Գյումրին՝ Հայաստանի մայրաքաղաքը

Գյումրին՝ Հայաստանի մայրաքաղաքը
Հայաստանի մայրաքաղաքը Գյումրին է եւ թող լինի ոչ պաշտոնական, ասենք՝ իրական, ավելին՝ ճշմարտանման մայրաքաղաքը, ուր ամեն քայլափոխի եղելություններն ու տեսարանները զուրկ են պաճուճանքներից, արհեստական հարդարանքներից, փաստերը վերջնականապես խեղող ձեւաչափերից:



Երեւանը (Երեւան ասելով՝ իհարկե, վերստին նկատի է առնվում Կենտրոն վարչական շրջանը) արդեն վաղուց մայրաքաղաք չէ, այլ ավելի շատ՝ քաղաք-պետություն, մի տեսակ քաղքենիական ավան, չարորակ ուռուցքի նման մարզերի ռեսուրսներն առեւանգող ու դրանց հաշվին գոյությունը քարշ տվող մուտանտ օրգանիզմ՝ բավականին վատ, նույնիսկ քայքայված առողջությամբ: Անգամ այս քաղաք-պետության Կենտրոն թաղամասի սահմաններից դուրս, ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մարդկային կեցության, երկրի իրական վիճակի ողջ համայնապատկերն ամբողջովին շրջվում է՝ համատարած չքավորություն, խեղճություն, անբնակելիություն, ծանր, ամայությունից սկիզբ առած ճնշող լռություն, եւ մարդիկ՝ տխուր, օրվա հոգսերի տակ ճզմված, գլխիկոր:



Վերադառնանք Գյումրիին՝ Հայաստանի մայրաքաղաքին, Հայաստանի վավերագրական ներկայությանը: Այստեղ ճշմարտությունը թաքցնելու, իրականությունը զանազան դեկորներով պլպլացնելու, մեղմելու ու մաշեցնելու դիտավորության իսպառ բացակայություն է… ոնց կա, հենց այդպիսին է՝ «Պետության երկրորդ քաղաքը», Վարպետաց փողոցի՝ վարպետաց շենքերի, իր բիրտ գեղեցկության, իր ավանդույթի հետքերի մասնակի պահպանման ու ծանր կյանքի, աղքատության, լքյալության, անհեռանկարության խիստ հակասույթի մեջ:



Երբ, շրջելով Գյումրիում, գիտակցությանդ մեջ անվերջ մեկտեղվում են ու գրեթե միշտ հակառակվում ներկայի ու ապագայի ծրագրերը․ «Գյումրին ոչ միայն Հայաստանի ամենահմայիչ ու ինքնատիպ քաղաքն է, այլեւ ապագայում կարող է այդպիսին լինել, եթե…»: Եթե աղքատությունը, սոցիալական ծայրահեղ ծանր վիճակը, մարդկային կյանքի բնականոն ընթացքի աղավաղումը մահվան դատավճռի չվերափոխվեին: Մարզերից հետո ծանր է անգամ Երեւանի կենտրոնով քայլելը՝ սրտխառնոցի, անավարտ բեմադրության, քայքայման ու զեղծարարության զգացում, որ կխաղաղվի միայն այն ժամանակ, երբ, ինչպես ասում են՝ դարձի գաս, այսինքն՝ վերադարձնես թաղանթներից ու դիմակներից զուրկ այն իրականությունը, որի մեջ սպանվում է թե՛ այսօրվա եւ թե՛ վաղվա հնարավորությունը:



Երեւանի կենտրոնն այս իշխանության անդրադարձումն է՝ սնամեջ քաղքենիություն, այլանդակ շինությունների շղթայական համաճարակ, «թանկարժեք կոստերի ու գալոների» բուրժուական խանութներ, ուտել-խմելու օբյեկտներից թնդացող տաշիտուշի ու տրաքտրաքոց: Տարիների ընթացքում այս պատկերը Հայաստանի իրականությունը կոծկելու հատուկ, անթափանց ծեփանյութի է վերածվել, աչքակապ, տեսախաբություն, որը կարող է բթացնել նույնիսկ ամենակենտրոնացած միտքը, եղելությունը:



Հայաստանի կենտրոնը պիտի Գյումրին լիներ:





**Արամ ՊԱՉՅԱՆ**