Ոտաբոբիկ՝ Գյումրիից մինչև Արցախ. 70-ամյա գյումրեցու նախաձեռնությունը

Ոտաբոբիկ՝ Գյումրիից մինչև Արցախ. 70-ամյա գյումրեցու նախաձեռնությունը
Այսօր 70-ամյա գյումրեցի Գագիկ Մուրադյանը մեկնարկեց իր աննախադեպ ակցիան: 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Հիշողության ղողանջներ» հասարակական կազմակերպության ղեկավարը, ոտաբոբիկ վազքով անցնելու է Հայաստանի բոլոր մարզերով` հասնելով մինչև Արցախ ու ետ է դառնալու Գյումրի`ճանապարհին բաժանելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հաշվեհամարը, որպեսզի գումար հավաքվի և լուծվի անօթևան ընտանիքների խնդիրը:



«Ոտաբոբիկ եմ վազելու եւ այդպես հարգելու եմ երկրաշարժին ընկած հազարավոր զոհերի հիշատակը»,-նշում է վազորդը: Ըստ նախատեսվածի նա անցնելու է 831 կմ ճանապարհ և դեկտեմբերի յոթին լինելու է Գյումրիում: Ողջունելով նախաձեռնությունը` Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը նշել է, որ երբ առաջին անգամ իմացել է այդ մասին մեծ ոգևորությամբ է ընդունել և փորձել է աջակցել: «Այսօր ամենամեծ խնդիրներից մեկը բնակարանային խնդիրն է: Այս ձեռնարկը խնդրի թեթևացմանն է միտված ու նաև նպաստելու է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործունեության մասսայականացմանը:



Երկրաշարժից 30 տարի անց պետք է վերջ տալ անօթևանությանը, այս առումով յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ: Եվ այդ փոքրիկ ներդրումների արդյունքում մենք այլևս չենք ունենա անօթևան մարդիկ: Շատ ուրախ եմ, որ բոլոր մարզերը մեր կոչին միացել են: Ես հույս ունեմ առավել շատ մարդկանցով դիմավորենք վազորդին, իսկ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը շատ շուտով դառնա Գյումրու շենացման հիմնադրամ»,-նշել է փոխմարզպետը՝ Աբովյան փողոցում ուղեկցելով Գագիկ Մուրադյանին: