ՀՀԿ-ում կադրային սնանկություն չկա, բայց Սերժ Սարգսյանին փոխարինող էլ չկա

ՀՀԿ-ում կադրային սնանկություն չկա, բայց Սերժ Սարգսյանին փոխարինող էլ չկա
Կարեն Կարապետյանը նախօրեին հանգուցալուծեց «վարչապետական» ինտրիգը։ Հայտարարեց, որ առաջարկելու են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Կարեն Կարապետյանին «քցելու» մասով երեկ մեզ խորհուրդ տվեց չմտնել մատի ու մատանու արանքը եւ նրան դիտարկել որպես մեկ թիմի անդամ։ Շարմազանովի խոսքով՝ Սերժ Սարգսյանն այս փուլում ամենալավը կարող է կառավարել երկիրը, հետեւաբար, նա այդ մասով անփոխարինելի է։ Այդ դեպքում, եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, ի՞նչ ենք անելու, գուցե ազգովի աղոթե՞նք նրա համար, որ լինի վարչապետ։ Շարմազանովն ասաց․ «Եթե սարկազմով եք խոսում աղոթքի մասին, ճիշտ ճանապարհին չեք։ Աղոթել պետք է ամեն առավոտյան եւ ամեն երեկոյան, ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, այլ բոլորիս համար ու հայ ժողովրդի համար»։



ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանին էլ հարցրինք՝ մեր հասարակությունը խաբված չի՞ լինի, արդյոք, եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ի վերջո, ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին էր առաջ մղում՝ խոստանալով, որ նա է լինելու վարչապետը նաեւ ապրիլից հետո, ու դրա համար ժողովուրդը նաեւ ձայն տվեց նրան։ Վարդանյանն ասաց, որ հասարակությունը շատ բազմաշերտ է, եւ ամեն շերտ ունի իր կարծիքը, հետեւաբար, ցանկացած շերտ կարող է իրեն խաբված կամ բավարարված զգալ, բայց ոչ ամբողջ հասարակությունը։ Իսկ իր համար կանխատեսելի՞ էր, որ Կարապետյանը չի լինելու վարչապետ։ «Իհարկե, կանխատեսելի էր։ Ինձ համար կանխորոշված էր մեկ բան, մենք մեկ տարի առաջ ստորագրել ենք համաձայնագիր, որտեղ գրված է մեկ բան՝ վարչապետի առաջադրելու իրավունքը վերապահվում է ՀՀԿ-ին»,- ասաց Վարդանյանը։ Իսկ թե ում կառաջադրեն, ՀՅԴ-ի համար դա երկրորդական խնդիր է։



ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու տրամաբանությունը բացատրեց ստեղծված իրավիճակով։ Նա, բարձր գնահատելով Կարեն Կարապետյանի աշխատանքը կիսանախագահական համակարգում, այդուհանդերձ, կարծում է, որ կառավարման նոր համակարգի պարագայում, պատմության այս փուլում վարչապետի ավելի լավ թեկնածու, քան Սերժ Սարգսյանն է, իրենք չունեն։



**- Երբ Սահմանադրությունը փոխում էիք, մարդիկ ձեզ քննադատում էին, որ սա Սերժ Սարգսյանի վերարտադրության համար է արվում, ինչը դուք հերքում էիք։ Հիմա ստացվում է՝ ճիշտ էին ասում։**



**-**Մեզանից յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ունենալու իրավունք ե՛ւ Սահմանադրության փոփոխության, ե՛ւ դրանից հետո տեղի ունենալիքի վերաբերյալ։ Բայց քաղաքական պատասխանատու որոշումները չեք կարող բխեցնել իմ, Ձեր, մեկ ուրիշի ընկալումներից։ Անկախ որեւէ պայմանականություններից՝ այսօր, այս պահին երկրորդ թեկնածու, որն ունակ է ամբողջ այդ քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու, ես չունեմ։



**- Դա վատ չէ՞ երկրի համար, որ 10 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն իրեն փոխարինող որեւէ կադր չաճեցրեց, որեւէ հետնորդ չթողեց։**



**-**Ես Ձեր հարցադրման ենթատեքստը հասկանում եմ, բայց իմ ասածը բացարձակ չի նշանակում, որ քաղաքական մեծամասնության ներսում չկան գործիչներ, որոնք ընդհանրապես քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն չունեն։ Խոսքը գնում է լավագույն ընտրության մասին։ Ես ու Դուք կարող ենք անել մի գործ, որն ինձ մոտ ստացվի ավելի լավ, քան Ձեզ մոտ։ Նախագահ Սարգսյանն ինքը, եթե ուշադիր հետեւել եք, հայտարարել է այն մասին, որ Ձեր նշած հարցադրումն իր համար՝ իբրեւ հնարավոր ապագա վարչապետ, լինելու է առաջնահերթություն՝ իր քաղաքական փորձառությունը, պետական կառավարման իր հմտությունները նոր սերնդին փոխանցելու առումով։



**- Բայց այս տասը տարիների ընթացքում նա կարող էր զբաղվել դրանով եւ աճեցնել կադրեր, որպեսզի փոխանցեր այդ փորձը։**



**-**Դուք ասում եք՝ կարող էր․ ես Ձեզ վստահեցնում եմ, որ շատ բան արվել է։ Եթե Դուք մտովի փորձեք հետ գնալ, կտեսնեք, որ 10 տարվա ընթացքում շատ ու շատ մարդիկ քաղաքականության մեջ եղել են ավելի թրծված, պետական քաղաքականության ոլորտում ձեռք են բերել ավելի խորը իմացություն, նոր գիտելիքներ, կարողություններ։ Սա էլ արդյունք է։ Բավարա՞ր է այդ արդյունքը, գուցե ես համարեմ, որ ոչ, Դուք համարեք, որ առավել քան անբավարար է։ Եվ նորից եմ կրկնում՝ խոսքը չի վերաբերում կադրային բազային սնանկությանը, խոսքը գնում է լավագույն ընտրության մասին տվյալ իրավիճակում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**