Էդպիսի բան հնարավոր չի․ Արցախի փոխոստիկանապետը՝ աղմկահարույց դեպքի մասին

Էդպիսի բան հնարավոր չի․ Արցախի փոխոստիկանապետը՝ աղմկահարույց դեպքի մասին
Երեկվանից համացանցում բուռն քննարկում է ծավալվում լրատվականներից մեկի հրապարակած նյութի վերաբերյալ։ Բանն այն է, որ Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը, որը աշխատում եւ ապրում է Ստեփանակերտում, հայտնել է, թե փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկան եւ ենթարկում ֆիզիկական և հոգեբանական ճնշման։ Ըստ Ասյայի՝ առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյայի ընկերուհին։ Ասյան պատմել է, թե իրեն ասել են՝ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի։



Վերադառնալով Երևան՝ Ասյան դիմել է գլխավոր դատախազություն։



Արցախի փոխոստիկանապետ Բորիս Ենգիբարյանը **Hraparak.am**-ի հետ զրուցում ասաց, որ ինքը դեպքից տեղյակ չէ․ «Ես տեղյակ չեմ, բայց միեւնույն ժամանակ, երբ ինքը դիմել է Հայաստանի Հանրապետության դատախազություն, ՀՀ դատախազությունը նյութերը կուսումնասիրի, եւ վերջում կպարզվի՝ ինչ է կատարվում, ես տեղյակ չեմ։ Դատախազություն ա դիմել, դատախազությունը համապատասխան ստուգումներ ա իրականացնում, կպարզվի՝ ում մեղքը ինչքան ա, հիմա ավել հարցերի ես ի՞նչ պիտի պատասխանեմ, ոչ մի բան էլ չեմ կարա պատասխանեմ, խնդրում եմ՝ վերջացնենք»։



**-Պարոն Ենգիբարյան, այնուամենայնիվ, եթե այդպիսի վարքագիծ դրսեւորվել է Արցախի ոստիկանների կողմից, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու։**



-Էդպիսի բան հնարավոր չի լինի ոստիկանության ծառայողի կողմից, եթե պարզվի ստուգումներից, որ թույլատրել ա էդ ոստիկանը կամ ոստիկանները կտուժվեն, եթե կպարզվի, կհաստատվի։ Մնացած հարցերը, խնդրում եմ արդեն վերջացրեք։



**Աննա Պապիկյան**