Չփորձեք հիմարեցնել

Չփորձեք հիմարեցնել
Մեկնարկել է ամառային զորակոչը: Եթե հիշում եք, նախկինում յուրաքանչյուր զորակոչից առաջ ՊՆ պատասխանատուները լուրջ դեմքով հանրությանը վստահեցնում էին, որ այս անգամ «գրեթե» բացառվում է կոռուպցիան՝ բոլորը հավասար են օրենքի առաջ: Երբ Սեյրան Օհանյանը դարձավ պաշտպանության նախարար եւ ներմուծեց վիճակահանությամբ ծառայության վայր ընտրելու մեթոդը, լոտոյասեր մեր հասարակությունում շատերը սկսեցին հույս փայփայել, որ առանց փողի ու ծանոթի հենց իրենց բախտը կբերի, ու ծառայության կգնան սահմաններից հեռու։ Իսկ եթե բախտը լիարժեք բերի, կարող են նույնիսկ Երեւանում ծառայել: Բայց բախտը չի կարող ժպտալ բոլորին, մանավանդ՝ «ժերեբյովկան» այնքան էլ բախտի բան չէ, եթե հաշվի առնենք այն, որ նման «արդար» բաշխմանն անմիջականորեն հետեւում էր 2 մարդ՝ Պնախարար Օհանյանը եւ ԶՈՒ ԳՇ պետ Խաչատուրովը:



Հետեւել՝ նշանակում է վերահսկել: Նրանք երկուսով, պայմանականորեն կարելի է ասել, կիսեցին զորակոչի գործընթացը: Կեղծարարությունները զորակոչի ընթացքում նվազեցին, բայց չվերացան։ Կհարցնեք՝ իսկ ի՞նչ եղավ վիճակահանությունը: Հարգելիներս, դա լավ բեմականացված շոուներ էին, որտեղ ժամանակ առ ժամանակ կարող էր ինչ-որ մեկի բախտը բերել: Վիճակահանություն ասվածը մի այնպիսի բան է, երբ նորակոչիկներն իրենք են պատահականության սկզբունքով ընտրում իրենց ծառայության վայրը, բայց ի՞նչ պատահականության մասին է խոսքը, եթե վիճակահանության ցուցակներում միայն ՊԲ եւ ՀՀ սահմանամերձ զորամասեր են նշված, իսկ այդ օրերին օրը ցերեկով ջահը ձեռքիդ՝ ոչ մի շատ թե քիչ հարուստ ու ազդեցիկ մարդու կամ պաշտոնյայի ծանոթ-բարեկամի չես հանդիպի, էլ չեմ ասում որդու կամ թոռան մասին: Իսկ երբ ցուցակներում հայտնվում էին սահմաններից հեռու զորամասերը, այդ օրերին «կապույտ արյուն» ունեցողները ներկայանում էին կենտրոնական հավաքակայան: Կային նաեւ «տոհմիկ ազնվականներ», որոնք ծառայության վայրն «ընտրում» էին ճշգրտությամբ՝ իրենց բնակավայրին մոտ:



Հիմա շատերը կհակադարձեն, թե գիտեն բազում օրինակներ, երբ անձամբ Սեյրան Օհանյանն անակնկալ այցով մտել է հավաքակայան ու խառնել բոլոր թղթերը: Իհարկե, եղել են նման դեպքեր, բայց հարց եմ տալիս՝ գիտե՞ք, թե ինչու: Պատասխանեմ․ դա արել է միայն այն դեպքում, երբ իմացել է, որ իրեն շրջանցել են կամ խաբել են, կամ երբ համոզված է եղել, որ այդ օրն իր հովանավորյալներից մարդ չկա ու չի տուժի հանգամանքների բերումով: Մի երկու նման շոու, եւ բոլոր «գործ սարքողները» դաս կքաղեն ու կհրաժարվեն նախարարին շրջանցելու մտքից։



Իսկ ինչ վերաբերում է Խաչատուրովին, ապա նա շատ հեշտությամբ միշտ առաջ է մղել եւ զոհել իր ենթականերից որեւէ մեկին, ինչպես շախմատիստը՝ զինվորին: Ոչ պակաս կարեւոր մի հանգամանք եւս: Բոլոր նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով «քաշվել» էին եւ հայտնվել չնախատեսված զորամասերում, ապա «զանգ պլյուս գումար» կոմբինացիայով հետագայում հայտնվում էին իրենց ցանկալի զորամասերում՝ որպես գործուղվածներ՝ «ծառայողական խիստ անհրաժեշտությունից ելնելով»: Այդպիսով զուտ ֆորմալ առումով ինչ-որ մեկը կարող էր ծառայել, ասենք, Տավուշի Մեհրաբում, բայց իրականում ամեն օր, որպես պարտաճանաչ սպա, «շալվար մաշեցնել» ՊՆ կենտրոնական համալիրում, սնվել սպայական ճաշարանում, ամեն օր քնել հոր տանը՝ Երեւանում, անգամ խմել, հարբել, կռիվներ անել։ Բայց հանկարծ չկարծեք, թե նա անպայման երեւանցի է, նա կարող էր լինել Մեղրիից կամ Մարտունուց, Գյումրուց եւ այլն: Հայաստանում անհնար ոչինչ չկար:



Այնպես որ, պարոնայք «նորեր», չփորձեք հիմարեցնել հանրությանը: Տեսել ենք եւ գիտենք ամեն ինչ, որքան էլ որ փորձեք նոր, ազնիվ դիմակներով հանդես գալ: Նաեւ սա է պատճառը, որ զորակոչը չի վերահսկվում այնպիսի հասարակական կազմակերպությունների կողմից, ովքեր վստահության մանդատ ունեն հենց հասարակությունից, ովքեր ՊՆ-ին տարիներ շարունակ օբյեկտիվորեն քննադատել են եւ վեր հանել այնտեղ տիրող ապօրինությունները եւ ամենաթողության դեպքերը, ովքեր պայքարել են անպատժելիության դեմ: Այնպես որ, ես հիմա էլ զորակոչը դիտարկում եմ որպես շատ լավ բեմադրված շոու, քանի դեռ «կապույտ արյամբ» իշխանիկները «պատահականության սկզբունքով» հասարակ մահկանացուների հետ չեն ծառայում սահմանում:



**ՀԳ**. Ինձ հակադարձելու մի ձեւ կա՝ հրապարակեք ցուցակներ, թե որ բարձրաստիճան պաշտոնյայի որդին կամ բարեկամները երբ եւ որտեղ են ծառայել իրականում, այլ ոչ թե ըստ զինգրքույկում արված գրառման:



**Կարեն ՄԵԼՅԱՆ**