Միայն այդ դեպքում Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա

Միայն այդ դեպքում Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա
Քիչ առաջ ավարտվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի նիստը, որը հրավիրել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Վարչության 15 անդամներից նիստին մասնակցել են 10-ը, բացակայել են գործկոմի անդամներ Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Բագրատ Նավոյանը, Սամվել Ալեքսանյանը։



Մենք ավելի վաղ, հղում անելով մեր աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ Ռուբեն Հայրապետյանը որոշել է հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից, ավելի ճիշտ՝ հայտարարել է, թե պատրաստ է առաջիկա ժողովի ժամանակ, որի ընթացքում ՀՖՖ նախագահ պետք է ընտրվի, չառաջադրել իր թեկնածությունը ղեկավարի պաշտոնում, եթե այդ պաշտոնի համար «արժանի» թեկնածուներ լինեն, որոնք կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը։



Ի դեպ, ՀՖՖ նոր նախագահի հավանական թեկնածուն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է։ Նիստից հետո զրուցեցինք գործկոմի անդամ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր **Սուքիաս Ավետիսյանի** հետ, որը մեզ փոխանցեց, որ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, իրենք հերթական գործկոմի նիստին են մասնակցել։ Հիշեցնենք նաեւ, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթական «լայվի» ժամանակ ասաց, որ Ֆուտբոլի ֆեդերացիայում փոփոխությունների կարիք կա։



-Օրակարգային մի շարք հարցերով հերթական նիստ ենք ունեցել, որի ընթացքում քննարկել ենք խաղացանկի հաստատման, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի խնդրանքով նորից թույլ տանք, որ մասնակցեն առաջնությանը, ժողովի հրավիրման հարց։ Հրաժարականի հարց չի քննարկվել։



**- Ժողովի ժամանակ պետք է ՀՖՖ նոր նախագահի ընտրություն կայանա՞, ե՞րբ է հրավիրվելու ժողովը։**



-Այո։ Բայց դեռեւս պարզ չէ, թե երբ է հրավիրվելու ժողովը, մինչեւ կանոնակարգը չհաստատվի, այն հրավիրելու իրավունք չունենք։ Դա կլինի երկու, թե երեք ամսից, չեմ կարող ասել։ ՖԻՖԱ-ի հետ համաձայնեցված՝ երբ կանոնադրությունը կլինի, նոր կարող ենք հստակ օրվա մասին խոսել։



**-Այդուհանդերձ, մենք տեղեկություն ունենք, որ Ռուբեն Հայրապետյանը խոսել է իր հեռանալու մասին։**



-Ինքը հրաժարական չի տալու, ժողովը երբ կհրավիրվի, նոր պարզ կլինի՝ ինքը կառաջադրվի որպես նախագահ, թե չէ։



**- Հայրապետյանն ասե՞լ է, որ հնարավոր է՝ չառաջադրվի։**



-Դա պարզ կլինի, թե երբ կլինի ժողովը։ Ինքն այդ մասին խոսել է, ասել է, որ ես հրապարակային կասեմ իմ կարծիքը։



**- Սակայն կան տեղեկություններ, որ այսօրվա նիստի նպատակը չառաջադրվելու մասին հայտնելն է եղել, եւ որ նա ասել է՝ չի առաջադրի իր թեկնածությունը։**



-Ինքը հստակ չի ասել, դա կապված է զարգացումներից։ Այսինքն, եթե այնպիսի մարդ պետք է առաջադրվի, որ այսքան տարիների արածը, ցանկություն ունենա ֆուտբոլը քանդի, ուրեմն այդ դեպքում նա չի հրաժարվի։ Իսկ եթե այնպիսի մարդ առաջադրվի, որը ցանկություն կունենա լրացուցիչ խթան հանդիսանա հայկական ֆուտբոլին, այս դեպքում կարող է հրաժարական տալ։



-**Օրինակ՝ ո՞ւմ գիտեք հավակնորդ, որի նախագահ դառնալը «կքանդի» հայկական ֆուտբոլը։**



-Օրինակներ չկան, այնքան անուններ են շրջանառվում, դրա համար պետք է սպասենք համբերատար ժողովին, ժամկետները կֆիքսեն՝ ովքեր կարող են առաջադրվել, նոր այն ժամանակ կխոսենք։



**- ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածության մասին է խոսվում։**



-Ես էլ եմ լսել։



-**Օրինակ՝ եթե ինքը առաջադրվի, ինչպիսի՞ն կլինի Հայրապետյանի քայլը։**



-Պարոն Հայրապետյանի խնդիրն է դա։ Եթե ԱԱԾ պետը ցանկություն կունենա ֆուտբոլին օգտակար լինել, նոր էդ դեպքում Հայրապետյանը կորոշի։



**-Ինչպե՞ս է որոշելու, թե ով է ուզում քանդել ֆուտբոլը, ով՝ սարքել։**



-Բոլորին էլ շատ լավ ճանաչում ենք ֆուտբոլային աշխարհի մարդկանց։ Այո, եթե քանդող մարդիկ առաջադրվեն, ամեն ինչ անելու ենք, որ չընտրվի։



**-ԱԱԾ պետը ֆուտբոլային աշխարհի հետ կարծես թե կապ չունի, հիմա եթե իր թեկնածությունն առաջադրվի, ի՞նչ կանեք։**



-Կարող է ֆուտբոլային աշխարհում երբեւէ եղած չլինի, բայց ցանկություն ունենա, որպեսզի հայկական ֆուտբոլը առաջ տանի, ոչ թե հակառակ։ Իսկ էսօր մարդիկ կան, որ ամեն ինչ անում են, որ հայկական ֆուտբոլը առաջ չգնա, ես անուններ հեշտ տվող չեմ։



**- Բայց տարիներ շարունակ Ռուբեն Հայրապետյանի հետ էին կապում հայկական ֆուտբոլի ձախողումը, իսկ նա պնդում էր, որ երբեք չի հրաժարվի այդ պաշտոնից, ինչո՞ւ է հիմա պատրաստ զիջել տեղը։**



-Ինքը էլի չի պատրաստվում հրաժարվել, երբ կլինի ժողովը, նոր կտեսնենք՝ ինչ է լինելու։ Իր վրա ճնշումներ չկան, ոչինչ չկա, ինքն ասում է, որ եթե մեկը ավելի շատ նպաստ կունենա, ինքը չի առաջադրվի։