Ով ասես՝ քաղաքապետ է ուզում դառնալ

Ով ասես՝ քաղաքապետ է ուզում դառնալ
Հոկտեմբերին արտահերթ ընտրություններ են լինելու բոլոր այն համայնքներում, որոնք մնացել են առանց ղեկավարների: Դրանց թվում են Էջմիածինը, Արմավիրը, Հրազդանը, Կապանը։ Առավել թեժ պայքար է սպասվում Էջմիածնում: Այս քաղաքում որեւէ ընտրություն, այդ թվում՝ քաղաքապետի, երբեւէ առանց ինտրիգների չի անցել:



Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականից շատ չանցած՝ արդեն իսկ շրջանառվեցին քաղաքապետի թեկնածուների անուններ: Անուններ, որոնք կա՛մ ոչինչ չեն ասում, կա՛մ ուղիղ առնչություն ունեն աղմկոտ պատմությունների հետ:



Սուսաննա Նազարյան․ Դաշտ գյուղի դպրոցի տնօրենն է: Մինչ այդ, ղեկավարում էր Էջմիածնի 2-րդ դպրոցը: Տարիներ առաջ, տնօրենի լիազորություններն անցնելու առիթով, նրա նկատմամբ դատական վարույթ սկսվեց: Այդ ընթացքում լուրջ կոնֆլիկտներ ունեցավ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հեռացվեց դպրոցից ու այնքան ժամանակ մնաց անգործ, մինչեւ որ Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գործուն միջամտությամբ տնօրեն կարգվեց Դաշտ գյուղի դպրոցում: Նազարյանին, ասում են, սատարելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:



Շրջանառվում է նաեւ Սամվել Մուրադյանի անունը: Էջմիածնում նրան ճանաչում են որպես Փոշտի Սամո կամ Թամադա Սամո: Նախկինում ավագանու անդամ է դարձել Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի «դաբրոյով»: «Ճոյտի խտացրած կաթերն ու բրինձը բաժանելով՝ դարձավ ավագանի»,- հիշում են էջմիածինցիները: Սամվել Մուրադյանը երկար տարիներ նաեւ «ԱրմենՏելի» Էջմիածնի բաժանմունքի տնօրենն էր: Պաշտոնանկությունից հետո թամադայություն է անում:



Քաղաքապետ դառնալու ցանկություն ունի նաեւ մեկ այլ Սամվել՝ դարձյալ Ճոյտի հովանավորյալ Սամվել Դավթյանը: Նա նույնպես ավագանու անդամ է եղել: Հիմա զբաղվում է անհատ ձեռներեցությամբ: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու Հակոբ Հակոբյանի առաջարկով ու նրա աջակցությունը ստանալու պայմանով:



«Նշաձողն այնքան են իջեցրել, որ տեղից ելածը քաղաքապետ է ուզում դառնալ»,- ասաց առաջադրվելու երկընտրանքի առաջ կանգնած մի անձ՝ խնդրելով առայժմ չհրապարակել իր անունը: Նրա կարծիքով՝ այդ ցանկությունն «ամեն պատահածի» մոտ առաջացավ այն բանից հետո, երբ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ նշանակվեց 8-ամյա կրթությամբ մեկը, ով նախկինում դիլլեր ու տաքսու վարորդ էր աշխատել: Քաղաքապետի հնարավոր թեկնածուն, որ առայժմ գաղտնի է պահում անունը, 1990-95 թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում: Քաղաքի նախկին իշխանությունները, այդ թվում՝ Կարեն Գրիգորյանը, բազմիցս առաջարկել են իրենց թիմակիցը դառնալ, որի դիմաց «սոլիդ» պաշտոն են խոստացել, բայց նախկին պաշտոնյան մերժել է: Հիմա ընկերներն ու բարեկամները համոզում են, որ առաջադրվի: Չի կողմնորոշվում: «Ով ասես՝ քաղաքապետ է ուզում դառնալ: Ո՛չ նորմալ կրթություն են ստացել, ո՛չ անուն ու կենսագրություն ունեն, հետն էլ՝ էնքան խամրած են, որ նույնիսկ համաքաղաքացիները չեն ճանաչում: Ախր, մրցակիցդ էլ պիտի ուժեղ լինի, որ իմանաս ում դեմ ես պայքարում»:



Զրուցակցիս կարծիքով՝ եթե քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ինքնուրույն լիներ ու ամեն առիթով ավագանու փոխարեն «պապաներին» խորհրդի չհրավիրեր, ինքը չէր էլ մտածի առաջադրվելու մասին: «Մեծ սիրով կօգնեի, թիկունք կլինեի: Բայց այդ կինը նույնիսկ հավաքարար ընդունելիս ինքնուրույն չէ: Մինչեւ «տանիքի» հետ չխորհրդակցի, գործի չի ընդունի: Նույնիսկ չգիտի, թե ինչ է տեղական ինքնակառավարումը: Եթե քաղաքում մի քար շարժելու կամք չունի, չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ուզում քաղաքապետ դառնալ»:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**