Մենք ծառայելու ենք ժողովրդին ոչ թե խոսքով, այլ գործով. Սեւակ Միքայելյան

Մենք ծառայելու ենք ժողովրդին ոչ թե խոսքով, այլ գործով. Սեւակ Միքայելյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին եւ համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սևակ Միքայելյանին: Ոջունելով համայնքապետարանի աշխատակիցներին՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հրազդան քաղաքի համար մի կարևոր էջի սկիզբ է դրվում, քանի որ համայնքը ազատ և արդար ընտրությունների արդյունքում ունեցավ ընտրված ղեկավար.



«Հետհեղափոխական նոր Հայաստանում իշխանությունների կողմից երաշխավորված է լինելու յուրաքանչյուր քաղաքացու քվեի իրացումը, եւ ՏԻՄ-ի վերջին ընտրությունները դրա վառ արտացոլանք էին, որ մենք մեր ասածի մեջ հաստատակամ ենք: Ընտրություններում հաղթանակ տանելը ինքնանպատակ չհամարելով՝ մեր քաղաքական ուժի համար սկզբունքային է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծումն ու քաղաքական գործընթացներում քաղաքացու հաղթանակը։ Առաջ դեպի հավասար հնարավորությունների Հայաստան»,-խոսքը եզրափակեց Պապիկյանը:



Կոտայքի մարզպետը, շնորհավորելով Սեւակ Միքայելյանին, նշեց, որ Հրազդանն ունեցավ ընտրված քաղաքապետ, որտեղ բացակայում էր դաբրոների եւ տանիքների ինստիտուտը. «Կա պարզ, շիտակ, մրցակցային ընտրություն, որտեղ մեր գործընկերը ծանրակշիռ ձայներով հաղթել է: Նշեմ, որ այս կարճ ընթացքում որոշակի փոփոխություններ արդեն կատարվել են Հրազդանում, եւ այդ փոփոխությունները միտված են Հրազդանին վերադարձնելու այն ժպիտը, որը խամրել էր վերջին տարիներին»,- իր խոսքում ասաց Ռոմանոս Պետրոսյանը:



«Մենք բոլորս գիտենք, թե Հրազդանը ինչ վիճակում է գտնվում: Մենք միասին պետք է Հրազդանը դուրս բերենք այս վիճակից ու ամեն ինչ անելու ենք քաղաքը շենացնելու համար: Մենք ծառայելու ենք ժողովրդին ոչ թե խոսքով, այլ գործով: Ես կդիմեմ մեր կառավարությանը եւ վարչապետին, որպեսզի մեզ աջակցի: Շնորհակալ եմ, պարոն Միքայելյան, Ձեզանից, հայրիկ ջան, որ միշտ եղել է ես ժողովրդի կողքին: Սասուն Միքայելյանի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ մեծ պատասխանատվություն»,-ասաց նորընտիր քաղաքապետ Սեւակ Միքայելյանը:



Հրազդանի նորընտիր քաղաքապետը բանակում չի ծառայել: Ըստ նրա կենսագրության՝ բանակից ազատվել է կարճատեսության պատճառով: Բանակում չծառայելու փաստը Սեւակ Միքայելյանը այսպես պարզաբանեց. «Տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ եմ ունեցել, վիրահատվել եմ, եւ այն ժամանակ եմ ազատվել բանակից, երբ որ իմ հայրը գտնվում էր կալանավայրում»:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը ստացել էր 10 681 քվե, իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե:



**Նելլի Կարապետյան**