Իշխանությունը հանկարծ պարզել է, որ պատգամավոր Ծառուկյանը նաեւ բիզնեսմեն է

Իշխանությունը հանկարծ պարզել է, որ պատգամավոր Ծառուկյանը նաեւ բիզնեսմեն է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանությունը նոր իրավական գործընթաց է սկսել՝ քրեականով չբավարարվեցին։ Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակին «խոշոր սեփականատեր» որակված Ծառուկյանն այսօր հայտնվել է ոչ միայն իրավապահների, այլ նաեւ նոր ձեւավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում։ Եթե կարճ ու հասկանալի ձեւակերպենք, ապա հանձնաժողովն ինչ-որ ուսումնասիրություն կատարելուց հետո հանկարծ պարզել է, որ «խոշոր սեփականատեր», բայց միաժամանակ ԱԺ պատգամավոր Ծառուկյանը, պատգամավոր աշխատելուն զուգահեռ, նաեւ գործարար է՝ կառավարում է իր բիզնեսը։ Մինչդեռ, ինչպես Ծառուկյանն էր պարբերաբար լրատվամիջոցների հետ զրույցում նշում, ինքը բիզնեսով չի զբաղվում, այն հանձնել է հավատարմագրային կառավարման։ Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասնագետների բացահայտման, Ծառուկյանը բիզնեսի կառավարումն իրականացրել է, օրինակ, արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանի փոխարեն «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն ընտրելով։ Ուստի, 2020 թ․ հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով վարույթ է հարուցել:

Առիթ է հանդիսացել 2020 թ․ հունիսի 23-ի «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանը, որով էլ որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները եւ տնօրենի ԺՊ նշանակել Արայիկ Կեսոյանին։ Հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասված է․ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ. Ծառուկյանն անձամբ առերեւույթ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման եւ նոր տնօրեն նշանակելու որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաեւ տնօրենին հանձնարարականներ տալուն», ինչը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի խախտում է։ Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Ասել է թե՝ իշխանությունը հող է նախապատրաստում, որ հանձնաժողովի եզրակացության հիման վրա հետագայում Գ․ Ծառուկյանին զրկի պատգամավորական մանդատից։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից հանձնաժողովին հասցեագրված դիմումը:

Մենք կապվեցինք Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանի հետ, ով մեզ ասաց, որ Ծառուկյանն իր բիզնեսները հավատարմագրային կառավարման էր հանձնել Սեդրակ Առուստամյանին, որը, ինչպես գիտենք, այս պահին գտնվում է կալանքի տակ։ «Ուստի, այդ պայմաններում Գագիկ Ծառուկյանին սեփականության իրավունքով պատկանող բիզնեսների կառավարումը խրթին է դառնում, որոշ դեպքերում՝ անհնարին։ Իսկ պարոն Ծառուկյանն օրենքի ուժով անձամբ չի կարող մասնակցել իրեն սեփականության իրավունքով պատկանող բիզնեսների կառավարմանը։ Խնդիրը ո՞րն է։ Պարոն Ծառուկյանը, հաշվի առնելով, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն եւ հավատարմագրային կառավարիչ Սեդրակ Առուստամյանը գտնվում է կալանքի տակ, իսկ էդ ձեռնարկություններում անհրաժեշտություն է առաջացել, որ նրանց բնականոն աշխատանքը շարունակվի, ի՞նչ է արել, ուղղակի ստորագրել է՝ փոխվել են տնօրենը եւ հավատարմագրային կառավարիչը։ Էս պայմաններում պետք է հստակ արձանագրենք, որ Ծառուկյանը որեւէ կերպ կառավարչական ոչ մի գործողություն, գործառույթ չի իրականացրել։ Բացի դրանից էլ՝ անձամբ չի մասնակցել իրեն սեփականության իրավունքով պատկանող ձեռնարկությունների կառավարմանը»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտավոր էր հարուցել այդ վարույթը, քանի որ եղել է քաղաքացու կամ որեւէ մարմնի դիմում, իրենք կգնան, կմասնակցեն վարույթի քննությանը եւ, կախված որոշման բովանդակությունից, հետագայում իրենց անելիքը կորոշեն։ Օրինակ՝ կարող են բողոքարկել որոշումը, եթե դրա հետ համաձայն չլինեն։