Միակ հույսը կարկտապաշտպան ցանցերն են

Միակ հույսը կարկտապաշտպան ցանցերն են
Օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից հետո Արմավիրի գյուղացիները դեռ երկար ժամանակ ուշքի չեն գա: 13 գյուղացիական տնտեսությունների հասունացած բերքը, որ օրեր անց պետք է շուկա դուրս գար, գրեթե 100 տոկոսով ոչնչացել է: Գյուղացիները միլիոնների վնաս են կրել:



Որպեսզի պատկերն ամեն տարի չկրկնվի, իրենք էլ «վիզ չծռեն» պետության առաջ ու վնասի փոխհատուցում մուրան, գյուղացիները կառավարությանն առաջարկում են օգնել այգիները կարկտապաշտպան ցանցերով պատելու հարցում:



ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որ աղետից հետո շտապել էր հանդիպել տուժած գյուղացիներին, կիսում է նրանց մտահոգությունը: Խնդրի լուծումը, ըստ նրա, ոչ թե դեպքից դեպք փոխհատուցում տրամադրելով պետք է սահմանափակվի, այլ գյուղատնտեսության ապահովագրությամբ ու այգիները ցանցով պաշտպանելով:



«Հետեւողականորեն աշխատում ենք գյուղապահովագրության եւ ցանցերի արտադրությունն իրականացնելու ուղղությամբ»,- մրգաշատցիներին ասել է Արարատ Միրզոյանը:



Ցանցերի արտադրությունն իրականանալու է Վանաձորում: Սեպտեմբերին կստանան առաջին խմբաքանակը: 1 հա կտրվածքով այն կարժենա 15 հազար դոլար: 9 տոկոսը պետությունը կսուբսիդավորի, մնացածը կմարվի գյուղացու գրպանից:



Պայմանը, որ կառավարությունն առաջարկում է սնանկացած գյուղացուն, վերջինիս սրտով չէ: «Թող պետությունն ամբողջությամբ սուբսիդավորի, իսկ մենք կպարտավորվենք տարեկան որոշակի տոկոս մարել: Դա կօգնի, որ ոտքի կանգնենք, եւ հետո՝ վստահ կլինենք, որ արհավիրքների ժամանակ այգիներն անվնաս կմնան»,- ասաց Մրգաշատի բնակիչ Աղվան Սերոբյանը:



Այգետերերի հույսը կարկտապաշտպան ցանցերն են, բայց դրանք բոլորին չէ, որ հասու են: «Վստահում ենք մեր կառավարությանն ու հավատում, որ, ի տարբերություն նախորդների, նորերը մատների արանքով չեն նայի գյուղացու խնդրին: Իրենք երիտասարդ են, անփորձ, երբ բացատրում ես, ուշադիր լսում են, իրար մեջ քննարկում: Հասկանում ես, որ անկեղծորեն օգնել են ուզում»,- ասաց Արտակ Սարգսյանը:



Այս օրերին, երբ հանձնաժողովները գյուղ առ գյուղ շրջելով հաշվում են վնասի չափերը, գյուղացիները խաղողի «բերքահավաք» են անում, բայց ոչ թե վաճառելու կամ գործարաններին հանձնելու, այլ՝ աղբանոցը նետելու համար:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**