Ներքին Բազմաբերդում չեն արտագաղթում

Ներքին Բազմաբերդում չեն արտագաղթում
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդը հանրապետության այն եզակի գյուղերից է, որտեղից մարդիկ զարմանալիորեն չեն արտագաղթել: Ինչու զարմանալիորեն՝ որովհետեւ արտագաղթն անկախությունից ի վեր պետականորեն խրախուսվող երեւույթ էր, որի արդյունքում հազարավոր ընտանիքներ լքեցին հանրապետությունը, իսկ, ահա, այս գյուղում առայսօր բոլոր պայմանները ստեղծվել են, որպեսզի մարդիկ հեռանան: 300 տնտեսություն ունեցող գյուղից հեռացածներին կարելի է մատների վրա հաշվել: Իսկ եթե հաշվի առնենք բնակլիմայական խիստ անբարենպաստ պայմանները, ապա Ն. Բազմաբերդը վաղուց պետք է վերացած լիներ քարտեզի երեսից:



Գյուղի հիմնական ու ցավոտ խնդիրը ոռոգման եւ խմելու ջուրն է, որի համար խորհրդային իշխանավորները մտահոգվել են՝ կառուցելով Ն. Սասնաշենի ջրամբարը՝ գյուղ հասցնելով Ոսկեթասի խմելու ջրի ջրագիծը եւ, վերջապես, Արզնի-Շամիրամ ջրատարից պոմպակայանի միջոցով ոռոգման ջուրը հասցնել գյուղ: Անկախության «օգուտներից» մեկն այն եղավ, որ Ն. Սասնաշենի ջրամբարը դարձավ այդ գյուղի մի քանի հեկտար ոռոգելի հող ունեցող մարդկանց սեփականությունը, թեեւ ջրամբարները պետականորեն տերեր ունեն, ովքեր պիտի համակարգեն նաեւ այս ջրամբարի ջրերը, ամբողջովին ավերվեց Ոսկեթասի համակարգը, այնուհետեւ գրեթե մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ նորը կառուցվեց, որը, գյուղը շրջանցելով, հասավ ավելի հարավ՝ Պարտիզակ, Արուճ: Իսկ, ահա, պոմպակայանը շահագործվում է ըստ քմահաճույքի, եւ ինչքան էլ առատ լինեն Արզնի-Շամիրամի ջրերը, պոմպակայանը մեկ, ծայրահեղ դեպքում՝ երկու անգամ եւ ժամերի սահմանափակ քանակով ջուր է մղում գյուղ: Անհրաժեշտ է նշել, որ ջուրը ներքինբազմաբերդցիներին տարիներ շարունակ վաճառվել է երեւակայությանից դուրս բարձր գնով, եւ միայն այս տարի 200 դրամ նվազեցվեց ջրի արժեքը (մինչ այդ մեկ ժամի համար գանձվում էր 1500 դրամ՝ խիստ սահմանափակ ջրի քանակության դիմաց):



Հարկ է նշել, որ նման գների պայմաններում էլ մարդիկ մուծել են հասանելի ջրի արժեքը: Մինչդեռ ջուրը գյուղ է հասել օգոստոս, լավագույն դեպքում՝ հուլիս ամիսներին: Հարկ ենք համարում նշել, որ այս տարի խախտվեց այդ գրաֆիկը, եւ պոմպակայանի ջրերը գյուղ հասան ավելի վաղ՝ հունիս ամսին: Չտեսնված այդ երեւույթը մարդիկ բացատրում են նրանով, որ թավշե հեղափոխությունը վախ եւ պատասխանատվություն էր ներշնչել այս համակարգը շահագործողներին, եւ արդյունքում պոմպակայանը հունիսին ջուր մղեց: Սակայն դա միայն հունիս ամսին: Հիմա մարդիկ կարծես բավարարվել են դրանով եւ անորոշ ժամանակով դադարեցրել ջրամատակարարումը: Ինչ խոսք, գյուղում պտղատու այգիներ են հիմնել, հողը վարում, ցանում են, ու բերքը միմիայն աստծո անձրեւներով է պայմանավորված (մեջբերումը գյուղատնտեսության նախկին նախարարներից մեկի ասածից է), իսկ կառավարությունում ինչքան էլ կարծիքները բախվեն՝ Սեւանա լճից ջուրը բաց թողնել-չթողնելու վերաբերյալ, միեւնույն է, Ն. Բազմաբերդ այդ ջուրը քմահաճորեն կհասնի կամ չի հասնի, միեւնույն է, այդ մարդիկ չեն արտագաղթի, միեւնույն է, չեն պատժվի ջրօգտագործողները, եւ գյուղը կապրի իր հին առօրյայով՝ փրկել ծառը չորանալուց եւ շարունակել ապրել նույն հողի վրա:



**Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ**