Ագարակաձորի մանկապարտեզը կջեռուցվի

Ագարակաձորի մանկապարտեզը կջեռուցվի
Վայոց Ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզը գործում է 1981 թվականից՝ 37 տարի: Խորհրդային համակարգի փլուզումից հետո շենքում ջեռուցման համակարգ չի եղել: Սաների հաճախումն ապահովելու համար խնդրին տարիներ շարունակ տրվել է ժամանակավոր լուծում. շենքը ջեռուցվել է վառարաններով: Վառելափայտն էլ ապահովել են ծնողներն ու գյուղապետը: Ավելի ուշ այդ ամենին փոխարինել են էլեկտրական սալիկները:



Լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով մանկապարտեզը տարվա մեջ աշխատում է 7-8 ամիս: Խմբերում եւ ննջասենյակներում միացված մեկական էլեկտրական սալիկներով համապատասխան ջերմաստիճան ապահովել չի հաջողվում: Կա երեխաների անվտանգության ապահովման խնդիր նաեւ: Ցածր ջերմաստիճանի պատճառով փոքրիկները հաճախ են հիվանդանում: Տուժում է նաեւ մանկավարժների աշխատանքը. իրականացված կրթադաստիարակչական ծրագրերը հարկադրական պարապուրդների պատճառով արդյունք չեն տալիս:



«Եթե մեր մանկապարտեզում ջեռուցում ապահովվի, եւ ամբողջ տարին աշխատենք, մեզ կհաջողվի երեխաներին լիարժեք նախապատրաստել դպրոց հաճախելուն: Երազում ենք մի օր այդ խնդիրը լուծված տեսնել եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպել»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում Ագարակաձորի մանկապարտեզի խնդիրն ընթացիկ տարում կլուծվի: Այն ներառվել է «Էկոգյուղերի ցանցի ստեղծում» ծրագրի 2018 թվականի ցանկում: