Խորքային իմաստով ճանաչեցի մարզս, քաղաքացուն, դեռ անելիք ունեմ մարզում. Կոտայքի մարզպետ

Խորքային իմաստով ճանաչեցի մարզս, քաղաքացուն, դեռ անելիք ունեմ մարզում. Կոտայքի մարզպետ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ Կոտայքի մարզի ցուցակը կգլխավորեն Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը եւ ՔՊ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյանը:



Զրուցեցինք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:



**-Պարո´ն Պետրոսյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը Ձեր որոշո՞ւմն է:**



-Որոշումը բնականաբար իմն էր, բայց որոշման մեջ շատ կարեւոր է նաեւ քաղաքական թիմի տեսակետը: Կուսակցության հիմնադիր անդամ եմ, քաղաքական որոշակի կշիռ ունեմ, բնականաբար պետք է մասնակցեմ, որովհետեւ պառլամենտական կառավարման երկրում ԱԺ-ի ընտրությունները դա կարեւորագույն քաղաքական իրադարձություն է, որտեղ քաղաքական թիմը իր ողջ ռեսուրսով եւ պոտենցիալով պետք է առողջ մրցակության դուրս գա, դրանով է պայմանավորված իմ որոշումը:



**-Հստակեցրել եք Կոտայքի մարզում ՔՊ քանի՞ թեկնածուներ կունենա:**



-Քննարկման փուլում է, 3 օր է ակտիվ նիստեր ենք անում վարչությունում, համաձայնեցնում ենք թեկնածուների ունեցած քաղաքական վարկանիշը: Վերջնական որոշում դեռ չունենք:



**-Ի՞նչ անուններ են շրջանառվում:**



-Ունեցած քաղաքական կարգավիճակից ու քաղաքական կշռից ելնելով բնականաբար Կոտայքի մարզում կառաջադրվի նաեւ Սասուն Միքայելյանը: Մեր մյուս ընկերների մասով թույլ տվեք դեռ չխոսեմ:



**-Պարո´ն Պետրոսյան, մասնակցելու եք ընտրություններին ՔՊ-ին ձայներ ապահովելու համա՞ր, թե՞ կգնաք խորհրդարան:**



-Կուսակցության համար ձայներ ապահովել հասկացությունը ես մերժում եմ, որովհետեւ դա քաղաքացու քվեն է: Եվ չի կարելի քաղաքացու քվեի հետ վարվել նյութականցված ինչ-որ արժեքի նման: Ես ձայն չեմ ապահովելու կուսակցության համար: Ես մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ, որպեսզի իմ քաղաքական կշիռը կենտրոնացնեմ ի օգուտ իմ քաղաքական թիմին: Իսկ ընտրութուներից հետո քաղաքական թիմի եւ անձամբ վարչապետի հետ միասին կհասկանանք, թե որքանով է նպատակահարմար իմ հետագա պաշտոնավարումը մարզպետի պաշտոնում, թե՛ այլ գործադրի կարգավիճակում, թե՛ նույնիսկ Աժ-ում: Այս պահին այս առումով ոչինչ չեմ կարող ասել, պետք է որոշենք քաղաքական թիմով:



**-Իսկ եթե որոշումը Ձեզ թողնեն:**



-Եթե ուզում եք իմ անձնական կարծիքը իմանալ, այո, գործադիրի կառավարումը ինձ շատ հոգեհարազատ է, մասնավորապես Կոտայքի մարզում: Մենք գործընթացներ ենք մեկնարկել, պրոցեսներ են ընթանում, խորքային իմաստով ճանաչեցի մարզս, քաղաքացուն, դեռ անելիք ունեմ մարզում:



**-Ձեր եւ Սասուն Միքայելյանի միջեւ մրցակցություն կա՞:**



-Մեր միջեւ շատ առողջ մրցակություն եւ քաղաքական տրամաբանության մեջ է բացառապես: Սասուն Միքայելյանն ունի իր լուրջ քաղաքական կենսագրությունը, պայքարի տարբեր փուլելով անցած, թրծված: Ես համեմատ ավելի երիտասարդ գործիչ եմ: Քաղաքական հետագծի առումով երկուսս էլ ՔՊ հիմնադիր անդամներ ենք, ընթացիկ վարչության անդամներ ենք, այսինքն՝ ունենք քաղաքական համախոհության երկար կենսագրություն եւ այդ առումով մեր միջեւ առողջ մրցապայքար է: Սասուն Միքայելյանի էլեկտորատը նախապատվությունը կտա իրեն, իմը՝ ինձ:



**-Կոտայքի մարզը համարվում է ԲՀԿ-ական մարզ: Անցած ընտրություններում անգամ ՀՀԿ-ին չի հաջողվել հաղթել ընտրություններում: ՔՊ-- շանսերը Կոտայքի մարզում ինչպիսի՞ն են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ի ցուցակում կառաջադրվի Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը:**



-Ես ինֆորմացիա չունեմ, թե ո՞ր կուսկացությունից ովքեր են առաջադրվում: Կոտայքի մարզի քաղաքացին տեսնում է յուրաքանչյուր քաղգործչի, յուրաքանչյուր կուսակցության, յուրաքանչյուր գործչի հետագիծը եւ ասելիքը, ապա իր որոշումն է կայացնում: Մարզում կան մեծ թվով օդիոզ գործիչներ, կան տնտեսական հսկաներ, բայց ազգային ժողովի ընտրություները դա խորքային իմաստով քաղաքական գործընթացներ են եւ քաղաքացին չպետք է կապի մեկը՝ մյուսի հետ: Մարզում բնակչի վերափոխումը քաղաքացու տեսլականը հենց դրա համար է, որպեսզի արժանապատիվ քաղաքացին հենց ինքը կայացնի իր որոշումը եւ իր քաղաքական ընտրությունը չպայմավորի որեւէ այլ բաղադրիչով՝ մասնավորապես կեցության, սննդի, գույքի եւ այլի հետ: Քաղաքական գործընթացներում ընտրությունը պետք է կատարվի բացառապես քաղաքական ասելիքի, քաղաքական ծրագրի, քաղաքական հետագծի միջեւ:



**-Հնարավո՞ր է գյուղական համայնքի ղեկավարները ընտրություններում աշխատեն Ձեզ ձայն ապահովելու համար:**



-Ո´չ, հնարավոր չէ: Որեւէ համայնքի ղեկավարի, որեւէ դեպքում մեզ արջի ծառայություն մատուցելու համար չենք դիմելու, եւ մենք թույլ չենք տալու որ մեր մարզում եւ առհասարակ Հայաստամում որեւէ կերպ, որեւէ ուժի համար լծակներ օգտագործվեն: Կլինի դա մեր կուսակցության, թե այլ մրցակից կուսակցությունների եւ դաշինքների համար: Ինչ վերաբերվում է մեր կողմից առաջադրված գյուղական համայնքների 4 ղեկավարներին իրենք նաեւ քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, քաղաքական առումով, որպես անհատներ իրենք, բնականաբար ազատ են գործելու, դա իրենց սահմանադրական իրավունքն է: Բայց համայնքի ղեկավարի կարգավիճակը ես ձեզ երաշխավորում եմ՝ չեն բանեցնելու: Ամսի 16-ին նախատեսում ենք մազխորհրդի արտահերթ նիստ, որին կմասնակցեն նաեւ մարզի շատ կառույցների ղեկավարներ, եւ այդ մասին եւս մեկ անգամ պաշտոնապես կասվի՝ որեւէ կերպ, որեւէ քաղաքական ուժի, որեւէ ձեւով չփորձեն արջի ծառայություն մատուցել: Մենք շատ հետամուտ ենք լինելու այդ խնդրի իրագործմանը, հետեւողականորեն դրա իրակացմանը:



**-Պարոն մարզպետ, ասում են անծուխ կրակ չի լինում, վերջիվերջո ի՞նչ հարթության վրա են լարվել Ձեր եւ Սեւակ Միքայելյանի հարաբերությունները, որը քննարկման առարկա է դարձել մամուլում:**



-Ես պատասխանատու կերպով արդեն մի քանի անգամ հերքում են այդ ինֆորմացիան, չկա նման բան: Քաղաքական իմաստով շատ ներառական մարդ եմ: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ իր մեկ քայլով կարող է օգնել մեզ, կամ կյանքի որակը փոխել մարզում, ես նրա ձեռքը կսեղմեմ: Մնացած այս ասեկոսները այս քաղաքկան գործչի հետ խնդիր ունեմ, մյուսի հետ հարաբերությունները լարված են, դա սուտ է: Սեւակը իր պարկեշտության, մեր փոխադարձ հարգանքի, իրեն թույլ չի տա մտնի իմ աշխատասենյակ, ձայնը բարձրացնի: Ես ինքս էլ որեւէ մեկին թույլ չեմ տա նման կեցվածք իմ անձի նկատմամբ, նաեւ մարզպետի ինստիտունի նկատմամբ:



**-Ընտրություններից հետո հանդիպե՞լ եք Սեւակ Միքայելյանի քննարկելու քաղաքի հետ կապված որեւէ խնդիր:**



-Ես ձեզ ազնվորեն ասեմ, ընտրություներից հետո ես Սեակի հետ չեմ հանդիպել: Նույն շենքում ենք նստում, երկու անգամ կոնտակտ եմ ունեցել նրա հետ, որ իջնի խոսենք, հասկանանք ինչ ընթացքի մեջ են գործերը, նա աշխատանքային միջավայրում էր, բնակիչների հետ հանդիպման էր, որը ինչ ինձ շատ ուրախացրեց:



**-Նախորդ մարզպետները սանհանգույցը հանգստի սենյակ են դարձրել եւ այդտեղ հանգստանում էին, դուք օգտվո՞ւմ եք այդ սենյակից:**



-Ես չեմ չափազանցնում, գալիս եմ աշխատասենյակ, նստում են աշխատասեղանիս մոտ աշխատում եմ, ապա մեկնում եմ որեւէ համայնք, դպրոց, բուժկենտրոն, կամ այլ հանդիպումների: Օրերով հանգստի սենյակ չեմ մտնում, Այո´, կա հանգստի սենյակ, պետական պաշտոնյաներին նաեւ հակացուցաված չէ հանգստի սենյակ ունենալը, բայց հանգստի սենյակում լինելու բացարձակապես ժամանակ չունեմ:



**Նելլի Կարապետյան**