էջից բաղկացած փաստաթուղթը սահմանում է Հայաստանի «ազգային շահերը եւ դրանց արդյունավետ պաշտպանության ռազմավարական ուղղությունները», ինչպես նաեւ Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների «անվտանգ եւ առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշները»։ Փաստաթուղթը դեռեւս լայն քննարկման չի դրվել։ Լուրեր են շրջանառվում, որ այն մշակվել է ոչ թե ԱԱԽ գրասենյակում, այլ սորոսականների կողմից՝ Արսեն Խառատյանի ղեկավարությամբ։ Սակայն արդեն առաջին արձագանքները կան, որ սա այնքան էլ ազգային ու «անվտանգ» ռազմավարություն չէ։

Նախօրեին Արցախին առնչվող մասին անդրադարձավ Արցախի հերոս, ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանը՝ նշելով, որ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ փաստաթղթում կան «վտանգավոր ու անընդունելի» ձեւակերպումներ, որոնց վերաբերյալ պարտավոր են հրապարակավ արտահայտվել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը։ Մասնավորապես, այդ փաստաթղթում Արցախը ներկայացված է որպես տարածք, իսկ արցախահայությունը՝ որպես բնակչություն․ «Եթե 2007թ. ընդունված ռազմավարության մեջ կար հստակ ձեւակերպում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը հանրապետություն է, ապա այս նոր ռազմավարության մեջ հրաժարվել են «հանրապետություն» ձեւակերպումից, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը վերադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին, քանզի այնտեղ էլ կարգավիճակի հարցը մղվել էր հետին պլան»։ Բալասանյանի կարծիքով՝  Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ոչ միայն Արցախը չի դիտարկվել որպես հանրապետություն, այլեւ փոխվել է բանակցային նպատակը: Այն է՝ Հայաստանը շարունակելու է սատար կանգնել «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման եւ հարկադրանքի»: 

«Ուշադրությո՛ւն դարձրեք․ ՀՀ ներկա իշխանությունները հստակ չեն ֆիքսել՝ Ադրբեջանի ենթակայությունից դուրս Արցախի դե ֆակտո ինքնիշխանությանը տալ միջազգային ճանաչում։ Ինքնորոշման իրավունքի իրացում եւ արցախահայության անվտանգության ապահովում Իլհամ Ալիեւն էլ է խոստանում, բայց՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Ուստի նա դիմում է Արցախի իշխանություններին՝ պահանջելով պարզաբանել՝ այդ փաստաթուղթն իրենց հետ քննարկվե՞լ է, կիսո՞ւմ են նրանք պաշտոնական Երեւանի տեսակետը, որ Արցախի հարցում «մեր առաջնային խնդիրը ոչ թե դե ֆակտո կարգավիճակին միջազգային ճանաչում տալն է, այլ անորոշություն պարունակող ինքնորոշման իրացումն ու անվտանգության ապահովումը»:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հրաժարվեց հստակ պատասխան տալ՝ հայեցակարգը քննարկվե՞լ է արդյոք գործող իշխանության, մասնավորապես նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ասաց․ «Որքանով տեղյակ եմ, ժամանակին քննարկվել է, եւ որեւէ մտահոգություն չեն հայտնել»։ Ճշտող հարցին, թե ում հետ է քննարկվել՝ Արայիկ Հարությունյանի՞, թե՞ նախկին իշխանությունների, պատասխանեց․ «Անկախ նրանից՝ քննարկվել է, թե ոչ․․․

Բացառում եմ, որ Արցախի մասով այդ ռազմավարությունը քննարկված չլինի, բայց նորից եմ ասում՝ մտահոգվելու առիթ չկա․․․ Ես չգիտեմ՝ նոր իշխանությունների հետ քննարկվել է, թե ոչ, բայց կրկնում եմ՝ մենք մտահոգվելու առիթ չենք տեսնում»։ Փոխարենը հարկ համարեց հիշեցնել Արայիկ Հարությունյանի եւ պաշտոնական Երեւանի մոտեցումները՝ ասելով, թե դրանք չեն կարող մտահոգությունների առիթ դառնալ։ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 7 սկզբունքների տեսքով կարգավորման վերաբերյալ իր տեսակետը: Լրացուցիչ առաջ են քաշվել 1000 քառակուսի կմ տարածքների վերադարձման պահանջները։ Ես կարծում եմ, որ սրանից ավել այլ բան հնարավոր չէր ասել։ Եթե ինչ-որ տեղ «Արցախի Հանրապետություն» բառերը չեն նշվել, չեմ կարծում, թե դա արժանի է արձագանքի։ Հիմա դնել-քննարկել ինչ-որ փաստաթղթում ինչ-որ դետալներ, որ այս բառը կար, նա չկար․․․ Ես պարոն Բալասանյանի այդ հայտարարությունը որակում եմ որպես պոպուլիստական հայտարարություն»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով․ «Մենք դրան կարող ենք հակադրել ՀՀ վարչապետի տասնյակ հայտարարություններ Արցախի Հանրապետության ինքնիշխանության սուբյեկտայնության բարձրացման եւ անկախությանը, անվտանգությանը երաշխավոր լինելու մասին»։ Մեր դիտարկմանը, թե խոսքն «ինչ-որ» փաստաթղթի մասին չէ, այլ՝ ազգային անվտանգության ռազմավարության, բացի այդ, Փաշինյանի իշխանության ժամանակ Արցախի վերաբերյալ աղմկահարույց հայտարարություններ են հնչել, Արցախը ներկայացվել է որպես մարզ, ու դա առաջին դեմքի մակարդակով չի դատապարտվել, խոսնակն արձագանքեց, թե դրանք առանձին անհատների կողմից որակումներ են եւ աղերս չունեն պաշտոնական Երեւանի դիրքորոշման հետ։ 

Արայիկ Հարությունյանի խոսնակն անիմաստ է համարում նաեւ բանակցային նպատակի փոփոխության մասին դիտարկումները՝ հիշեցնելով, որ բանակցություններ չկան, ավելին՝ Ադրբեջանն այսօր ռազմական ագրեսիա է իրականացնում Հայաստանի սահմանների նկատմամբ։
Վերադառնալով 1000 քառակուսի կիլոմետր տարածքը վերադարձնելու խոստմանը՝ խոսնակը հստակեցրեց․ «Դա Շահումյանի շրջանն է, Գետաշենն ու Մարտունաշենը, Մարտակերտի շրջանի մեր կորցրած տարածքները եւ, բնականաբար, 2016-ին կորցրած մի քանի հարյուր հեկտարն է։ Այդ բոլորը միասին վերցրած՝ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք է, որն Արցախի իշխանությունը փորձում է ներկայացնել արդեն բանակցային գործընթացում՝ լիարժեք կողմ հանդիսանալու պարագայում»։