Հարազատները երկու օր փնտրել են Սեյրան Օհանյանի քենուն, ապա հայտնաբերել են կամրջի տակ

Հարազատները երկու օր փնտրել են Սեյրան Օհանյանի քենուն, ապա հայտնաբերել են կամրջի տակ
Սեյրան Օհանյանի քենու`Լուիզա Խաչատրյանի մահվան մասին առաջին լուրերի մեջ նրա անունը նշված չի եղել։ Առավոտյան 10-ին մոտ ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Դավթաշենի կամրջի տակ անհայտ կնոջ դի է հայտնաբերվել։ Հարազատները կարդացել են կայքերում, որ կամրջի տակ ինքնասպանի դիակ է հայտնաբերվել, եկել են դեպքի վայր և ճանաչել են մարմինը։



Նրանք հայտնել են, որ Լուիզա Խաչատրյանը մինչ այդ երկու օր կորած է եղել, և իրենք փնտրել են նրան։ Այս մասին հայտնեց իրավապահներին մոտ իրազեկ աղբյուրը։ Նա հայտնեց նաև, որ նախնական զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, այլ կան բարձրությունից ընկած մարդուն բնորոշ վնասվածքներ։ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ նախնական վարկածը ինքնասպանությունն է։ Լուիզա Խաչատրյանը երկու երեխա ուներ, նա մոտ 42 տարեկան էր։



Ժամանակին աշխատել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, որտեղից մի քանի տարի առաջ հեռացել է։ Այստեղ է ներկայում աշխատում Լուիզա Խաչատրյանի քույրը՝ Սոնա Խաչատրյանը, որը տարիքով ավելի մեծ է։ Որոշ լրատվական կայքերում շփոթմունք է տեղի ունեցել, և գրվել է, որ մահացածը Սոնա Խաչատրյանն է։ Ըստ որոշ վարկածների, նա հոգեբանական խնդիրներ ուներ։



Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ Լուիզան ժպտադեմ, հանգիստ, ապահովված կին էր, և հիվանդանոցի կոլեկտիվը, տեղեկանալով նախկին գործընկերոջ մահվան մասին, շոկի մեջ է։



**Սյուզան Սիմոնյան**