Վարկը ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մոր համար է ձևակերպվել

Վարկը ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մոր համար է ձևակերպվել
Մենք գրել էինք, որ Սյունիքի մարզի բնակիչ Նաիրա Սահակյանը դիմել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղ՝ վարկ ստանալու նպատակով։ Սակայն նրան տեղեկացրել էին, որ հայտնվել է ռիսկային հաճախորդների ցուցակում, եւ որ վարկ չեն կարող տրամադրել։ Բանն այն է, որ Նաիրա Սահակյանն այդ ցանկում հայտնվել էր այն պատճառով, որ որպես «երաշխավոր» էր ներգրավվել մեկ այլ վարկային պատմության մեջ, որից, ինչպես ինքն է ասում, որեւէ տեղեկություն չուներ։ Սահակյանի խոսքով, իր սկեսուրը՝ Ամալյա Ալեքսանյանը, ով անհատ ձեռներեց է, 2013 թվականին «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից 10 հազար դոլար վարկ է վերցրել, իսկ Ն Սահակյանը վարկային փաթեթում ներգրավվել է որպես Ալեքսանյանի ընտանիքի անդամ։ «Կամուրջ» ՈւՎԿ-ի վարկային մասնագետ Անուշ Անտոնյանը Ն․ Սահակյանին հրավիրել է կազմակերպություն՝ անձնագրային տվյալները թարմացնելու նպատակով, քանի որ վերջինիս անձնագրի ժամկետը լրացած է եղել։



Ա․ Անտոնյանը Ն․ Սահակյանին տալիս է չլրացված բլանկ, որպեսզի Սահակյանն ստորագրի՝ ասելով, որ հետո ինքը, ինչ որ պետք է, կլրացնի։ Հետագայում Սահակյանը տեղեկանում է, որ ինքը որպես երաշխավոր է ներգրավված նույն մարզի մեկ այլ բնակիչ Արաքսյա Ղասումյանի վարկային փաթեթում (7 հազար 500 դոլար), որը նույնպես կազմել է վարկային մասնագետ Անուշ Անտոնյանը։ 2016 թվականին Սյունիքի մարզի դատախազությունից Գորիսի քննչական բաժնում ստացվում է «Կամուրջ» ՈւՎԿ-ի հաղորդումն այն մասին, որ ընկերության «Գորիս» մասնաճյուղի ծառայողներն իրենց լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, այն է՝ առանց Ն․ Սահակյանի եւ նրա ընտանիքի անդամների համաձայնությունն ստանալու, նրանց ընդգրկել են Ա․ Ղասումյանի վարկային փաթեթում՝ որպես երաշխավոր՝ ընկերության օրինական շահերին պատճառելով էական վնաս։



Հաղորդման առթիվ Գորիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հարուցվել է քրեական գործ եւ կատարվել է նախաքննություն։ Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քրեական գործով կատարված նախաքննությամբ չի հիմնավորվել ընկերության «Գորիս» մասնաճյուղի վարկային մասնագետ Անուշ Անտոնյանի կողմից լիազորություններ չարաշահելը, այսինքն՝ Ա․ Ղասումյանի վարկի երաշխավորության հետ կապված փաստաթղթերը խաբեությամբ Ն․ Սահակյանի ստորագրմանը ներկայացնելը, ասել է թե՝ Ա․ Անտոնյանի գործողություններում բացակայում է ՀՀ ՔՕ 214 հոդվածով նախատեսված հանցակազմը։ Ինչպես նաեւ նույն հիմնավորմամբ՝ առկա տվյալները բավարար չեն համարվել Ն․ Սահակյանի գործողություններում ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը հաստատելու համար (հանցագործության մասին սուտ մատնություն)։ Այսինքն՝ գործը կարճվել էր։ Դատարանի մեկ այլ որոշմամբ՝ Ն․ Սահակյանին պատկանող 1- սենյականոց բնակարանը Ա․ Ղասումյանի կողմից վարկաը չվճարելու պատճառով ԴԱՀԿ-ի կողմից հանվել էր աճուրդի։



Ն․ Սահակյանը բողոքարկել է դատարանի այս վճիռը, սակայն բողոքը մերժվել է՝ Ն․ Սահակյանի ներկայացուցիչ Սարգիս Ալեքսանյանի ստորագրության բացակայության պատճառով։ առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ն․ Սահակյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Ն․ Սահակյանի նոր ներկայացուցիչ Արա Զաքարյանի պնդմամբ՝ առաջին ատյանի դատարանի որոշումն անօրինական է։ Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Զաքարյանը հայտարարեց նաև, որ Արաքսյա Ղասումյանը, ում համար և ձևակերպված է եղել վարկը, բազմիցս նման վարկեր է վերցրել, իսկ դատարանի կողմից բողոքի մերժման որոշումը կայացվել է այն պատճառով, որ Ղասումյանի որդին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետն է․ «Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը անօրինական է այնքանով, որ ստորագրության բացակայությունը բողոքի տակ օրենսդրությամբ և դատական պրակտիկայում համարվում է ձևական սխալ, որի պարագայում դիմողին հնարավորություն է տրվում ողջամիտ ժամկետում շտկելու այդ սխալը, սակայն տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանը մի քանի ամիս բողոքը քննել է, երբևիցե այդ հնարավորությունը չի տվել, այդ հարցը չի բարձրացրել և այս հիմքով բողոքը մերժել է, սա ուղղակի խայտառակություն է։ Եվ ես պարզապես համոզված եմ այդպիսի որոշման կայացման պատճառը հանդիսանում է Արաքսյա Ղասումյանի որդու՝ համապատասխան պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Զաքարյանը։



Զաքարյանը նաև հայտարարեց, որ Ն․ Սահակյանի նախկին ներկայացուցիչ Սարգիս Ալեքսանյանը, ով ներկայացրել է Սահակյանի շահերը, քննչական մարմնում, հենց նույն քննիչի մոտ, ում վարույթում որ գործը գտնվել է, անցել է որպես մեղադրյալ՝ մեկ այլ քրեական գործով։ Զաքարյանը իր հայտարարության ապացույցները ներկայացնելու համար 1 շաբաթ ժամանակ խնդրեց, միջնորդությունը բավարավեց դատարինի կողմից․ «Խոսքը վերաբերում է նրան, որ փաստաբանը, ով նախկինում ներկայացնում էր վստահորդիս շահերը քննչական մարմնում, հենց նույն քննիչի մոտ, ում վարույթում որ այս գոչծը գտնվում է, անցնում է որպես մեղադրյալ՝ մեկ այլ քրեական գործով։ Եվ այս պարագայում բնականաբար ողջամտորեն կարելի է ենթադրել նրա կաշկանդվածությունը։ Ես որևէ ապացույց չունեմ՝ ուղղակի կապի վերաբերյալ, բայց անուղակիօրեն բավականին տարակուսանքի տեղիք է տալիս այդ հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նախ բողոքը ստորագրված չէ, և երկրորդը՝ փոխարեն ուղարկվեր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուղարկվել էր բոլորովին այլ դատարան, և դրա արդյունքում մի քանի ամիս բողոքի քննությունը ձգձքվել էր այն դեպքում, երբ քաղաքացիական դատավարության կարգով՝ վստահորդներիս դեմ հայց էր հարուցված, գործը քննվում էր և, ի վերջո, եկել էր կատարողական փուլ։ Մի կողմից բողոքի ձգձքումը, մյուս կողմից նրանց գույքի վրա բռնագանձում տարածելու այդ գործընթացքը եթե իրար հետ համադրում ենք, ցավոք սրտի, դա ի վնաս իմ կոլեգայի է»,- ասաց Սահակյանի ներկայացուցիչ Արա Զաքարյանը։ Դատական նիստը կկայանա հունիսի 1-ին։



**Կորյուն Սիմոնյան**