Կյանքը՝ նրանցից հետո. Գյումրեցի 7 քաջորդիները

Կյանքը՝ նրանցից հետո. Գյումրեցի 7 քաջորդիները
Այսօր մեռելոց է: Սուրբ Զատիկին հաջորդող՝ ննջեցյալների հիշատակության օրն է: 2 տարի առաջ՝ ապրիլի 2-ին, ճիշտ այս օրը բռնկված Ապրիլյան քառօրյա պատերազմը շատերի համար սրբատեղի դարձրեց գերեզմանատունը: Ու այսօր էլ մղկտալով որդիների շիրիմներին են այցելելու նրանք: 100-ից ավել ընկած քաջորդիներից 7-ը Գյումրիից են: Կյանքը նրանցից հետո էլ շարունակվում է, բայց ամեն բան արդեն ուրիշ է:



34-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը զոհվեց Ջեբրայիլի բարձունքի համար մղված թեժ մարտերի ժամանակ: Ապրիլի 2-ի առավոտյան, երբ տեղեկացել են թշնամու հարձակման մասին, սպայական կազմով՝ փոխգնդապետ Առաքելյանի գլխավորությամբ, ՈՒԱԶ մակնիշի մեքենայով բարձրացել են դիրքեր՝ չիմանալով, որ բարձունքն արդեն հակառակորդի ձեռքին է, եւ հայտնվել են շրջափակման մեջ: Ռազմական ընկերների պատմելով մոտ 4 ժամ կռիվ են տվել, կանխել թշնամու հետագա առաջխաղացումը: Ալեqսանը կնոջ եւ երկու երեխաների հետ տեղափոխվել էր Արցախ: Գյումրիում ապրում էր ծնողների եւ փոքր եղբոր ընտանիքի հետ: Ուներ բնակարանի խնդիր, որն այդպես էլ չլուծվեց իր կենդանության օրոք: Հերոսի մահից միայն ամիսներ անց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի նախաձեռնությամբ փոխգնդապետի ընտանիքին նոր բնակարան ստանալու հնարավորություն ընձեռվեց: Ու չնայած կինը՝ Մերին նրա ճաշակով էր ընտրել բնակարանը, այնպիսին, ինչպիսին կցանկանար ունենալ ամուսինը, այնուամենայնիվ չի կարողանում համակերպվել, որ այն, ինչն իրենք երազել էին տարիներ շարունակ, հիմա ունեն, բայց ցավոք միասին չեն կարողանալու վայելել: Մերի Առաքելյանը նոր բնակարանում արդեն հասցրել էր ստեղծել ամուսնուն նվիրված անկյուն, որտեղ տեղ են գտել փոխգնդապետի նկարները, շքանշաններն ու էլի արժեքավոր բաներ: Գյումրու Պուշկինի փողոցի սկզբնամասում հերոսի անվամբ պուրակ է բացվել, որտեղ կանգնեցված է Ալեքսան Առաքելյանի կիսանդրին:



Ընդամենը օրեր առաջ Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն էր, նա կդառնար 27 տարեկան: Ծննդյան մոմը դուստրը՝ 2-ամյա Անահիտը փչեց: Անահիտը ծնվեց հոր մահից մեկ ամիս անց: Անուշն ու Հրաչը որոշել էին, որ Անահիտ են դնելու անունը՝ Հրաչի մոր պատվին: Միասին ապրեցին մեկ տարի, հիմա ջահել հարսը ամուսնու ծնողների տանն է: Անուշը, որ Արցախից էր, տեղափոխվեց Գյումրի, եւ հիմա սովորում է Շիրակի պետական համալսարանում։ Հրաչի մայրը՝ տիկին Անահիտը խոստովանում է, որ առանց որդու կյանքն անտանելի է, բայց երբ նայում է թոռանը՝ Անահիտին, գոնե մխիթարվում է: Պատահական զուգադիպությամբ Հրաչի ծննդյան օրը, մեկ տարի առաջ ծնվեց նրա եղբոր որդին՝ Հրաչ Գալստյանը: Եղբայրը՝ Աղասը, նույնպես զինվորական է:



Հրաչի հետ նույն դիրքերում էր գյումրեցի զինծառայող Գևորգ Վարդանյանը: Նրանք մարտնչեցին եւ զոհվեցին միասին: 2002 թվականին, երբ Գեւորգն ընդամենը 6 տարեկան էր, Վարդանյանների ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Ռուսաստան եւ մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Գևորգը, թողնելով ծնողներին այնտեղ, վերադառնում է Հայաստան, որ մեկնի բանակ: Հերոսի ծնողները 2016թ-ի ապրիլ ամսից ապրում են Հայաստանում, Գեւորգի քույրը սովորում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանում։ Ընտանիքն այստեղ բախվեց մի շարք խնդիրների: Ծնողները աշխատանք եւ բնակարան չունեին: Նրանք հորեղբոր տանն էին ապրում, մինչև որ այդ հարցին լուծում տվեց Գագիկ Ծառուկյանը։ Նա Գյումրու նորակառույց Մուշ թաղամասում բնակարան գնեց և նվիրեց քառօրյա պատերազմի հերոսի ընտանիքին՝ Թալիշում արիաբար զոհված 20-ամյա գյումրեցի հերոս, գնդացրորդ Գևորգ Վարդանյանի ծնողներին՝ Գագիկ եւ Շահանե Վարդանյաններին։ Գյումրու ծննդատանը վերջերս լույս աշխարհ եկած երկվորյակներից մեկին գյումրեցի ամուսինները կոչեցին Գևորգի անունով:



Գյումրեցի 20-ամյա զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհն էր: Նրան հակառակորդը մահացու վիրավորում էր հասցրել դեռ ապրիլի մեկին, մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս: Նրա զոհվելուց մի քանի ժամ հետո՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Վլադիմիր հայրը ևս ազատամարտիկ է. արցախյան գոյամարտին մասնակցած ազատամարտիկ հայրը մահացել էր 1998թ-ին՝ շաքարային դիաբետից: Վլադիմիրի մայրը՝ տիկին Սվետլանան, երկու զավակներին մեծացրել է պապ ու տատի օգնությամբ: Վլադիմիրը կրտսերն էր: Մելքոնյաններն ապրում են սոցիալական վատ պայմաններում: Նրանք պատկանում են գյումրեցի անօթևանների թվին, ովքեր կորցրեցին բնակարանները երկրաշարժին: Բնակվում են Գյումրու երկաթգծի ավանում գտնվող 1920-ականներին կառուցած մի շինության մեջ: Մոր խոսքերով՝ Վլադիմիրը երազում էր՝ ծառայությունն ավարտեր, տուն գար եւ եղբոր հետ տուն կառուցեին: Նրա մահից հետո գտնվեցին բարերարներ եւ գումար ու միջոց հատկացրեցին, որ ավագ եղբայրը՝ Սամվելը, գոնե տունը վերանորոգի: Ի դեպ, մայրը պատմում է, որ երկու եղբոր բաժանությունը երկար է տևել: Սամվելը զորացրվելուց հետո որոշել էր մեկնել արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանար բանակից վերադարձող կրտսեր եղբորն արժանապատվորեն դիմավորել, իսկ այդ ընթացքում Վլադիմիրը մեկնել է բանակ, 3 տարի չեն տեսնվել, վերադարձել է Հայաստան եղբոր մահվան բոթն ստանալուն պես:



Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանը Ջեբրաիլի հատվածում միայնակ պայքար է մղել թշնամու 8 տանկերի դեմ՝ խոցելով 3-ը, և նահատակվել: Տիգրանի եղբայրը վստահ է՝ նա բոլոր տանկերը կխոցեր, եթե նրա տանկի դեմ ֆագոտ (hակատանկային հրթիռային համակարգ.- Ռ.Մ.) չկիրառեին: Տիգրանի ծնողները՝ Արամ եւ Գոհար Աբգարյաններն իրենց որդուն հիշում են այնպիսին, ինչպիսին կար՝ ուրախ, կենսասեր ու շատ հումորով: Տունը Տիգրանի ներկայությամբ լցվում էր, հիմա կիսադատարկ է, հույս ու ապավենը մյուս որդին՝ Ժորան է: : Շիրակցի Խաչատրյան ամուսինները իրենց նորածին որդուն Տիգրան են անվանել՝ ի պատիվ հերոս տանկիստի: Տիգրան Աբգարյանի անունով դասարան է բացվել Գյումրու թիվ մեկ արհեստագործական ուսումնարանում: Նա այդ ուսումնարան ընդունվել է 2011 թվականին: Միշտ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ: Ուսանել է խոհարարական բաժնում: Որպես երախտիք արհետագործական ուսումնարանի տնօրեն Գրիգոր Մկրտչյանը Տիգրանի մայրիկին աշխատանք է առաջարկել ուսումնարանում:



Թալիշի պաշտպանության ժամանակ 3 հոգով հակառակորդի բանակից 20 հոգու ոչնչացրած, ծանր վիրավորված ու Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած գյումրեցի հերոսի՝ 1993 թվականին ծնված ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ընտանիքը բնակվում է Գյումրու Մուշ թաղամասում: Մերուժանը նշանված էր, հարսնացուն Շուշիից էր: Երկու ամսից Մերուժանի հարսանիքը պիտի լիներ: Այսօր Մերուժանեց շենքի պատին պատին փակցված է նրա դիմաքանդակը՝ խրոխտ եւ հմայիչ հայացքով: Ընկերներն ի հիշատակ Մերուժանի՝ նրանց տան դիմաց ցայտաղբյուր են կառուցել: Ծնողների՝ Նունե Թադևոսյանի եւ Արթուր Ստեփանյանի համար Մերուժանի զինվորական դառնալու որոշումն անակնկալ չէր: Նա դեռ փոքրուց էր երազում համազգեստ հագնել, մյուսներից տարբերվել:



Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3-րդ ավագ դպրոցի բակում, ի հիշատակ Թալիշում նահատակված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչի, կանգնեցված է խաչքար ու ցայտաղբյուր։ Վիկտորի՝ սոցցանցում պատերազմի թեժ պահին մահից առաջ արված վերջին գրառումը տեղ է գտել նրա հիշատակի խաչքարի վրա։ «Տղանե՛ր, ինչ էլ որ լինի հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք։ Վախը կյանքում տեղ չունի»։ Գյումրեցիների լեզվով ասած Թուրքի մայլա՝ այժմյան Արցախի թաղամասից էր Վիկտորը: Նա սովորել է հենց այդ դպրոցում: Նույն դպրոցում հերոսի անունը կրող դասասենյակ է բացվել, ինչպես նաև դպրոցի նորաստեղծ խաղահրապարակը կոչվեց հերոսի անվամբ։ Վիկտորը Հայաստանի բռնցքամարտի բազմակի չեմպիոն էր, Եվրոպայի փոխչեմպիոն։ Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվեց։ Ուզում էր ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ՝ երազանքն էր:



Դժբախտ պատահականությամբ Վիկտորը հողին հանձնվեց մոր ծննդյան օրը` ապրիլի 8-ին,



Վիկտորի հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը ուկրաինացի է, մայրը՝ Աննան, հայուհի: Այս ընտանիքն աչքի է ընկնում առանձնակի զսպվածությամբ: Լուռ տանում են իրենց վիշտը՝ մեծացնելով եւ հայեցի դաստիարակություն տալով՝ Վիկտորի կրտսեր եղբորն ու քրոջը:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/29855934_1306827559450382_669551338_n.jpg?_nc_cat=0&oh=fa511add7b92e73f7f073756bf9c0c6e&oe=5AC49F13)



**Արևիկ Հակոբյան**