Նման պատասխան Սևակ Խանաղյանի համագյուղացուց չէի սպասում․․․

Նման պատասխան Սևակ Խանաղյանի  համագյուղացուց չէի սպասում․․․
Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում կներկայացնի Սևակ Խանաղյանը: Բնականաբար նա ուշադրության կենտրոնում է։



Հանրային ուշադրության կենտրոնում լինելը հաճելիության հետ մեկտեղ իր մութ երանգներ ունի։ Միշտ չէ, որ հաճելի է, երբ քո ամեն շարժը տեսնում, խոսքը լսում, մեկնաբանում են։ Հանրային ճանաչումն ինչքան մեծ է լինում, այնքան մանր կետերն ավելի լավ են երևում։ Գործում է խոշորացույցով նայելու մեխանիզմը։



Արդեն որերորդ գրառումն եմ ստանում՝ **Սևակն ասում է, որ իր համար թանկ է ծնված վայրը, հետաքրքիր է, վերջին անգամ ե՞րբ է եղել իրենց գյուղում։**



Ինձ համար անսպասելի չեն նման հարցերը, անսպասելի կլինեին, եթե մարդկանց մոտ նման հարցեր չառաջանային։ Այդ պատճառով նման հարցերի նկատմամբ ուշադիր եմ լինում։



Սևակը կամ ինչպես նրան կոչում են մտերիմներն ու ընկերները՝ Սևան, ծնվել է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում։ 7-րդ դասարանում Սևակն իր ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան:



**Հիշու՞մ է իր գյուղը, ընկերներին, համագյուղացիներին, երբևէ այցելու՞մ է, թե՞ մեծ քաղաքները խժռել են նրան։ **Այդ հարցով զրուցում եմ Սևակի համագյուղացու, գյուղի անցուդարձին լավատեղյակ մարդու, ավագանու անդամ Վահան Փեթակչյանի հետ։



-Բնական է, ասում եմ,- Սևակի ընտանիքը, երբ դուրս է եկել գյուղից, այնտեղ տուն են ունեցել։



-Իհարկե, պատասխանում է կարճ։



-Վաճառել ու գնացե՞լ են կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ վաճառել ու արտագաղթե՞լ են։



Միանգամայն անսպասելի պատասխան ստացա, նման պատասխան չէի սպասում․



-Սևակենք տունը չեն վաճառել։ Նույնիսկ որոշել են, որ այս տարի վերանորոգեն, որ ամեն տարի ամառն անցկացնեն իրենց հայրական տանը։ Ընկեր, բարեկամների հետ ջերմ հարաբերությունների մեջ է։ Մինչև Եվրատեսիլ մեկնելը որոշում է կայացրել՝ Տաշիրում հանդես գալ ելույթով, բնականաբար նաև գյուղում։



Հասմիկ Բաբաջանյան