Որպես զուտ բիզնես պրոյեկտ, սա խենթ նախաձեռնություն է

Որպես զուտ բիզնես պրոյեկտ, սա խենթ նախաձեռնություն է
_Հարցազրույց «Կարաս» գինու գործարանի տնօրեն Խուլիանա Դել Ագիլայի հետ․_



**-Ես գիտեմ, որ որակյալ գինու հաջողության գրավականը խաղողի այգիների համար ճիշտ տեղանք ընտրելն է: Ինչպե՞ս է կատարվել այդ ընտրությունը, ինչու՞ հենց Արմավիրի մարզ:**



-Երբ իմ հորեղբայր Էդուարդո Էռնեկյանը մտածում էր Հայաստանում գյուղատնտեսության մեջ ներդրում անելու մասին, առաջինը ինչ նա փնտրում էր, դա մեծ հողակտորն էր, քանի որ նա ցանկություն ուներ մեծ ծրագիր իրականացնել և ապագայում ընդլայնվելու հնարավորություն ունենալ։ Արմավիրի մարզն ուներ մի քանի առավելություն՝ խաղողագործության համար բարենպաստ հողեր, ընդարձակ տարածքներ և Արարատ լեռանը նայող հիասքանչ տեսարան։ Արդյունքում այստեղ կառուցվեց ոչ միայն «Կարաս»-ի գործարանը, այլ նաև էռնեկյանի առանձնատունը։



**-Քանի որ «Կարաս»-ը հայկական գինեգործության պիոներն ու առաջատարն է, կպատմե՞ք ինչպես է Ձեզ հաջողվել մտնել այս բարդ շուկան, միգուցե կան գաղտնիքներ, խորհուրդներ, թե ինչպես կայանալ ու հաջողության հասնել այս ոլորտում։**



-Մենք փնտրում ենք լավագույն և ամենաճիշտ հողերը խաղողագործության համար: Մենք հոգ ենք տանում որակի մասին՝ ամեն տարի բարելավելով այն և ամեն ինչ անում ենք սիրով և նվիրումով: Բացի այդ, մենք շատ հետաքրքրասեր ենք, մենք սիրում ենք նոր բաներ փորձել, նոր բաներ ուսումնասիրել և արդյունքները բարելավել: Սա է հաջողության բանալին մեզ համար, մեր գաղտնիքը: Պետք է հասկանալ, որ այս ոլորտի առավելությունն այն է, որ ամեն տարին նոր սկիզբ է, նոր մարտահրավերներ, նոր ձեռքբերումներ ու նոր մոտեցումներ կիրառելու հնարավորություն։ Ամեն տարին բացառիկ է, և մենք մեր խաղողի այգիների հետ մեծանում և հմտանում ենք: Հավանաբար հենց դա է մեր հաջողության գրավականը։



-**«Կարաս»-ն իր առաջին արտադրանքը տվել է 2010 թվականին: Ձեզնից քանի՞ տարի պահանջվեց առաջին տնկիից մինչ առաջին գինու շշին հասնելու համար։**



-Առաջին խաղողի ողկույզը տնկվել է 2006-ին: Առաջին տարիներին գինի չենք պատրաստել, խաղողը այլ գործարաններին էինք հանձնում։ Որպես կանոն, երբ տնկվում է խաղողը, անհրաժեշտ է առնվազն 3 տարի, որ որակյալ գինի ստացվի, ու ինչքան խաղողը մեծանում է, այնքան կայուն ու որակյալ է լինում բերքը։ 



-**Երբ նայում ես «Կարաս»-ի պիտակին, տեսնում ես, որ 3-4 տեսակի խաղող է օգտագործվել: Դա ինչի՞ մասին է խոսում, մի՞թե լավ գինի ստանալու համար անհրաժեշտ են շատ տեսակներ:**



-Ոչ, չկա նման անհրաժեշտություն: Ինչ վերաբերվում է մեր գինիներին, երբ «Կարաս»-ի այգիներն էին տնկվում, մենք շատ բան գիտեինք համաշխարային գինեգործության մասին, բայց գրեթե ոչինչ հայտնի չէր հայկական խաղողի մասին, ու ժամանակ էր պետք տարբեր մոտեցումներ, մեթոդներ փորձելու համար։ Մի քանի տեսակի խաղող խառնելը ավելի աշխատատար, բարդ և անկանխատեսելի պրոցես է, արդյունքում մի քանի տեսակից պատրաստված գինին ավելի թանկ է ստացվում։ Իհարկե, «Կարաս»-ն ունի նաև մի տեսակից պատրաստված գինիներ, բայց «Կարաս»-ը կարողացել է թանկ գինին դարձնել մատչելի, ու մեր գնորդին հնարավորություն ենք տվել խմել թանկ տեսակներից պատրաստված գինին՝ մատչելի գնով։



-**Որքա՞ն են կազմում  հայկական խաղողի տեսակները «Կարաս»-ի գինիներում։**



-Բոլոր գինիները հայկական խաղողից են, քանի որ բոլորն էլ տնկվել են Արմավիրի մեր խաղողի այգիներում: Մեր խաղողների մի մասը հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ մյուսները, ասենք, Կանգունն ու Արենին, հայտնի են Հայաստանում եւ շատ մեծ ներուժ ունեն աշխարհում ճանաչում ստանալու համար: Պետք է հասկանալ, որ եթե խաղողը աճում է Հայաստանում, գինին պատրաստվում է այստեղ, սա արդեն իսկ նշանակում է, որ գինին ամբողջությամբ հայկական է, քանի որ հողն ու բնակլիմայական պայմանները ահռելի նշանակություն ունեն: Մի խոսքով, գինու հայկական ոգին է կարևոր։



**-Ձեր կայքում երկու գինեգործների անուն է նշված: Հանրահայտ Միշել Ռոլանը, ով աշխարհի լավագույն գինիների հեղինակն է ու արգենտինացի Գաբրիել Ռոխելը։ Արդյոք սա նշանակում է, որ հայ գինեգործերը դեռ բավականաչափ փորձառու չեն ու անհրաժեշտ է օտարերկրյա մասնագետների ներառել լավ գինի ստանալու համար։

**

-Երբ «Կարաս»-ը այգիներ էր հիմնում, Հայաստանում գինեգործությունը դեռ առաջին քայլերն էր անում և շատ դժվար էր մասնագետներ գտնել։ Ստիպված թե՛ տեխնիկա ներմուծեցինք, թե՛ մասնագետներ հրավիրեցինք։ Իհարկե, հիմա մեր թիմում հիմանակամնում տեղացիներ են աշխատում, իսկ սկզբում ժամանակը սուղ էր, այդ պատճառով որոշեցինք հրավիրել այն գինեգործներին, որոնց հետ արդեն համագործակցել էինք Արգենտինայում, և ովքեր հասկանում էին, թե մենք ինչ որակ և արդյունք ենք սպասում։ Հետագայում «Կարաս»-ը սկսեց համագործակցել Հայաստանի գինու ակադեմիայի հետ, որտեղ որակյալ մասնագետներ են պատրաստվում, մենք արդեն իսկ աշխատանքի ենք վերցրել ակադեմիան ավարտած երկու մասնագետի, ում հետ աշխատում ենք շուրջ 3 տարի։ Մեր հիմնական նպատակը այս ոլորտը զարգացնելն է, այդ իսկ պատճառով մեր ամբողջ աշխատակազմը պարբերապար վերապատրաստման է գնում։ Մենք նաև մշտապես աջակցում ենք այն հաստատություններին, որտեղ մասնագետներ են պատրաստվում այս ոլորտը զարգացնելու համար։



-**Կարծում եմ՝ «Կարաս»ի գլխավոր առավելությունը դա մատչելի գներն են: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում արտադրել որակյալ և մատչելի գինի: Եթե նայենք հայկական շուկայի գինիները, դրանք շատ հաճախ չեն կարողանում պահել գնի և որակի բալանսը։**



-Ամենակարևորը գնորդի հետ անկեղծ լինելն է գնի ու որակի հարցում: Պետք է հաստատվել և ամրապնդվել շուկայում, որ մարդը վստահի մեր ապրանքանիշին և հստակ իմանա` «Կարաս»-ի որակը անփոփոխ է, իսկ գինը՝ մատչելի։ Քանի որ մեր ոլորտը շատ արագ է զարգանում, մրցակցությունն էլ շատ մեծ է, պետք է մրցունակ լինես ոչ միայն տեղական գինիներին նկատմամբ, այլև՝ ներմուծվող։ Մեր նպատակն է որակյալ արտադրանքը մատուցել՝ մատչելի գնով: Մենք աշխատում ենք դրա համար: Երկարաժամկետ առումով, աճելու եւ կայուն արդյունքների հասնելու միակ ձևն այն է, որ մարդիկ հավատան քո ապրանքանիշին:



-**Անցյալ տարի «Կարաս»-ը վաճառքի հանեց նոր գինի՝ ««Կարաս» Գրանդ Ռեզերվ»: Ինչո՞վ է այն տարբերվում «Կարաս» Ռեզերվից, բացի հնեցման ժամկետից ու գնից, ուրիշ տարբերություններ կա՞ն։**



-Սա ամբողջությամբ նոր ու յուրահատուկ գինի է, որը պատրաստվում է մի քանի տեսակի խաղողից։ Ամեն տարի մենք ընտրում ենք լավագույն խաղողները և լավագույն խաղողից պատրաստում ենք լավագույն գինին` շատ սահմանափակ քանակով, արդյունքում ստանում ենք բացառիկ, չկրկնվող համ ու որակ։



-**«Գրանդ Ռեզերվը» կարելի՞ է գնել երկար պահելու հեռանկարով, միգուցե ժառանգություն թողնելու մտադրությամբ։

**

-Այո, իհարկե, «Գրանդ Ռեզերվը» հանգիստ կարելի է 10-12 տարի պահել և գինին միայն կշահի, քանի որ այն շշի մեջ հնանում և զարգանում է՝ այդպիսով բացելով իր ողջ պոտենցիալը։



-**«Կարաս»-ի ո՞ր տեսակներն են արտահանվում, ո՞ր երկրներ եւ արդյոք հայկական գինին մրցունա՞կ է համաշխարհային շուկայում։

**

-Մեր արտադրանքի շուրջ 50 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, Եվրոպայի ամբողջ տարածք, Միջին Արևելք և ընդհանուր առմամբ 15 երկիր։ Իհարկե դեռ շատ բան կա անելու, բայց արդեն իսկ մեր գինիները մեծ ոգևորությամբ են ընդունվում աշխարհում, մարդկանց հետաքրքիր է նոր ու ինքնատիպ հայկական գինիներ փորձել, ինչը չի կարող չոգևորել նաև մեզ։



-**Գանք բիոդինամիկ գինիներին: Ինչպե՞ս եք գնահատում այս տիպի գինեգործության հեռանկարը Հայաստանում, քանի որ աշխարհում սա գինեգործության ավանգարդն է համարվում, և ինձ հետաքրքիր է նաև Ձեր կարծիքը։

**

-Մենք արդեն աշխատում ենք օրգանական մեթոդներով, ինչը բիոդինամիկային նախորդող էտապն է։ Այս ոլորտում պետք է առաջ գնալ քայլ առ քայլ, և մեզ համար առաջնահերթ է կայուն որակ ու զարգացում ունենալը։ Մենք կիրառում ենք օրգանիկ գինեգործություն, սա նշանակում է, որ խաղողի աճեցումից մինչ շշալցում, միայն բնական մեթոդներով ենք աշխատում։



-**Ինչքա՞ն ներդրում է անհրաժեշտ «Կարաս»-ի պես գինի ստանալու համար, եւ քանի» մարդ է այստեղ աշխատում։

**

-Օ շատ՜, անգամ պատկերացնել չեք կարող։ Սա իհարկե երկարաժամկետ նախագիծ է: Եթե խոսենք այգիների մասին, այստեղ անապատ է եղել, պատկերացրեք՝ ինչքան ժամանակ ու միջոց է պահանջվել այս այգիները ստեղծելու համար։ Իսկ եթե անկեղծ, մեր առաջնահերթությունը ոչ թե եկամուտ ստանալն է, այլ աշխատատեղեր ստեղծելն ու Հայաստանի կայուն զարգացմանը աջակցելն է։ Եվ սա վերաբերում է ոչ միայն «Կարաս» գինիներին, այլ բոլոր ներդրումներին, որ մեր ընտանիքը անում է Հայաստանում: Մեր ընտանիքը նաև չափազանց մեծ կարևորություն է տալիս սոցիալական ներդրումներն։ Մենք շարունակում ենք ներդրումներ անել, ընդլայնել այգիները և նոր գինիներ ենք արտադրում, մի խոսքով կանգ չենք առնում, գնում ենք առաջ, թե չէ որպես զուտ բիզնես պրոեկտ, սա խենթ նախաձեռնություն է:



-**Իսկ ինչպե՞ս անդրադարձավ թավշյա հեղափոխությունը գինեգործության վրա, կա՞ն դրական կամ բացասական հետևանքներ։**



-Իհարկե հեղափոխության ժամանակ կային որոշակի դժվարություններ, օրինակ՝ փակ ճանապարհները, բայց մեծ հաշվով մեզ դա չվնասեց, մենք լիահույս ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, կարծում եմ, որ սա բարեկեցության ու նոր ձեռքբերումների սկիզբ է։



**-Ճի՞շտ է, որ որակյալ գինու համն ու փունջը տարեցտարի պետք է անփոփոխ լինեն, եւ արդյոք համի տատանումը խոսո՞ւմ է գինեգործի անփորձության մասին:

**

-Ոչ, իհարկե, գինին կենդանի օրգանիզմ է, սա գինու ամենահիասքանչ հատկությունն է, որ ամեն տարի կամ նույնիսկ ամեն շաբաթ և օր գինին նոր կերպ է ընկալվում՝ կախված նրանից, թե որտեղ ես վայելում այն` տանը թե դրսում, ինչ միջավայրում, ում հետ, այն տարբեր կերպ է բացվում։ Անգամ եթե նույն գինին խմես 10 տարուց, այն ոչ թե ավելի լավը կամ վատը կլինի, այլ բացարձակ ուրիշ, քանի որ մենք ենք փոխվում ժամանակի հետ և գինին ևս փոխվում է, Էվոլուցիա ապրում մարդու պես։



-**Եթե  ես գինու մեծ սիրահար եմ ու ցանկանում եմ «Կարաս» փորձել, ո՞ր թվականի, ո՞ր տեսակի գինին ինձ խորհուրդ կտաք, միգուցե Ձեր սիրելի՞ն։

**

-Օ՜ շատ դժվար հարց է, կախված է շատ հանգամանքներից, օրինակ՝ այս եղանակին Ձեզ կհյուրասիրեի Ռոզեն (վարդագույն), կեսօրի տապին այն լավագույն կերպ է զովացնում։ Ինչ վերաբերում է իմ սիրած գինուն, ես բոլորն եմ սիրում, օբյեկտիվ չեմ, ընտրությունը հիմնականում կատարում եմ՝ կախված եղանակից, տրամադրությունից և առիթից։



-**Ինչպե՞ս է հաջողվում այսքան երիտասարդ ու հմայիչ կնոջը աշխատել այսքան հին, բազում ավանդույթներ ունեցող բիզնեսում:

**

-Ես չեմ համարում գինեգործությունը հին բիզնես: Ավելի ճիշտ կլինի ասել՝ տրադիցիոն: Կան իհարկե ավանդույթներ, բայց պետք է հասկանալ, որ մենք աշխատում ենք հողի հետ, արևի, խաղողի, մի խոսքով՝ կյանքի հետ գործ ունենք։ Սա նաև ընտանեկան բիզնես է, ու ես չեմ կարող բացատրել՝ ինչ մեծ հաճույք է, երբ դու քո պատրաստած գինին հյուրասիրում ես քո ընտանիքին, որի յուրաքանչյուր անդամը գիտի՝ ինչքան ջանք ու ժամանակ է պահանջվել այդ արդյունքը ստանալու համար։ Այդ մի գավաթով դու պատմում ես մի ողջ տարվա պատմություն՝ մարդկանց մասին, հողի մասին, այս նախաձեռնության մասին և այս երկրի պատմության մասին։ Այս ամենն ինձ չափազանց ոգեշնչում է և թույլ չի տալիս կանգ առնել, այլ ստիպում է առաջ գնալ՝ դեպի նոր նվաճումներ։



**Զառա Մարգարյան**