Երբեք այդպիսի պայծառատես չի եղել

Երբեք այդպիսի պայծառատես չի եղել
Նոր կառավարության կառուցվածքում 18-ի փոխարեն կունենանք 17 նախարարություն։ Կրճատման տակ ընկած ու տուժած միակ նախարարությունը Վաչե Գաբրիելյանի ղեկավարած միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունն է, որի ո՛չ ստեղծման իմաստը հասկացանք, ո՛չ գործունեության նպատակը, ո՛չ էլ փակման անհրաժեշտությունը։ Երեւի կառավարությունում էլ դա լավ չէին հասկացել, որ երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Ազգային ժողովում զեկուցելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը, այս նախարարությունը դուրս գցեց կառավարության կազմից։ Մինչդեռ պատգամավորները զարմացած էին՝ ինչո՞ւ են, օրինակ, սփյուռքի նախարարությունը պահում, իսկ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխման հարցերով նախարարությունը լուծարում։ Ո՞րն է մեզ համար ավելի կարեւոր։ Երեկվա արտահերթ նիստին ներկա էր նաեւ «տուժած» նախարարը՝ **Վաչե Գաբրիելյանը**, ով միաժամանակ նաեւ փոխվարչապետ է եւ կպահպանի իր պաշտոնը։



Նիստից հետո Գաբրիելյանը մեզ բացատրեց, թե ինչու է կառավարությունը որոշել հրաժարվել իր ղեկավարած նախարարությունից․ «Ըստ էության՝ այն խնդիրը, որ դրված էր նախարարության վրա, կատարված է, հիմա արդեն մնացած նախարարությունները փոխվարչապետի համակարգման ներքո այդ խնդիրները կիրականացնեն»։



-**Այսինքն՝ մենք հասցրի՞նք բարեփոխվել, միջազգային տնտեսական հարցերով ինտեգրվել**։



-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, Ձեր գնահատականը տվեք։



-**Դո՛ւք պետք է ասեք, Դո՛ւք եք եղել նախարարը, Դո՛ւք եք այդ ոլորտը համակարգել։ Ձեր նախարարությունը 2014 թվականից է գործում, մենք այս կարճ ընթացքում հասցրի՞նք բարեփոխվել այնքան, որ հիմա այն այլեւս մեզ պետք չէ**։



-Մեզ բարեփոխումներ անհրաժեշտ են ամբողջ կառավարությունում եւ անընդհատ։ Իսկ դա եղել է այն հավատամքը, որ մենք երբեւէ կանգնելու իրավունք չունենք։



-**Հիմա ինչո՞ւ եք փակում այդ նախարարությունը**։



-Ես ասացի՝ այն խնդիրները, որոնք կոնկրետ դրված էին ինտեգրման համակարգման եւ դրանից բխող բարեփոխումների վրա, այժմ արդեն կարելի է իրականացնել ոչ թե կենտրոնացված՝ մի տեղից ուղղորդելով, այլ ուղղորդելով միայն փոխվարչապետի կողմից եւ բոլոր նախարարությունների միջոցով։



-**Դուք ի սկզբանե գիտեի՞ք, որ կարճ կյանք է ունենալու Ձեր նախարարությունը եւ մի քանի տարի անց փակվելու է**։



-Միշտ կար այդպիսի հավանականություն, բայց որ կարճ կյանք է ունենալու, թե երկար, ես երբեք այդպիսի պայծառատես չեմ եղել։



-**Անիմաստ չէ՞ր այդ նախարարության գոյությունը**։



-Կարծում եմ, որ ոչ։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**