Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսի եղբայրը ծնվեց

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսի եղբայրը ծնվեց
Երեկ ուշ երեկոյան Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գյումրեցի քաջորդի [Վիկտոր](https://www.hraparak.am/posts/591f9c8de3d84d0d37fc9ad7/%D5%A1%D5%B5%D5%A4%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A7%D5%AC-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A1-%D5%A9%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B9%D6%83%D5%B8%D5%AD%D5%A5%D6%81) Յուզիխովիչի եղբայրը: Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից հայտնում են, որ երեխան ծնվել է առողջ:Ի պատիվ հերոսի՝ ծնողները փոքրիկին անվանակոչել են Վիտյա:



Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3-րդ ավագ դպրոցի բակում, ի հիշատակ Թալիշում նահատակված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչի, կանգնեցված է խաչքար ու ցայտաղբյուր։ Վիկտորի՝ սոցցանցում պատերազմի թեժ պահին մահից առաջ արված վերջին գրառումը տեղ է գտել նրա հիշատակի խաչքարի վրա։ «Տղանե՛ր, ինչ էլ որ լինի հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք։ Վախը կյանքում տեղ չունի»։



Գյումրեցիների լեզվով ասած Թուրքի մայլա՝ այժմյան Արցախի թաղամասից էր Վիկտորը: Նա սովորել է հենց այդ դպրոցում: Նույն դպրոցում հերոսի անունը կրող դասասենյակ է բացվել, ինչպես նաև դպրոցի նորաստեղծ խաղահրապարակը կոչվեց հերոսի անվամբ։ Վիկտորը Հայաստանի բռնցքամարտի բազմակի չեմպիոն էր, Եվրոպայի փոխչեմպիոն։ Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվեց։ Ուզում էր ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ՝ երազանքն էր:Դժբախտ պատահականությամբ Վիկտորը հողին հանձնվեց մոր ծննդյան օրը` ապրիլի 8-ին,Վիկտորի հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը ուկրաինացի է, մայրը՝ Աննան, հայուհի:



Այս ընտանիքն աչքի է ընկնում առանձնակի զսպվածությամբ: Լուռ տանում են իրենց վիշտը՝ մեծացնելով եւ հայեցի դաստիարակություն տալով՝ Վիկտորի կրտսեր եղբորն ու քրոջը:Ընտանիքը համալրվեց ևս մեկ քաջորդիով:



Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի