«Սեւ կարապ»-ին սպասելիս 

«Սեւ կարապ»-ին սպասելիս 

Հայաստանյան՝ Արցախը ներառյալ, իրավիճակն այսօր բավականին բարդ է, բայց ես վստահ եմ, որ մենք, այնուամենայնիվ, հաղթահարելու ենք այն: Դա, բնականաբար, նաև իմ ցանկությունն է, բայց իմ ցանկությունը ես չեմ ներկայացնում որպես վստահություն: Ուղղակի որոշակիորեն պատմություն և պատմական տրամաբանություն իմանալով՝ ես վստահ եմ, որ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող: Եվ կգա մի պահ, երբ այն կհանգուցալուծվի: Դա կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով՝ ինքնաբերաբար, ու այդ դեպքում մեծ հավանակությամբ՝ հայոց պետականության կորստի գնով: Երկրորդ տարբերակ՝ հանգուցալուծումը տեղի կունենա մեր գիտակցական ջանքերի հաշվին: Եվ այդ դեպքում, բնականաբար, օրհասական վիճակը հաղթահարած: Ես վստահ եմ հենց երկրորդ տարբերակի վրա՝ չնայած գործող իշխանության անգործությանն այդ առումով: Վստահ եմ, քանի որ ի տարբերություն Նիկոլի և վերջինիս կամակատարների, մեր հասարակությունում առկա է ոչ անտարբեր անձանց ստվար բազմություն, որ փորձում է անել իրենից կախվածը՝ այս վիճակից մեզ դուրս բերելու նպատակով: Եվ դրա վկայությունն էր, ի դեպ, «ՀայաՔվե»-ի հաջողությամբ իրականացված ստորագրահավաքը: 

Մի փոքր շեղվեմ թեմայից: Անցյալ տարվանից Երևանում անցկացվող «Գիտության և գործարարության օրեր» միջոցառման այս տարվա հիմնական բանախոսը լինելու է արաբական (Լիբանանից) ծագմամբ ամերիկյան գիտնական, փիլիսոփա, գրող և գործարար Նասիմ Թալեբը: Արևմտյան հանրությանը նա հիմնականում հայտնի է իր «Սև կարապը» և «Հակափխրունությունը» աշխատություններով, որոնք խոր ազդեցություն են թողել գիտական և գործարար ոլորտների վրա։ Համացանցում առկա «Սև կարապը» աշխատության առաջին մասը մի քանի տարի առաջ կարդալուց հետո ես ևս դարձա նրա տեսության, այսպես ասած, հետևորդներից մեկը: Այսպես ասած, քանի որ այն ոչինչ չի պարտադրում, այլ ընդամենը փորձում է մեկնաբանել կյանքում տեղի ունեցող առանձնահատուկ որևէ իրադարձության ընթացքը:
Վերադառնալով մեր թեմային, ասեմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո ես երբեք չեմ կորցրել լավատեսությունս: Ես վստահ եմ եղել, որ կապիտուլյանտ ու թշնամու կողմից անընդհատ ստորացվող, և միաժամանակ կեղծիքի ու սվինի, իմա՝ ոստիկանության, վրա հիմնված իշխանությունը երկար տևել չի կարող: Ինչը, ինչպես ասվեց, պատմության և պատմական տրամաբանության իմացության վրա հիմնված վստահություն է: Ու երբ անհաջողության էր մատնվում Նիկոլին պաշտոնից հեռացնելու հերթական շարժումը՝ հասկանում էի, որ կրկին չհայտնվեց այն կայծը, որից սովորաբար ծագում է մեծ հրդեհը: Թալեբի «Սև կարապը» աշխատությունն ամբողջացնում էր պատկերը. կայծը կարող էր ունենալ շարժման առաջնորդի տեսք, անձնազոհ երիտասարդների ոչ մեծ խմբի տեսք, իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ ավերող տարերային շարժման տեսք և այլն: Ի դեպ, ասեմ, որ Թալեբի անվանած «սև կարապ»-ի խորքային գաղափարն իր հայտնագործությունը չէ, բայց ինքն այն առանձնացրել, մշակել և հանձնել է ընթերցողների դատին: 

Իսկ խորքային գաղափարը հենց այն է, երբ սովորաբար ասվում է, որ անհնար է 100 տոկոս վստահությամբ ամեն ինչ հաշվարկել ու կանխատեսել։ Որպես օրինակ ներկայացնեմ տիպական մի իրադրություն. բանկ թալանելիս հանցագործների խումբը փորձում է հաշվարկել հաջողության (կամ տապալման՝ երևույթը հակառակ տեսանկյունից դիտարկելու դեպքում) հնարավոր բոլոր գործոնները: Այսինքն, փորձում է հաշվարկել գործողությանը նպաստող կամ խոչընդոտող բոլոր հանգամանքները: Դրա շնորհիվ խումբը կարող է մի քանի անգամ հաջողություն ունենալ, բայց հերթականի դեպքում, որը կդառնա վերջինը, տապալվել: Քանի որ վերջին գործողության ընթացքում կարող է ծագել այնպիսի հանգամանք, որ ամենահզոր համակարգչով գործողությունը մոդելավորելու դեպքում անգամ հնարավոր չէր կանխատեսել: Այդ հանգամանքն էլ հենց Թալեբի «սև կարապ»-ն է:

Բերեմ պատմական օրինակ. 1916-ին բոլշևիկյան առաջնորդ Լենինը հանգիստ ապրում էր Ցյուրիխում և իր զինակիցներին ասում, որ չի ապրի մինչև ռուսական հաջորդ հեղափոխությունը, քանի որ ստիպված է լինելու դեռ երկար սպասել։ Բայց նա կտրված չէր ռուսական իրականությունից, և նման կարծիքն այդ թվականին դժվար էր համարել չհիմնավորված: Հիշեցնեմ, որ ռուսական առաջին հեղափոխությունը տեղի էր ունեցել դրանից 10 տարի առաջ՝ 1905-1907 թվականներին և անհաջողության մատնվել: Բայց ի զարմանս Լենինի՝ 2017 թվականի փետրվարին Ռուսաստանում պայթեց երկրորդ հեղափոխությունը: Ինչի արդյունքում թագավոր Նիկոլայ Բ-ն հրաժարվեց գահից: Եվ Լենինը շտապ վերադարձավ Ռուսաստան: Իհարկե, ռուսական երկրորդ հեղափոխությունը պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնք վաղուց արձանագրված են պատմության դասագրքերում: Բայց բոլոր այդ գործոններն առկա էին առաջին համաշխարհային պատերազմի մասնակից՝ մայրցամաքային եվրոպական այլ երկրներում, իսկ հեղափոխությունը «որոշեց» կյանքի կոչվել Ռուսաստանում և այն էլ տարերայնորեն: Ինչ է դա՝ եթե ոչ Թալեբի նկարագրած «սև կարապ»-ի մեխանիզմի դրսևորում: 
Հ. Գ. Ինչպես երևում է, մեր դեպքում ևս պետք է հայտնվի թալեբյան «սև կարապ»-ը: Բայց ի տարբերություն «Գոդոյին սպասելիս» պիեսի՝ այն միշտ հայտնվում է և հայտնվում է ճիշտ ժամանակին: