Համալսարաններում արշալույսները խաղաղ են լինում
2018 թվականին, երբ երևանյան ԲՈՒՀ-երի դիմաց հավաքվում էին ցուցարարները, հայտնի տեղից հրահանգով դրանց դարպասները փակվում էին: Օրերից մի օր, N բուհի փակված դարպասների դիմաց ցուցարարներն ինչ-որ բան էին վանկարկում: Դասախոսներից մեկը, Մոնա Լիզայի ժպիտով, անկեղծ հուզված, արտահայտվեց. «Քաղաքացիական հասարակություն է ձևավորվում», մեր ուսանողները պետք է ակտիվ դիրքորոշում դրսևորեն:
Եկավ թավիշը, որն իրականում «շուշաթուղթ» դուրս եկավ: «Քերեց» ամեն ինչ. ազգային արժանապատվություն, պատմական հայկական, ՀՀ տարածքներ ու վերջը չի երևում: Շարունակում է քերել մնացածը. ինչ-որ անկլավներ ու նման ցնորամիտ գաղափարներ:
Ինչևէ: Սույն արձագանքը կապված է ուսանողների դիրքորոշման հետ: Փաստորեն, 2018 թվականին ուսանողների ակտիվությունը դրական է համարվել, իսկ 2022 թվականին՝ բացասական ու ինչ-որ տարբեր, հակասական պարզաբանումներ են հանդիպում մամուլում:
Անհասկանալի է, եթե 2018 թվականին ուսանողներն ակտիվ էին «թալանչիներին» իշխանազրկելու հարցում, ապա ինչու՞ են պասիվ ալիևների հոխորտանքների հանդեպ, ինչու՞ են պասիվ ազգային արժանապատվության ոտնահարման հանդեպ, ինչու՞ են պասիվ մեր անսահման կորուստների հանդեպ: Այդպիսի ուսանողությունը պատիվ չի բերի ոչ մի ժողովրդի: Այն ուսանողությունը, որը խորասուզված է բացառապես իր նյութական ապագա բարեկեցության որոնումների մեջ, չի գտնելու այդ բարեկեցությունը, երբևէ:
Ակամայից հիշում եմ Աթենքի ուսանողների ընդվզումները: Ինչպե՞ս է ծագել «Բուհերի ներքին տարածքների անձեռնմխելություն» արտահայտությունը:
Աթենքի Պոլտեխնիկական համալսարանում (Պոլիտեխնիոն) ապստամբությունը՝ ուսանողական հուզումները, տեղի ունեցան 1973 թվականի 14-17 նոյեմբերին: Ուսանողները հանդես եկան «սև գնդապետների» դիկտատուրայի դեմ:
Ապստամբությունը սկսվեց նրանից, որ ուսանողական միությունները բողոք հայտնեցին համալսարանական ընտրություններում կառավարության միջամտության պլանների դեմ:
…
Նոյեմբերի 16-17-ի կեսգիշերին մերձքաղաքային Գուդի շրջանից զրահամեքենաների շարասյունն առաջ շարժվեց: Գիշերը 2.45-ին Պոլտեխնիոնի ռադիոկայանը հեռարձակեց իր վերջին կոչը: Համալսարանի դիմաց շարվեցին տանկեր, որոնցից մեկը կոտրեց համալսարանի դարպասները։ Այնուհետև տեղի ունեցավ կարճատև հարձակում, որի ընթացքում զոհվեց 24 մարդ, ավելի քան հազարը վիրավորվեցին։ Հարյուրավոր ուսանողներ ձերբակալվեցին։ Համալսարանի գրոհից հետո հետևեցին հակակառավարական ցույցեր, որոնք, զենքի կիրառմամբ, ճնշվեցին ռազմական ռեժիմի կողմից:
…
Ժողովրդավարական իշխանության վերականգնումից հետո Պոլիտեխնիոնի զոհերը հռչակվեցին նահատակներ։ Նրանց մեծարում են պետական մակարդակով, նրանց հուշարձաններն են կանգնեցվել։
Ժողովրդավարական իշխանության վերականգնման պահից հունական համալսարաններն օգտվում են անձեռնմխելիությունից. ոստիկանության մուտքը համալսարաններ՝ արգելված է: Համալսարանի տարածք ոստիկանության մուտքը կարող է թույլատրել միայն ռեկտորատը, որը կազմված է դասախոսներից և ուսանողներից: Ընդ որում, պահանջվում է միաձայն որոշում:
Ապստամբության շարժառիթը, ինչպես նշվեց, եղել է համալսարանական ընտրություններում կառավարության միջամտության փորձ: Փո՜րձը, պլա՜նը: Հետաքրքիր է, թե ի՞նչ կլիներ, եթե շարժառիթը լիներ, օրինակ, Աալոնիկը, թեկուզև երիտթուրքերի որջը, Թուրքիային հանձնելը…
Հ.Գ. Երևանյան համալսարաններում, «արշալույսները խաղաղ են լինում…»
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ