Այսօր պատգամավորը մեզ խնդրում է օգնել՝ ֆեյսբուքով «լայվ» մտնելու հարցում․ Արա Սաղաթելյան

Այսօր պատգամավորը մեզ խնդրում է օգնել՝ ֆեյսբուքով «լայվ» մտնելու հարցում․ Արա Սաղաթելյան
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիեւում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին եւ ելույթ է ունեցել՝ խորհրդարանական վարչակազմերի բարեփոխման թեմայով։



Նա իր ելույթում անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի վարչական բարեփոխումներին ասել է․ «Մեր աշխատակազմերը, անգամ դրանցից ամենաձեւավորվածները, նման են լավ խնամված, լուրջ, յուրաքանչյուր շրջադարձը համակողմանի ծանրութեթեւ անող, առանց խախտումների ճամփա ընկած ավանդական Ռոլս-Ռոյսերի, որոնք անցյալում հանրային վարքագծի խնդիրներ էին կարողանում լուծել՝ անգամ իր ներկայացուցչական տեսքով ազդելով մարդկանց պատկերացումների եւ պահանջների վրա: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է: Հիմա մեր Ռոլս-Ռոյսերը պիտի սպասարկեն հասարակություններ, որտեղ եղանակ են ստեղծում մեքենաների արանքով սլացող չմշկորդը, թվիթերի հաղորդագրությունը, ֆեյսբուքյան քոմենթը, սելֆին ու վիքիպեդիայից արված «քոփին»: Այսինքն արագը, թեթեւը, ոչ խորը, պարզը ու ամենակարեւորը` ներառականը, երբ քաղաքականության օբյեկտը այլեւս պարտադիր ուզում է նաեւ դրա իրականացման սուբյեկտը լինել: Սա է այսօրվա իրականությունը: Արդյոք մեր ավանդական համակարգերը պատրա՞ստ են սրան, կարծում եմ` ոչ ամբողջովին:



Այսօր պատգամավորը մեզանից առաջին հերթին ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում: Ես, իհարկե, պարզունակ օրինակներ եմ հիմա բերում ավելի պատկերավոր լինելու համար, բայց ասածս երեւի պարզ է. մենք պիտի կարողանանք պահպանել ավանդականը, ինստիտուցիոնալը, Ռոլս-Ռոյսը, բայց չպետք է շատ հետ մնալ առաջ սլացող չմշկորդից, այլապես կկորցնենք մեր ու իր կապը, ինչը ամենեւին էլ ցանկալի չէ: Սա խնդիր է, որի շուրջ քննարկումների առիթներ դեռ շատ կունենանք, կարծում եմ:



Ավարտելով ելույթս՝ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին եւ գործընկերներին օգտակար եւ արդյունավետ քննարկման համար»,-ասել է Արա Սաղաթելյանը: