ԱԳՆ-ից չգիտեի՞ն այս մասին

ԱԳՆ-ից չգիտեի՞ն այս մասին
ԱԳՆ-ի կողմից 254 անձի դիվանագիտական անձնագրերը հետ վերցնելու մասին մեր հրապարակման վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ Մարդիկ հարցադրումներ են անում, թե ինչո՞ւ են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները՝ երեխաներով, թոռներով հանդերձ, ստացել դիվանագիտական անձնագիր։ Ու մինչ այժմ ԱԳՆ-ից որևէ մեկնաբանություն չի եղել այս կապակցությամբ։ ԱԳՆ խոսնակն ընդամենը իր ոճին համապատասխան երեկ հոխորտացել էր, թե մեր կողմից այս ցանկի հրապարակումը կատարվել է հակաօրինական ճանապարհով՝ չմեկնաբանելով, թե ինչն է հակաօրինական եւ ինչու չպետք է հանրությունը տեղեկանա ում են տրամադրում կամ ում են զրկում դիվանագիտական անձնագրերից։ Եվ մինչ ԱԳՆ-ն լռում է և որևէ բան չի պարզաբանում, մենք ուսումնասիրեցինք ՀՀ օրենքը Դիվանագիտական ծառայության մասին և պարզեցինք հետևյալը, որ սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս մի շարք պաշտոնյաների՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ՍԴ նախագահ, պատգամավորներ, նախարարներ և այլն, դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին դիվանագիտական անձնագրեր տրվել են օրինական կարգով։ Այլ հարց է, թե ովքեր են մտնում ընտանիքի անդամների մեջ։ Օրինակ՝ հայտարարագրման տեսանկյունից ընտանիքի անդամ չեն համարվում դուստրերը, որոնք ամուսնացել և առանձին ընտանիք ունեն, առհասարակ, նրանք, որոնք տարվա կտրվածքով 180 օր և ավելի չեն բնակվում տվյալ ընտանիքում, ինչպես նաև նրանք, որոնք ինքնուրույն տնտեսություն են վարում։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեպքում դիվանագիտական անձնագրեր են ստացել նրանց դուստրերը, հարսները, թոռները։



Ուստի հարց է առաջանում՝ ԱԳՆ-ից չգիտեի՞ն այս մասին, կամ չէի՞ն կարող պարզաբանել այս ամենը։ Թեպետ՝ միայն այս անձանց հարցը չէ, որ տարակուսանք է առաջացնում նշված ցանկում, և պարզաբանման ենթակա շատ հարցեր կան տարբեր անձանց մասով, որ պետք է բարի լիներ ներկայացներ ԱԳՆ-ն, որը չի արել և կարծես թե չի էլ պատրաստվում անել։ Առհասարակ, ԱԳՆ-ն մեր երկրի թերևս ամենափակ և մամուլի հետ ամենավատ շփվող կառույցն է, որն ի վիճակի չէ սպառիչ պատասխան և պարզաբանում տալ և զբաղված է հիմնականում լրատվամիջոցների հարցադրումներն ու նյութերը տապալելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով։ Իսկ թե հանրությանը հետաքրքրող, հանրային շահին առնչվող տեղեկատվությունը մենք որտեղից եւ ինչպես ենք ձեռք բերել, դա ոչ մեկին չի վերաբերում եւ այս ցանկը «հակաօրինական ճանապարհով ձեռք բերված» անվանելն առնվազն ծիծաղելի է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**