Նիկո՛լ, մի՛ արա․ հորդորում է 1990-95թթ․ ԳԽ պատգամավորը

Նիկո՛լ, մի՛ արա․ հորդորում է 1990-95թթ․ ԳԽ պատգամավորը
Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը, հետեւելով ապրիլյան թավշյա հեղափոխությանը, ներկայացնում է իր տեսակետները մինչեւ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո ստեղծված վիճակի մասին։



**-Պրն Մայիլյան, հեղափոխության սկզբում, մեզ հետ հարցազրույցում, դուք պնդեցիք, որ իրավիճակից միակ ելքը համաժողովրդական ապստամբությունն է: Դեպքերի հետագա ընթացքը նմա՞ն էր ապստամբության:**



-Այո, միանշանակ դա ապստամբություն էր: Նման եզրակացության հանգել էի՝ հետևելով հասարակական տրամադրություններին: Հասարակության մեջ լարվածությունն այնքան էր մեծացել, որ տեկտոնիկ փոփոխությունների անհրաժեշտությունն անխուսափելի էր դարձել, իսկ ապստամբության պարտութան դեպքում Հայաստանի պետականության մոտալուտ վախճանն անխուսափելի էր դառնալու: Այս սարսափելի հեռանկարից Հայաստանն ազատեց ապստամբությունը:



**-Եվ առանց բռնության, իհարկե:**



-Բռնությունը կարող էր ջրասույզ անել այն հիմնարար և առաջնային գաղափարները, որոնց համար զանգվածները ելնում են: Այդ տեսանկյունից, կարելի է պնդել, որ այս ապստամբությունը ճշգրիտ առաջնորդվող զանգվածային գործընթաց էր: Եվ ընդհանրապես, պարտադիր չէ, որ ապստամբությունը բռնությամբ ուղեկցվի: Ավելի հզոր գործոն է գիտակցական, հոգևոր ապստամբությունը, մանավանդ, երբ այն համաժողովրդական բնույթ է կրում:



Իր բնույթով այս ապստամբությունը 21-րդ դարին հարիր առաջին հեղափոխությունն էր համաշխարհային քաղաքական պատմության մեջ: Կարծում եմ, քաղաքագիտության դասագրքերում այն տեղ կգտնի «հայկական» ձևակերպմամբ: Եվ դեռ շատ ժողովուրդների այն կարող է կարող ոգևորվել:



**-Կարո՞ղ եք, ընդհանուր գծերով, նկարագրել հեղափոխության արդյունքները:**



-Դա մեկ հարցրազրույցի շրջանակներից դուրս է: Քաղաքական, վերլուծական միտքը ցնցված է. մեկ ամսվա արդյունքները հետևողական և խոր ուսումնասիրության անսպառ աղբյուր են քաղաքագետների, հոգեբանների, պատմաբանների համար: Գլխավոր հարցն այն է, թե ինչպե՞ս ծայրահեղ ապականված հասարակական հարաբերություններում նման մաքուր ձգտումներ ծնվեցին: Շատ հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրել, պարզել, եզրակացության գալ:



**-Այդ դեպքում, կարո՞ղ եք ընդգծել կամ առանձնացնել հեղափոխության մեկ-երկու բացթողում կամ թերացում, որոնք խոչընդոտում են այս համընդհանուր առաջընթացին:**



-Առաջինը՝ ամենաակնառուն, կադրային քաղաքականության բացթողումներն են, կասեի նույնիսկ՝ սխալները: Ամենաարտառոցն այդ շարքում, կարծում եմ, սփյուռքի նախարարի նշանակումն է: Սփյուռքը պատմականորեն ձևավորված, վերին աստիճանի բարդ, խճճված երևույթ է: Սփյուռքի հետ հարաբերությունները չի կարելի վստահել ուսանողական նստարանը նոր լքած երիտասարդի:



Երկրորդը, որ բխում է հեղափոխության առաջամարտիկների գաղափարախոսական հակումներից, ռուսամետության աճն է: Առաջ է քաշվել Ռուսաստանին չհակադրվելու կեղծ պնդումը, որի անվան տակ, ըստ էության շարունակվում են նախորդների արտաքին քաղաքական հակումները: Ռուսամետները, այս անգամ, թաքնվում են «հայամետության» գաղափարախոսական ծածկի տակ: Ռուսաստանի նկատմաբ լոյալությունը «հայամետություն» է համարվում: Իսկ վերջերս էլ տեղեկացա, որ Հայաստանի հանրապետության անկախության 100-ամյակի զորահանդեսին մասնակցելու է նաև ռուսական զինուժը: Սա նոնսենս է:



Ասում են, թե՝ եկեք Ռուսաստանին չզայրացնենք: Իսկ եթե Արևմու՞տքը զայրանա: Հը՞: Սա հաշվի չե՞ք առնում: Պատկերացնու՞մ եք, թե ինչ ուժի դեմ եք գնում: Ամբողջ Արևմուտքն այժմ հակադրվում է Ռուսաստանին: Փաստերը միարժեք ցույց են տալիս, որ իշխանությունների «խորամանկ» քաղաքական հայացքներում գերակայում են ռուսական կայսրության կազմում մնալու միտումները: Կարծես այս իշխանությունները որոշել են կարմիր կտոր ցույց տալ Արևմուտքին, այն դեպքում, երբ մի կերպ կարողացել ենք Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխել: Դե ուրեմն պատրաստ եղեք տանելու կայսրության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ծանրությունը ևս:



Թե՞ կարծում են, որ ռուսական զենքն այլևս մեր որդիների ուղղությամբ չի՞ կրակելու: Սթափվել է պետք:



**-Ի՞նչ եք աոաջարկում:**



-Եթե կարճ, ապա՝ Նիկո՛լ, մի՛ արա: