Թող գրկի քեզ ընկերս հիմա, իմ կողմից թող քեզ ասի՝ մամ

Թող գրկի քեզ ընկերս հիմա, իմ կողմից թող քեզ ասի՝ մամ
Խոսքը շատ նուրբ հարցի մասին է, արտահայտվողը զոհվածի մայր է, ով ապրում է իր որդու հուշերով, հպարտանում նրա հերոսական ծառայությամբ։



Որդին՝ Արամայիս Յուրիկի Ոսկանյանը, հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է։



․․․ Ու հիմա զոհված հերոսի մայրը նամակ է գրել ու խնդրում է բարձրաձայնել այս նուրբ հարցը։ Նրա խոսքերի կողքին ինչ խոսքեր էլ դնեմ, անշունչ կթվան, ուստի ներկայացնում եմ Մոր նամակը․



**Մինչև ապրիլ չապրածներն էլ են հերոսներ**



**«Մի հարց եմ ներկայացնում, որն արդեն 2 տարի իմ մեծագույն վիշտը խորացնում և հանգիստ չի տալիս ինձ։**



**Մշտապես առկա է տարանջատում ապրիլյան զոհերի և մեր հերոս որդիների միջև, ովքեր զոհվել են ոչ ապրիլյան թեժացման օրերին:**



**Ես չգիտեմ , թե ով է ի սկզբանե առանձնացրել հերոսացած զոհերին, բայց փաստ է, որ առավել լուսաբանվում և ուշադրության են արժանանում ապրիլին զոհվածները, այդ կերպ կարծես անտեսելով մեր որդիների կատարած անձնուրաց քայլերը: Գոյություն ունի մի ֆիքսված ցուցակ, որում ընդգրկված հերոսների ծնողներին են միայն ուշադրության արժանացնում, բնավ չմտածեք , թե խոսքս ֆինանսական աջակցությանն է վերաբերում, ես բազմիցս հրաժարվել եմ նմանատիպ օգնություններից, ինձ համար ամենասփոփիչ և կարևոր քայլն այս պահին հասարակ ուշադրությունն է, պարզապես այցելությունը, հոգեկան աջակցությունը, գնահատանքի ու խոնարհման խոսքերը, որոնք գոնե մի փոքր մեղմում են ցավս և օգնում գոյատևել: Այս տոներին որդիս մշտապես առաջինն է ինձ շնորհավորել , ծաղիկներ նվիրել, հիմա էլ երեխաներս և թոռնիկներս են այդ անում, բայց ես կարոտով սպասում եմ ցանկացած զինվորի կողմից նման գնահատանքի, մի փունջ ծաղկի, այցելության, փոքրիկ ուշադրության: Ցավոք առայժ դրանից անմասն եմ մնում: Ցանկանում եմ, որ դուք բարձրաձայնեք այս հարցը, միգուցե կարողանանք փոխել այս դրությունը, վստահ եմ շատ ծնողներ համակարծիք են ինձ հետ: Շնորհակալություն:**



ՀԳ Մարտի ութին և տոնական մյուս օրերին տղա՛ն է իրեն ծաղկեփունջ նվիրել։ Մայրը սպասում է այդ ծաղկեփնջին՝ զինվորի ձեռքով։ Մոր էջում մի տեղ կարդում եմ տղայի խնդրանքը՝ թող գրկի քեզ ընկերս հիմա, իմ կողմից թող քեզ ասի՝ մամ։ Ինչքա՜ն քիչ բան է ուզում զոհվածի մայրը։ Մտածենք նրա ասածի շուրջ։ Պաշտպանության նախարարության, Բանակի հետ միասին մտածենք․․․



Հասմիկ Բաբաջանյան