Նախկին թեկնածուները միավորվել են Անիի համայնքապետի դեմ

Նախկին թեկնածուները միավորվել են Անիի համայնքապետի դեմ
_Երեկվանից Շիրակի մարզի Անի համայնքի կենտրոն հանդիսացող Մարալիկ քաղաքի համայնքապետարանում շիկացած իրավիճակ է։_



Մի խումբ քաղաքացիներ երեկ ներխուժել են համայնքապետարան եւ պահանջել համայնքապետ **Արտակ Գեւորգյանի** հրաժարականը։ Մեզ հետ զրույցում Գեւորգյանը նշեց, որ ճանաչում է նրանց․ այս տարիների ընթացքում նրա՝ տարբեր ժամանակների մրցակիցներն են։ Գեւորգյանը 2004 թվականից ղեկավարում է Մարալիկ քաղաքը, իսկ համայնքների խոշորացումից հետ Անի համայնքի ղեկավարն է․ «Էս պահին ես ավագանու արտահերթ նիստին եմ, այստեղ են 17 բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ Իրենք 20-30 հոգով փորձել են ապակայունացնել իրավիճակը, բոլորն էլ տարբեր ժամանակներում քաղաքական պրոցեսներում հանդես եկած, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հանդես եկած եւ պարտված թեկնածուներ են եղել եւ իրենց՝ այդ 30 հոգու մեջ իրենք առանձին-առանձին իրենց թեկնածուներ են տեսնում, եւ 4 հազար քվեով հաղթած համայնքի ղեկավարը, համայնքի թիմը, համայնքի ՏԻՄ մարմինը չի կարող երբեւէ նահանջել։ Մենք փորձել ենք առաջին օրը նաեւ բանակցել իրենց ներկայացուցչի հետ, ով ներկայացել էր, բացատրել ժողովրդավարական նորմերը, հասկանալ, թե տիրապետո՞ւմ են համայնքի խնդիրներին, թե որոնք են իրենց նշած համայնքի ստրատեգիական նշանակության՝ ժողովրդի անվտանգության հիմնախնդիրները։ Սեյրան անունով մեկն ասում է՝ ի՞նչ կարեւոր են նման բաները, ինձ ո՛չ հետաքրքիր է ժողովրդի անվտանգությունը, ո՛չ էլ ժողովրդի կարեւոր նշանակությունը։ Այսինքն՝ չի պատկերացնում, որ կան ժողովրդավարական նորմեր, եւ չի պատկերացնում, որ սա Անիի համայնքապետարանն է, սա այլեւս Մարալիկի քաղաքապետարանը չէ, ներկայացնում է վարչական բնակավայրերը եւ բնակատեղիները։ Սա Արտակ Գեւորգյանի աթոռը չէ, սա ժողովրդի աթոռն է, եւ ժողովրդի ունեցած վստահությամբ ամիսներ առաջ բացարձակ հաղթանակով, ոչ մի ընտրակեղծիքներ, խախտումներ, ընտրակաշառքներ երբեւէ չեն եղել, չկան եւ չեն կարող գոյություն ունենալ մեր աշխատանքային սկզբունքում։ Մենք մեր քայլը վաղուց արել ենք։ Ո՛չ կոմունալն ենք զավթել ու սեփականաշնորհել, ո՛չ կոլտնտեսությունն ենք ոչնչացրել, ես իրենց հետ ոչ մի ընդհանրություն չունեմ, ես Անի համայնքում երբեւէ չեմ փորձել նման ճանապարհներով իշխանություն նվաճել։ Ընտրություններից հետո մենք, ձեռք ձեռքի տված, թիմերը միավորելով, աշխատել ենք։ Եթե այսօր էլի ընտրություններ լինեն, մենք էլի նույն ձայներն ենք ստանալու։ Մենք այսօր ժողովրդի իշխանությունն ենք, ժողովրդի ներկայացուցիչներն ենք եւ պատրաստվում ենք շարունակել մեր բնականոն գործունեությունը։ Եթե կա որեւէ խախտում, եթե կա որեւէ քրեական գործ, խնդրեմ, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»։



**- Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ձեր տեղակալներից մեկն ասել է, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս բողոքի ակցիաների մեջ, Դուք համակարծի՞ք եք։**



-Ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում դրա մեջ եւ մեր մեջ եւս քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, մենք ծառայել ենք մեր ժողովրդին, տեղական ինքնակառավարմանը, մեր համայնքներին, Հայաստանի Հանրապետությանը եւ մշտապես աշխատել ենք ու աշխատում ենք ՀՀ իշխանության հետ՝ անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանության ղեկին։ Սա պետականության սիմվոլ է, պետականության զգացողություն է, եւ մեր մեջ գոյություն չունեն որեւէ քաղաքական ինտրիգներ։ Դիմացիններիս առումով ես դեռ փորձում եմ պարզաբանել ու հասկանալ, թե որտեղից են գալիս խնդիրները, ովքեր են կանգնած թիկունքում եւ ինչեր են փորձում պղտոր ջրում որսալ, անպայման հետամուտ ենք լինելու, աշխատելու ենք թափանցիկ, բաց եւ պահանջախնդիր, որովհետեւ թույլ չենք տա, որ տանեն ապակայունության, որ գան հայհոյախառն արտահայտություններով կամ մանկապարտեզի երեխաների քնի ժամը չհարգելով՝ էստեղ գործողություններ կատարեն։ Էսօր ողջ համայնքը ոտքի է կանգնել, եւ պահանջում են ինձնից լիիրավ իրավունքով, որովհետեւ ձայն են տվել եւ էսօր պահանջում են եւ իրավունք ունեն պահանջելու, որովհետեւ ժողովրդավարական սկզբունքի մեջ կարեւոր դեր ունի ձայնի իրավունքը, եւ մենք հարգանքով ենք վերաբերվում ժողովրդի իշխանությանը։ Մենք դիմելու ենք բոլոր ատյաններին եւ օղակներին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով ապահովել կայունություն եւ մեր անվտանգությունը, մենք իրավունք չունենք, որ ժողովրդին թողնենք անպաշտպան վիճակում այդ մարդկանց առջեւ, որոնք պատեհապաշտությունից այն կողմ ուրիշ ոչինչ չեն պատկերացնում։



**- Մենք ճի՞շտ հասկացանք, որ այդ 20-30 հոգին այս տարիների Ձեր մրցակիցներն են։**



-Իմ բոլոր ժամանակվա մրցակիցներն են, ովքեր պարտվել են հազարավոր ձայների տարբերությամբ։ Իրենց համար կուսակցությունը կարեւոր չէ։ Մեկի անունը տամ, որ ամբողջն իր ձեռագիրն է, մականունը՝ «Մուկ»՝ Գեւորգյան Հարություն, ով ժամանակին ոչնչացրել է կոլտնտեսությունները, Կարմիր խաչի շքանշանակիր, ապօրինի սեփականաշնորհել է կոլխոզի գրասենյակի շենքը։ Նախկին ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներից է եղել, ԲՀԿ-ով եւս փորձել է ներկայանալ թեկնածու, էլի փորձել է ՕԵԿ-ով, փորձել է ներկայանալ ՀՀԿ-ով, էսօր էլ նոր ժամանակներին է համընթաց քայլում։ Էսօր մենք ժողովրդի կողմից ընդունված իշխանություն ունենք, մենք մի՞թե թույլ ենք տալու, որ նմանները գան եւ արատավորեն այս իրավիճակը։ Մենք սրա՞ համար ենք այսօր կառուցում արդար եւ նոր ժամանակների Հայաստան։ Մյուսի անուն էլ ասեմ՝ Ավդալյան Արմեն, ով ՌԴ քաղաքացի է, որ տարվա 11 ամիսը Ռուսաստանում է, մի 3-4 տարին մեկ կարող է այստեղ լինի, ուղղակիորեն կոմունալը սեփականաշնորհել է, որի 34 տոկոսը համայնքինն է, ոչնչացրել են ամբողջը մինչեւ իմ՝ համայնքի ղեկավար ընտրվելը։



**- Դուք նույնպես ՀՀԿ անդամ եք, մարզպետարանի հետ ի՞նչ հարաբերություն ունեք։**



-Գիտե՞ք, ես առաջինը՝ անձ եմ՝ Արտակ Գեւորգյան, եւ այստեղ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, մենք գործ չունենք քաղաքական պրոցեսների հետ, մենք գործ ունենք խուժանի հետ, ով այսօր փորձում է փողոցային, խուլիգանական մեթոդներով խլել իշխանական աթոռը՝ մտածելով, որ այստեղ կան կարողություններ, եւ կարելի է գալ ու ոչնչացնել։ Սա ժողովրդի ունեցվածքն է, սա ժողովրդի վստահությունն է եւ սա ժողովրդի աթոռն է, որը լեգիտիմ ճանապարհով, օրինական ընտրված ՏԻՄ մարմին է, եւ այսօր էլ մենք լեգիտիմ ճանապարհով շարունակում ենք իրականացնել ժողովրդի իշխանությունը։ Մենք կառուցողական աշխատում ենք թե՛ մարզպետի հետ, թե՛ իշխանության հետ, թե՛ տարածքային կառավարման նախարարության հետ, բոլոր պետական գերատեսչությունների հետ, որովհետեւ, ճիշտ է՝ սա տեղական ինքնակառավարման մարմին է, բայց գործում է ՀՀ իշխանության, օրենքների եւ պետականության ներքո։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**